Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գլոբալ գոլդի» բիզնեսին աչք ունե՞ն

Հունիս 24,2006 00:00

Չնայած Վարդան Այվազյանի հորդորներին՝ ընկերությունը մտադիր է ոսկու եւ ուրանի փնտրտուքները շարունակել:

Արդեն մի քանի ամիս է՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը Հայաստանում հանքարդյունահանմամբ զբաղվող ամերիկյան «Գլոբալ գոլդ Մայնինգ» ընկերության հետեւից է ընկած եւ ամեն ջանք գործադրում է՝ «Գլոբալ գոլդի» գործունեությունը Հայաստանում անօրինական հանելու ու ոսկի հանքարդյունահանելուն խոչընդոտելու համար: Եվ այդ ամենն այն ժամանակ, երբ ընկերությունն ավելի քան 6 մլն դոլար ներդրել է, ուսումնասիրություններ է կատարել, ճշտել ոսկու պաշարները ու հիմա գրեթե մնում է «վայելել» եկամուտները: Իր վերջին ասուլիսում Վարդան Այվազյանը մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել ընկերության հասցեին՝ ասելով, որ նրանք Հայաստանում հետազոտություններ են կատարում՝ առանց նախարարության թույլտվության, այսինքն՝ ինքնագլուխ: Երեկ Տնտեսական լրագրողների ակումբը ընկերությանը հնարավորություն էր տվել պատասխանելու նախարարի մեղադրանքներին: Սակայն «Գլոբալ գոլդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը չցանկացավ մեկնաբանել նախարարի հայտարարությունները՝ պատճառաբանելով, որ ինքն այդ ասուլիսին չի եղել եւ չի կարող «առաջին ձեռքի զգացողությամբ պատասխանել»: Նա միայն ասաց, որ «Գլոբալ գոլդը» ուսումնասիրություններ կատարելու բոլոր թույլտվություններն ունի, իսկ նախարարի անհանգստությունը համարեց շատ նորմալ, քանի որ նա իր գործն է կատարել: «Առավոտի» հետ զրույցում պարոն Պողոսյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ կառավարությանը հակահարված չեն տալիս, քանի որ չեն ուզում «թարսվել» մեր իշխանությունների հետ. «Դա մեր գործը չէ, մենք զբաղվում ենք հանքարդյունաբերությամբ, ոչ թե պատասխաններ տալով: Մեր աշխատանքի հետ կապված խնդիրներ՝ իսկապես չկան»:

Ա. Պողոսյանը վստահեցրեց, որ իրենք միայն վնասով են աշխատում, քանի որ առայժմ ներդրումներ են կատարել, իսկ ոսկին հույս ունեն արդյունահանել այս տարի. «Եթե ոսկի չկա՝ չկա նաեւ եկամուտ, բայց մենք չենք բողոքում, հանքարդյունաբերության ոլորտում դա նորմալ է»: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ դուք արդեն վնասի փուլն ավարտել եք, մոտեցել է փող աշխատելու պահը, եւ նախարարությունն ուզում է ձեզ դուրս հրավիրել ու իր ուզած մարդուն բերել՝ փող աշխատելու, «Գլոբալ գոլդի» տնօրենը պատասխանեց. «Չենք կարծում: Մենք դեռ չենք ավարտել վնասի փուլը, ուսումնասիրություններից հետո դեռ պետք է հանքաքարի մշակման տեխնոլոգիան ստեղծվի, որն ավելի ծախսատար է»: Ի դեպ, հարկայինը նախօրեին է հրատարակել անցյալ տարի վնասով աշխատած մոտ 500 ընկերությունների ցանկը, որում «Գլոբալ գոլդն» ընդգրկված չէ: Քանի որ ցանկում 1 մլն դրամից ավելի հարկային վնասներ կրած ընկերություններն են, ուստի եթե նույնիսկ «Գլոբալ գոլդը» վնասով է աշխատում, այն 1 մլն դրամից քիչ է կազմում:

Յուրաքանչյուր ընկերություն ինչ-որ գործ նախատեսելուց, ինչ-որ օբյեկտ գնելուց առաջ նախ մանրամասնորեն հաշվարկում է՝ որքան շահույթ կարող է ստանալ, ապա նոր ներդրումներ է կատարում: Տվյալ դեպքում տրամաբանական է, որ «Գլոբալ գոլդն» էլ նախօրոք հաշվարկած լիներ՝ որքան շահույթ է ինքն ակնկալում այդ հանքից: Մինչդեռ պարոն Պողոսյանի խոսքերով՝. «մենք շահույթ չենք նախատեսել ստանալ, իսկ էն, ինչ կստանանք, կլինի մեր կատարած ծախսի մի մասի փոխհատուցում»:

Պարզվում է՝ «Գլոբալ գոլդը» դոլարի կուրսի անկումից բավական տուժել էր: «Հանքարդյունահանման աշխատողներն արտահանողներ են, իսկ դոլարի կուրսի իջեցումը արտահանման վրա իսկապես շատ է ազդել, մենք նկատել ենք ծախսերի ավելացում, քանի որ ներդրումները դոլարով են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել