Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադի՛ր են կոմերցիոն թատրոնները»

Հուլիս 04,2006 00:00

Օրերս «Առավոտում» լույս տեսած «2 միլիոնով Բրոդվեյ չենք ունենա» վերտառությամբ հոդվածին արձագանքեց թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ Լեւոն Մութաֆյանը:

Ըստ մասնագետի, սա լուրջ խոսակցության թեմա պիտի դառնա պետության կողմից հովանավորվող թատրոնների թվաքանակի հարցում, մանավանդ որ՝ այս խնդրում բացակայում են որոշ սկզբունքային մոտեցումներ: «1995թ., երբ ստեղծվեցին մարզային կառույցները, մշակույթի նախարարության «թեթեւ ձեռքով» օտարվեցին մարզային նշանակության այնպիսի թատրոններ, ինչպիսիք են Գավառի եւ Արտաշատի դրամատիկական, Գյումրիի եւ Վանաձորի պետական տիկնիկային թատրոնները, որոնք պետք է մնային նախարարության հովանու ներքո, քանզի այդ թատրոնների գործունեության ապահովումը պետք է համապետական խնդիր լիներ»,- նշեց պարոն Մութաֆյանը: Նա փաստեց, որ եթե հեշտությամբ քաղաքային ենթակայության անցավ Գորիսի պետական թատրոնը, ինչը գուցե ճիշտ քայլ էր, ապա վերոհիշյալ թատրոնների դեպքում նախարարությունը բացահայտ անտարբերություն դրսեւորեց՝ այսօր այդ թատրոններից երեքը գրեթե դատապարտված են չգոյության: Բարեբախտաբար, Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնը վերադարձավ նախարարության «հարկի տակ»՝ այսօր մասնակիորեն կարգավորելով իր ստեղծագործական գործունեությունը: «Նախարարությունը պետք է ոչ թե ձեւական մոտեցում հանդես բերեր թատրոններին, այլ մտահոգվեր կառավարման նոր ու առաջավոր ձեւերի կիրառման միավորումներ ձեւավորելու խնդրով՝ ստեղծելով կոմերցիոն, ոչ պետական թատրոնների համակարգ: Մինչդեռ, օրապակաս, տնտեսական եւ ստեղծագործական շահերի մեջ չտեղավորվող որոշումներով նախարարությունը առիթ տվեց, որ, օրինակ, Նոր Նորքի թաղապետարանը լուծարի եւ զբաղեցրած տարածքից վռնդի «Նորք» թատրոնին, Աշտարակի քաղաքապետարանը քմահաճորեն մերթ բացի ու մերթ էլ փակի թատրոնը, որ Էջմիածնի քաղաքապետարանը իր քմահաճույքների գերին դարձնի դրամատիկական թատրոնը, որ Գյումրիի քաղաքապետարանը մեծ ախորժակ ունենալով տիկնիկային թատրոնի շենքի հանդեպ, այսօր անտանելի դարձնի այդ թատրոնի վիճակը, որ Վանաձորի պետական տիկնիկայինը վերածվի ամայի տարածության…»,- հիշեց թատերագետը:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում նախարարության համակարգում կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն թատրոնների գոյությունը, պարոն Մութաֆյանը պատասխանեց. «Նախարարությունը պիտի հիմներ նման համակարգ, խրախուսելով ոչ պետական թատրոնների շարժումը, նրանց համար ստեղծելով որոշակի պայմաններ: Այն է՝ տեր կանգնելով սեփական դահլիճներին, մշակույթի տներին ու համերգասրահներին, վարձակալական չնչին գներով դրանք տրամադրել նմանատիպ թատրոններին, կազմակերպել այդ թատրոնների փառատոներ, մրցույթներ, սահմանել մրցանակ, օրինակ, տարվա ամենակոմերցիոն ներկայացումների համար, իսկ պետական թատրոններին ազատել հարկերից: Ընդ որում, այս պետական թատրոններին սպասարկելու համար անհրաժեշտ է ստեղծել թատերական պրոդյուսերական կենտրոն, լուծել հյուրախաղերի, փոխադարձ այցելությունների հարցերը»: Թատերագետը համոզված է, որ մշակույթի նախարարությանն առընթեր պետք է գործի հոգաբարձուների խորհուրդ, որի անդամները եւս օժտված լինեն հարկային արտոնություններով:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել