Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ջրմուղը աչք է դրել թանգարանի փողերի՞ն

Հոկտեմբեր 17,2006 00:00

\"\"«Երեւանջուր» ՓԲԸ Արաբկիր, Քանաքեռ, Զեյթուն մասնաճյուղը միշտ մի պատճառաբանություն գտնում է տուգանելու:

«Երեւի թե կարծում է՝ տուն-թանգարանի վերանորոգման եւ շինարարական աշխատանքների համար տրամադրած գումարները իրենց համար ենք բերում»,- ասում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:

Այնինչ, «Երեւանջուր» ՓԲԸ մասնաճյուղի «աչքը կուշտ» տնօրեն Գագիկ Մխիթարյանը պնդում է, որ իրենք գործում են օրենքի սահմաններում:

Երբ շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ եղավ վերանայել թանգարանի տարածքով անցնող ջրագծերը, պարզվեց, որ դրանցից 3-ը լրիվ քայքայված է: Դրանք փոխելու ընթացքում ջրաչափը կոտրվում է: Շինարարները տեղադրում են նոր ջրաչափ, եւ ահա նրանց այդ «համարձակությունն» էլ դառնում է այն մի կաթիլ մեղրը, որի շուրջ ստեղծված թանգարան-ջրմուղ վեճը շարունակվում է առայսօր, եւ դեռ ջրմուղի կողմից ակնկալվում է այն տեղափոխել դատարան: Առանց իրենց թույլտվության ջրաչափը տեղադրելու պատճառաբանությամբ ու «դեռ ստուգայցի ժամանակ կնիքը խախտված եւ պոկված է եղել», ջրմուղը 46,557 դրամի տուգանքի ակտ է կազմում, որն էլ թանգարանը մուծում է 1 ամիս առաջ: Կարճ ժամանակ անց ջրմուղը մեկ այլ պատրվակով ջրաչափը շենքի ներսից դուրս, իրենց մատնանշած տեղում՝ հորի մեջ, չտեղադրելու համար թանգարանին ուղարկում է 90.000 դրամ տուգանքի անդորրագիր:

«Ջրաչափն արդեն ձեռք ենք բերել, կարելի է տեղադրել, սակայն ձմռանը հորի մեջ այն կսառչի եւ կճաքի: Իսկ դա նրանց չի մտահոգում,- ասում է թանգարանի տնօրենը:- Ինչ է, ես ամեն տարի պետք է ջրաչափ փոխե՞մ: Նրանք մեզ վրա բարդում են մեկ այլ մեղք՝ ջրագծերից մեկը՝ հակահրդեհային գիծը, համարելով «լեւի»: Դրա համար էլ տուգանել են 90 հազար դրամ, չմուծելու դեպքում խոստացել են տուգանքը հասցնել 120.000-ի ու եթե դրանից էլ հրաժարվենք, ընդհանրապես կզրկեն ջրից: Ես ասում եմ՝ եկեք կնքեք այն ու եթե վթարի դեպքում խափանվի, հաշվեք, թե որքան ջուր ենք ծախսել, կմուծենք: Եթե ամբողջ օրն էլ ջրի ծորակները բաց թողնենք, այդքան գումար չի կազմի: Մենք տուն-թանգարան ենք փրկում, նրանց էլ թվում է, թե մեր փողերի ձեռքը կրակն ենք ընկել»:

Երբ փորձեցինք «Երեւանջուր» ՓԲԸ Արաբկիր, Քանաքեռ, Զեյթուն մասնաճյուղի տնօրեն Գագիկ Մխիթարյանի հետ պարզաբանել թանգարանի «լեւի» գծի եւ օրավուր աճող տուգանքների հարցը, պարզվեց հետեւյալը: «Ջրագծի վրա ջրաչափերը տեղադրված են այն հատվածներում, որոնք չեն ֆիքսում օգտագործված ողջ ջուրը: Շինարարական աշխատանքների ընթացքում թանգարան կատարած ստուգայցից պարզվեց, որ կոտրված ջրաչափից հետո 15 օր շարունակ ջուրն օգտագործվել է առանց ջրաչափի: Մեր հաշվարկով, օգտագործված ջրի միջին ծախսը կազմել է 90.000 դրամ: Նույնիսկ առաջարկել եմ վճարել 20.000 դրամը՝ մնացածը 1 տարվա ընթացքում մարելու պայմանով: Ջրաչափը հորում տեղադրելուց եւ կնքելուց հետո այլեւս խնդիրներ չէինք ունենա: Սակայն թանգարանի տնօրենը հրաժարվում է տուգանքը վճարել: Իսկ 10 օրվա ընթացքում տուգանքը չմարելու դեպքում, կառավարության որոշման համաձայն, դադարեցվում է ջրամատակարարումը: Ինչ վերաբերում է «լեւի» գծին, ապա ոչ մի ջրագիծ չպետք է դուրս մնա ջրաչափի «հսկողությունից»:

Թանգարանի տնօրենը հավաստեց, որ ջրաչափերը տեղադրվել են ըստ նախագծի, իսկ նախագծողները գտնում են, որ շինարարության մեջ գտնվող օբյեկտն, անշուշտ, թերություններ կունենա, որոնք կարելի է շտկել առանց տուգանքների:

Մնում է ենթադրել, որ ջրաչափեր տեղադրելուց հետո ջրմուղը, «զոռբաներից» հույսը կտրած, ձեռքը մեկնել է մշակութային օջախներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել