Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Օգոստոս 16,2006 00:00

«Բայց 37 թիվ չի լինելու»,- երեկ հայտարարեց Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը

Օրերս «Առավոտը» վկայակոչելով «Lragir.am»-ին՝ տեղեկացրեց, որ Հայաստանում ծավալվող հակակրիմինալ շարժումն ունենալու է նոր դրսեւորումներ: Շարժման նախաձեռնողները, որոնց անուններն աղբյուրը չէր մատնանշել, ստեղծելու են մի հանձնախումբ, որը քննելու է կրիմինալի վերաբերյալ շարժման հանձնախմբերի հավաքած բոլոր տվյալները, եւ ամեն մի «մոլորյալի» համար կայացնելու է իր որոշումը: Այսինքն՝ կրիմինալից որոշները գուցե ստանան հասարակական ներման հնարավորություն: Այնպես որ, կրիմինալի համար բավական շահեկան կլինի հակակրիմինալ կոմիտեի հետ գործակցելը, սեփական կենսագրության էջերը մաքուր սրտով ներկայացնելով կոմիտեին: Կոմիտեն, ի տարբերություն Հայ Առաքելական եկեղեցու, երաշխավորում է անհատական խոստովանության մեխանիզմը, ինչպես նաեւ խոստովանության գաղտնիությունը:

Հայաստանում նման՝ հակակրիմինալ շարժում նախաձեռնելու մասին մի պատեհ առիթով հայտարարել էր նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ցավոք, նա այս օրերին Հայաստանում չէ, ուստի մեզ չհաջողվեց պարզել, թե արդյոք այդ նախաձեռնությունն առնչություններ ունի՞ պարոն Կարապետյանի հետ, թե՞ ոչ: Փոխարենը օրերս «Կրիմինալ Հայաստան» թեմայով կլոր սեղանի ժամանակ նման մի գաղափար հնչեցրել էր նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Վերջինս մեր զրույցի ժամանակ ասաց, թե տեղյակ չէ՝ արդյոք «Lragir.am»-ի տարածած տեղեկության հիմքն ի՞ր խոսքերն են, բայց հաստատեց, որ ՀԴԿ-ն էլ նման նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություն ունի, եւ որ Հայաստանում ստեղծված կրիմինալ իրավիճակի դեմ պայքարելու շուրջ ՀԴԿ-ն ու էլի երեք կուսակցություններ արդեն խորհրդակցություններ են վարում: Թե հատկապես ո՞ր կուսակցություններն են դրանք՝ պարոն Սարգսյանն առայժմ չմասնավորեցրեց:

Նրա համոզմամբ, «այն ամենի հիմքում, ինչ կատարվում է Հայաստանում, սեփականության անօրինական բաշխումն է, այն նույն մարդիկ, ովքեր ժամանակին ջրի գնով սեփականություն են ձեռք բերել, հիմա նույն ձեւով սողոսկում են իշխանություն ու փորձում են բաժանել ե՛ւ սեփականությունը, ե՛ւ իշխանությունը: Կրիմինալ ասվածն այսօր այլ կերպ է բնութագրվում եւ ամենեւին էլ չի սահմանափակվում ժամանակին «ուգալովնիկ» կոչվածով: Այսօր կրիմինալն այն մարդիկ են, ովքեր կոռուպցիայով, կաշառակերությամբ են զբաղված, ովքեր անօրինական ճանապարհով սեփականություն են ձեռք բերել»:

Մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, ո՞րն է լինելու այդ դեպքում քաղաքական ուժերի խնդիրը, պարոն Սարգսյանն ասաց. «Միավորվել մեկ գաղափարի շուրջ՝ թույլ չտալ, որ այդ կրիմինոգեն իրավիճակը հասնի ընտրությունների, հակառակ դեպքում որեւէ քայլ ձեռնարկելն այլեւս ուշ կլինի: Այսինքն՝ ես հիմա էլ եմ պնդում, որ մինչեւ ընտրությունները պետք է այս կրիմինալ համակարգի ողնաշարը կոտրվի»: Ընդ որում, Ա. Սարգսյանի համոզմամբ, այդ գործին պետք է ներգրավվի նաեւ հասարակությունը. «Մենք պետք է կարողանանք ժողովրդին ոտքի կանգնեցնել ու առաջնորդել նրան՝ թույլ չտալով, որ նա կրկին հուսախաբ լինի»:

Ա. Սարգսյանը չհամաձայնեց մեր այն դիտարկման հետ, թե հասարակությունն ընտրությունների ժամանակ իր քվեների կեղծման, իր սոցիալական ծանր կացության դեմ փողոց դուրս չի գալիս, արդյոք նույն այդ հասարակությունը կընդվզի՞ երկրում կրիմինոգեն իրավիճակի դեմ այն աստիճանի, որ փողոց դուրս գա:

«Ժողովուրդը 2003-2004թթ.-երին վստահաբար ցույց տվեց, որ ինքը պատրաստ է գալ մեր ետեւից: Էդ արդեն այլ հարց է, թե մե՛նք ինչ արեցինք: Ես ժողովրդին չեմ մեղադրում: Գտնում եմ, որ այդ մե՛նք պետք է ճիշտ առաջնորդեինք ժողովրդին, ու այդ դեպքում ամեն ինչ կլիներ այնպես, ինչպես անհրաժեշտ է: Հիմա էլ եմ գտնում, որ եթե մենք ճիշտ ուղու վրա դնենք ժողովրդին ու կարողանանք նորից վստահություն ներշնչել, նա պատրաստ է գալ մեր ետեւից: Սա է միակ ձեւը»:

ՀԴԿ նախագահը հույս հայտնեց, որ առայժմ սահմանափակ թվով կուսակցությունների շրջանակում ընթացող խորհրդակցությունները մինչեւ սեպտեմբերի կեսերն արդեն գործնական բնույթ կստանան: «Մենք պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր բոլոր կուսակցությունների հետ, որոնք մտահոգված են այս իրավիճակով»,- հավաստիացրեց Ա. Սարգսյանը: Ինչ վերաբերում է «Lragir.am»-ի տարածած տեղեկատվության մեջ մատնանշված այն փաստին, թե ստեղծվելիք հակակրիմինալ շարժումն ինքնախոստովանության ու մեղքերի թողությանը, ներում ստանալու հնարավորություն է տալու կրիմինալին, ապա Ա. Սարգսյանը դա անհեթեթ համարեց. «Դա բացառվում է: Բացի այդ, քաղաքական ուժերը դատարանի գործառույթներ չունեն, իսկ նրանք, ովքեր հանցագործություններ ու անօրինականություններ են արել, պետք է պատասխան տան երկրի օրենքներով: Իհարկե, դա չի նշանակում, որ երկրում մի երկրորդ 37 թիվ պետք է լինի: Աստված չանի»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել