Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱԽՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՎԱԶԴԵԼ

Հոկտեմբեր 25,2006 00:00

Քաղաքապետարանը չի տուգանում թաղապետարաններին՝ պատճառաբանելով, որ վերջիններիս բյուջեն խղճուկ է:

Ըստ «Գովազդի մասին» օրենքում կատարած փոփոխությունների, հոկտեմբերի 1-ից արդեն Հայաստանում արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը: Այն համայնքները, ովքեր կխախտեն օրենքը, պետք է քաղաքապետարանի կողմից տուգանվեն նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Եթե քաղաքապետարանի արտաքին ձեւավորման բաժինը, որը լիազորված է վերահսկելու արտաքին գովազդի հետ կապված խնդիրները, բարեխղճորեն կատարեր իր պարտականությունները, այսօր արդեն մեր բոլոր համայնքները սնանկացած կլինեին, որովհետեւ նրանք բազմիցս խախտել են օրենքի այդ կետը: Մոտ 20 օր առաջ, երբ օրենքում կատարված փոփոխությունները դեռ նոր էին մտել ուժի մեջ, թաղապետարաններից մեզ վստահեցրին, որ հոկտեմբերի 6-ին արդեն որեւէ ծխախոտի գովազդ համայնքում չի լինի: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի առեւտրի բաժնի պետ Արայիկ Սարգսյանը հավաստիացրել էր, որ իրենց համայնքում ծխախոտը գովազդող ընդամենը 3 վահանակ կա. «Վաղն արդեն մեր տերիտորիայում ոչ մի հատ չեք տեսնի, երկու օր առաջ եմ կարգադրել, որ դրանք վերացնեն» («Առավոտ», հոկտեմբերի 5): Սակայն «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունները վերաբերում են ոչ միայն մեծ վահանակներին, ինչպես պատկերացնում են համայնքապետարաններում, այլ ընդհանրապես արտաքին գովազդին՝ լինեն դրանք պլակատներ, ազդագրեր, հայտարարություններ, լուսատախտակներ կամ որեւէ այլ միջոցներ: Իսկ նման գովազդներ այսօր այդ համայնքում անհաշվելի են:

Ամբողջ մայրաքաղաքում ամեն երկրորդ էլեկտրասյան վրա փակցված են «Slim»-ի «Crystal»-ի եւ «MM»-ի գովազդները, համարյա թե բոլոր կրպակների ցուցափեղկերին կարելի է տեսնել «Goluaz»-ի ու «Davidoff»-ի պաստառները՝ չհաշված, որ փողոցների պատերը պարզապես ողողված են ծխախոտների ամենատարբեր ապրանքանիշերով ու գովազդային ցուցանակներով: Որպեսզի օրենքը չխախտեին, համայնքապետարաններն այս տարվա սկզբից պետք է սկսեին դրանք մաքրել փողոցներից, որ հասցնեին մինչեւ հոկտեմբերի 1-ը: Հասկանալի է, որ դա մեկ-երկու օրվա գործ չէ, բայց այսօր արդեն հոկտեմբերի 25-ն է, եւ փաստն այն է, որ ո՛չ համայնքները, ո՛չ էլ քաղաքապետարանն իրենց գործը չեն արել:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ քաղաքապետարանի արտաքին ձեւավորման բաժնի աշխատակից Արայիկ Խաչատրյանը թաղապետարանների նկատմամբ որեւէ պատժամիջոց չկիրառելու իրենց անգործությունը արդարացնում էր այսպես. «Ընդամենը մի քանի օր է անցել, իսկ մեկ-երկու օր ուշացնելը եսիմինչ ժամկետ չի, որ մենք դնենք ու նրանց նեղենք» (մեր նույն հրապարակումը): Մինչդեռ արդեն 25 օր է՝ օրենքը խախտված է, եւ քաղաքապետարանի համար «եսիմինչ» ժամկետը դեռ չի եկել:

Հասկանալի է, որ համայնքների բյուջեն սուղ է, եւ վերահսկողը չի ուզում նրանց ֆինանսական վատ դրության մեջ դնել, բայց գովազդների հարցում քաղաքապետարանի «գթասրտությունն» արդեն բոլոր սահմաններն անցնում է: Մեկ տարուց ավելի է, ինչ մայրաքաղաքում համայնքապետի եւ ավագանու ընտրություններն ավարտվել են: Սա Ընտրական օրենսգրքի (ԸՕ) խախտում է, բայց քաղաքապետարանը չի պատրաստվում որեւէ համայնքի տուգանել: Օրինակ՝ Շենգավիթի համայնքի ավագանու «անարատ» թեկնածու Խաչատուր Միրզոյանի քարոզչական ստեղծագործություններն այսօր էլ առկա են համայնքի մի շարք փողոցներում: Պաստառներում 3 դիրքով նկարված թեկնածուն «ռաբիս» ու անհեթեթ բանաստեղծություն է տպագրել՝ նախօրոք պաստառի վրա նշելով, որ սերում է մանկավարժների ընտանիքից. «Ես եմ, դու ես քվեաթերթը, եւ մեզ սպասող քվեատուփը, ուրեմն եկ ընտրենք ԵՍ-ին, հույս, անարատ Խաչատուրին»:

Բացի այդ, այս պաստառը կրկնակի է խախտում ԸՕ-ն, քանի որ այնտեղ նշված չեն պաստառը հրատարակող ընկերության անունն ու տպաքանակը, ինչի համար արդեն պարտավոր էր պատժամիջոցներ ձեռնարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել