Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՎԵՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

Հուլիս 28,2006 00:00

«Այսօր
ծննդյանս օրն է: Ես՝ մի քանի ժամականս, ինչպե՞ս գրեմ՝ դեռ լեզուս չի թոթովում, ձեռքերս
չեն շարժվում, համոզված եմ, որ ինձ նվեր կանեք եւ գոնե մի ութ միավոր կնշանակեք»,-
դիմորդներից մեկը հայոց պատմություն առարկայի քննության ժամանակ այսպիսի նամակով
է դիմել հանձնաժողովին: Վերջինս, սակայն, նվերի հարցում ժլատություն է դրսեւորել:
Թերեւս այս դիմորդն ավելի հաջողակ լիներ ստեղծագործական մրցույթ քննության ժամանակ:
Իսկ այստեղ, ըստ առարկայական հանձնաժողովի նախագահ Արծրուն Ավագյանի, առաջնայինը
ստեղծագործական ինքնուրույնությունն ու կարողությունն է: Երեկ նա տեղեկացրեց, որ
առաջին քննությունից հետո միայն մեկ 16 է գրանցվել, որը եղել է ամենաբարձր գնահատականը:
Քննության վերնագիրը հուշում է, որ գնահատման դեպքում սուբյեկտիվ մոտեցում, ճաշակի,
աշխարհընկալման հարց կարող է առաջանալ: «Ոչ մի ոլորտում էլ յուղն ու մեղրը աշխարհն
ընկած հալալ չեն հոսում, առավել եւս՝ արվեստում: Այս տարի դեռ չենք հանդիպել այնպիսի
աշխատանք, որտեղ նյութը եւ սպառիչ, եւ հետաքրքիր, եւ ինքնուրույն, եւ ծավալին համապատասխան
շարադրված լինի: Հնարավոր է՝ տուրք տալով ստեղծագործական ունակություններին՝ ուղղագրական,
կետադրական խստագույն չափանիշներին հավելվի նաեւ այդ արժանիքը: Նույնիսկ մինչեւ երեք
բալով դա կարող է խրախուսվել»,- վստահեցրեց Ա. Ավագյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ
շարադրության թեմաները որեւէ կապ չունեն շտեմարանի հետ: «Ստեղծագործական մրցույթ
քննության արդյունքները երեկվա դրությամբ ցածր էին: Գերիշխում են՝ 8, 9,10 միավորները,
գրանցվել է 4 «15», 1 «16»: Թե ինչու «20» չեն ստանում, հետաքրքրում է նաեւ դիմորդների
ծնողներին: Նրանք սկսել են արդեն հետեւություններ անել. ««20» չեն նշանակում, քանի
որ երեխան չի կարող բացարձակ «20»-ի ստեղծագործող լինել»,- իր կարծիքն ասաց ծնող
Զոյա Աղաբաբյանը: Հայոց պատմություն առարկան եւս այն եզակիներից է, որտեղ
հազվադեպ է «20» միավոր գրանցվում: Այս տարի 5 «18.5»,13 «18» է գրանցվել, անբավարարների
թիվը կազմում է ներկայացած դիմորդների թվի 27-30%-ը: Ըստ առարկայական հանձնաժողովի
նախագահ Էդիկ Գեւորգյանի, այս արդյունքները շատ չեն տարբերվում նախորդ տարիներին
գրանցվածներից: Պահանջները եւս մնացել են նույնը: «Մենք բառացիորեն դասագիրքը անգիր
անելուն կտրականապես դեմ ենք, սակայն սա չի նշանակում, որ դիմորդը պիտի գեղարվեստորեն
մոտենա հարցին: Ի վերջո, սա հայոց պատմության եւ ոչ թե հայ գրականության քննություն
է: Առանց փաստերի, տրամաբանական ուսումնասիրության, ժամանակագրության զգացողության
ներկայացված աշխատանքները բարձր չեն գնահատվում»,- ասաց Էդիկ Գեւորգյանը: Եթե
նախկինում դիմորդներից այս քննության ժամանակ խստորեն պահանջել են մշակութային, քաղաքական
գործիչների ծննդյան-մահվան տարեթվերը, ապա այս տարի, ըստ Է. Գեւորգյանի, դրանք չնշելը
չի կարող ազդել դիմորդի գնահատականի վրա: Նա դժգոհ է նաեւ դիմորդների ընդհանուր զարգացածությունից.
«Եթե պահանջվեր Հայաստանի տեղը ցույց տալ քարտեզի վրա, նրանց մեծ մասը դժվարանալու
էր»: Թեմաներն «անգիր անելու» խնդիրն էլ դեռ չի լուծվել: Է. Գեւորգյանը պատմեց, որ
դիմորդները հաճախ աղեկտուր հայացքով խնդրում են հուշել տվյալ թեմայի առաջին նախադասությունը:
Պատճառը դպրոցական դասագրքերի ոչ լակոնիկ, ոչ որակյալ լինելն է: Առարկայական հանձնաժողովի
նախագահը նկատել է, որ հաճախ դիմորդները գալիս են քննության՝ ուղղակի դիմորդ կոչվելու
համար. «Չմոռանանք, որ այս քննությունը հանձնում են հասարակության մեջ բարձր հնչողություն
ունեցող ֆակուլտետներ դիմող դիմորդները: Երբեմն լուրջ չեն մոտենում քննությանը, ուղղակի
ուրիշ բանի վրա են հույս դնում»,- տեղեկացրեց Է. Գեւորգյանը: Նա չցանկացավ «աչքակապություն
անել» եւ խոստովանեց, որ բնականաբար ճնշումներ, խնդրանքներ լինում են. «Ուղղակի ինձ
համար կան խաղի ճիշտ կանոններ. իմացող դիմորդը պիտի ստանա իր գնահատականը»: Նա վստահեցրեց,
որ ոչ մի անարժան դիմորդ պետպատվերում չի հայտնվի: Դիմորդներից շատերը, հանձնաժողովի
նախագահի դիտարկմամբ, չեն սիրում մշակութային հարցեր, դարաշրջան, ժամանակաշրջան չեն
պատկերացնում: Հնագույն շրջանը դիմորդները լավ են սերտել, քանի որ այն հեքիաթի է
նմանվում: Խեղճանում են քրիստոնեության ընդունման թեմայից, բնաշխարհից, քանի որ պարապելու
ժամանակ կարծել են, թե իրենք արդեն դա գիտեն: Երբ գնահատականը 7-8-ի մեջ է տատանվում,
որոշումը դիմորդի օգտին է, քանի որ այս առարկայի գծով ընդունվուն են ֆակուլտետներ,
որտեղ պատմությունը մասնագիտական չէ, իսկ բավարարը կարող է լուրջ դերակատարում ունենալ:
Երկու դիմորդ այս տարի հեռացվել է քննությունից: Է. Գեւորգյանը պատմեց, որ
տղային սկզբում բանավոր նկատողություն են արել՝ արձանագրություն չկազմելով: Սակայն
դրանից հետո նա շարունակել է ծածկագրից օգտվել, ուստի հեռացվել է քննասենյակից: Նա
խնդրել է գոնե ծածկագիրը վերադարձնել, քանի որ լուրջ աշխատանք է կատարված եղել: Մի
ուրիշ աղջիկ էլ ծածկագրերը պահել է ներքնաշորերի մեջ: Նրանից վերցրել են ծածկագիրը,
եւ հանձնաժողովը որոշել է չգնահատել այն հարցը, որը գրվել էր ծածկագրի օգնությամբ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել