Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱՓՍՈՍ ԼՍԵՑԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Հոկտեմբեր 17,2006 00:00

\"\"Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը, ով հոկտեմբերի 7-ին Լաս Վեգասում հինգերորդ անգամ պաշտպանեց թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր գոտին, ուրբաթ ուշ գիշեր Լոնդոն-Երեւան չվերթով ժամանեց Հայաստան:

Վախթանգի հետ էր նաեւ այս ընթացքում մշտապես նրա կողքին գտնվող օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Յուրի Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայանում օրվա հերոսին դիմավորեցին նրա հարազատները, ընկերները, երկրպագուները, մի քանի լրատվամիջոցներ: «Առավոտը», թեեւ դիմավորողների մեջ էր, բայց հաջորդ օրը առանձին հանդիպեց Վիկին ու ստացավ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը:

– Դու միշտ մարտի ես հրավիրում քո քաշային կարգում մյուս վարկածներով չեմպիոններին, բայց, որպես կանոն, մերժվում ես: Դոների հետ մենամարտն ինչպե՞ս ստացվեց:

– Երբ այս տարվա մարտի 23-ին ես ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի մեկ այլ ֆիլիպինցու՝ Դիասոդա Գաբիին, Գլեն Դոները դահլիճում էր ու ռինգի անկյունից հետեւում էր այդ մարտին: Դրանից հետո նա ինձ ձեռնոց նետեց՝ հայտարարելով, որ ցանկանում է վրեժ լուծել իր հայրենակցի ու ընկերոջ՝ նոկաուտով պարտության դիմաց ու անպայման կհաղթի՝ իմ ձախ ձեռքի հարվածներից հաջող պաշտպանվելով: Ես էլ պատասխանեցի, որ եթե նման մենամարտ կայանա, Դոներին կտապալեմ ռինգի հենց նույն անկյունում ու… աջ ձեռքով: Չորրորդ ռաունդում նա նոկդաուն ընկավ հենց իմ աջ ձեռքի հարվածի շնորհիվ, իսկ վեցերորդում ծնոտը կոտրվեց կրկին աջից ստացած հարվածից:

– Երբ ձեր անձնական դիմակայության ժամանակ Դոները հրաժարվեց մարտը վարելուց ու ի նշան հաղթանակի՝ բարձրացրին քո ձեռքը, դեմքիդ դժգոհության արտահայտություն կար:

– Այո: Որովհետեւ խոստացած նոկաուտին բանը չհասավ, թեեւ միշտ չէ, որ ռինգում ճիշտ հարվածով բռնցքամարտիկի ծնոտ է կոտրվում: Իսկ դժգոհությանս պատճառը հետեւյալն էր. ամբողջ աշխարհը տեսավ, որ գրանցվեց տեխնիկական հաղթանակ, բայց ոչ տեխնիկական նոկաուտով:

– Ինչո՞ւ:

– Դոները մեր քաշային կարգում լավագույններից մեկն է, ինձ հետ մենամարտողներից, իրոք, ամենաուժեղը: Թող մեծամտություն չթվա, բայց նա էլ ինձ լուրջ մրցակից չէր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը շոու է: Ես Դոներին կարող էի ռինգում «փռել» արդեն երկրորդ ռաունդում: Բայց մարտը հեռարձակող հեռուստաընկերությունները ինձ նախապես խնդրել էին, որ եթե անգամ զգամ, որ բացահայտ ուժեղ եմ, պայքարը հնարավորին չափ երկարաձգեմ: Խնդրանքը կատարեցի, բայց ստացվեց, որ իմ հաշվին: Հիմա զղջում եմ:

– Այսինքն՝ մրցակցի ծնոտը կոտրելը ձախողո՞ւմ ես համարում:

– Նման բան չէի բացառում, բայց նաեւ նման ավարտ էլ չէի ենթադրում: Ես նոկաուտ էի խոստացել: Հիմա եմ մտածում, որ չպետք է լսեի շոուի կազմակերպիչներին: Ավելի ճիշտ կլիներ առաջին իսկ հնարավորության դեպքում Դոների հետ հարցերը իմ ուզած ձեւով լուծեի:

– Մրցավարները գրանցեցին քո հերթական հաղթանակը: Ի՞նչը չի բավարարել քեզ:

– Մինչ այդ ես պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 26 մենամարտերն էլ շահել եմ, որոնցից 21-ը՝ նոկաուտով: Սա իմ հերթական նոկաուտով հաղթանակն էր: Բայց քանի որ Գլեն Դոներն ավելի ցածր քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալու հեռանկար ունի, ռեֆերին, որ բավականին փորձառու մրցավար է, տեղի տալով Գլենի ու նրա մարզչի հայտարարությանը՝ իբր թե հարվածը հասցրել եմ գլխով, տեխնիկական նոկաուտ արձանագրելու համարձակություն չունեցավ: Եթե նա պահը չէր նկատել, լրիվ իրավունք ուներ մրցակցի բանակի՝ մարտը շարունակելուց հրաժարվելու դեպքում դադար խնդրել եւ տեսագրությունը նայելուց հետո միայն վճիռ կայացնել: Մի բան, որը նա չկատարեց: Մենք մեր բողոքը տեսագրությունների հետ միասին պաշտոնապես ներկայացրել ենք համապատասխան ատյաններին՝ պահանջելով միավորներով տեխնիկական հաղթանակը վերաորակավորել տեխնիկական նոկաուտի: Իմ՝ Հայաստան գալուց առաջ իրավասու անձինք վստահեցնում էին, որ մեր պահանջը միանգամայն հիմնավորված է, ու մոտ օրերս այդ մասին պաշտոնապես կհայտարարվի: Եթե դա կատարվի, ռեֆերին կորակազրկվի:

– «Զվարթնոցում» կանաչ մի գոտի էլ տեսանք, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի:

– Դա եզակի արժեք ունեցող գոտի է: Այն, ինչպես նաեւ բոլոր վարկածներով չեմպիոնական գոտիները, պատրաստում է հայազգի Արմեն (ազգանունն այս պահին չեմ հիշում, թեեւ նրա հետ մտերմացել ենք) անունով մի հրաշալի անձնավորություն: Այդ գոտին պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ շնորհվել է ընդամենը վեց հոգու՝ Մայք Թայսոնի, Լենոքս Լյուիսի կարգի բռնցքամարտիկների, ովքեր պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ ոչ միայն լավագույնը, այլեւ եզակի երեւույթ են եղել: Ես յոթերորդն եմ: Ու դա ինձ համար անասելի թանկ պարգեւ է: Առավել եւս, որ բացառության կարգով գոտու վրա փողփողում է մեր Եռագույնը:

Հ. Գ. Ամեն օր չէ, որ Հայաստանը աշխարհի չեմպիոն է տալիս: Առավել եւս՝ պրոֆեսիոնալների մեջ, այն էլ՝ անընդմեջ հինգերորդ անգամ: Վախթանգ Դարչինյանն այդ եզակիներից է: Վիկի՝ «Կատաղի ցուլի» հետ զրույցի շարունակությունը՝ «Առավոտի» հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել