Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«27»-ից առաջ եւ հետո

Հոկտեմբեր 30,2006 00:00

Ռուսաստանցի վերլուծաբանը գնահատում է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հետեւանքները

«Հայաստանը թավշյա հեղափոխության շեմին. «արդյոք թավշյա հեղափոխությունը կհանգեցնի՞ իրական առողջացման, թե՞ կդառնա վերնախավի հերթական փոփոխություն» վերտառությամբ Գագիկ Սարգսյանի վերլուծական հոդվածում, որը տպագրել է «կՏսՌՑՌփպրՍՌռ ՍսՈրր» հեղինակավոր ամսագիրը դեռ սեպտեմբերի 29-ին, անդրադարձ կա նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության շարժառիթներին ու դրա հետեւանքներին: Վերլուծաբանը 1998 թվականը հայկական նորագույն պատմության նոր փուլ գնահատելով՝ գրում է. «Քոչարյանը բարձրագույն իշխանության գլուխ անցավ կուռ թիմով, որը թվում էր՝ միատարր ու կենսունակ է: Առանցքային դերակատարներն այստեղ ազգանվանակիցներ էին՝ պաշտպանության նախարար ու ազատամարտիկների գաղափարական առաջնորդ Վազգեն Սարգսյանը (արդյունքում վարչապետ) եւ ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը: Սակայն շուտով իշխանությունը ճաքեր տվեց: Հավանաբար, Քոչարյանը չցանկացավ իշխանությունը կիսել իր զինակիցների հետ (պայմանավորված նորմերից ավելին), որոնց հավակնությունները, ճիշտն ասած, չափազանց էին: Այդ հանգամանքը նախագահի եւ պաշտպանության նախարարի միջեւ թաքնված կոնֆլիկտ առաջացրեց: Վազգեն Սարգսյանը դաշնակցեց Դեմիրճյանի կողմից նորաստեղծ կուսակցության հետ. մի մարդու, ում նա անձամբ մեկ տարի առաջ թույլ չտվեց հասնել նախագահի վաստակած աթոռին: Տիրապետելով ռազմական ողջ իշխանությանը՝ Սարգսյանը այժմ նաեւ ժողովրդի աջակցության կարիքն ուներ, որը նա կարող էր ձեռք բերել միայն իրական ժողովրդական առաջնորդի հետ դաշինք կազմելով, որպիսին էր Դեմիրճյանը: Քոչարյանը չէր կարող ոչինչ անել այդ հզոր ալյանսին դիմագրավելու համար եւ հարկադրված էր մնալ դիտորդի կարգավիճակում՝ դարձյալ իրական իշխանություն չունեցող Սերժ Սարգսյանի հետ բնական դաշնակցի կարգավիճակում:

1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվեց խորհրդարանական մեծամասնության կառավարություն: Վարչապետ դարձավ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ նոր կառավարությունը գրեթե ամբողջովին դուրս բերվեց նախագահական վերահսկողությունից ու ազդեցությունից: Սերժ Սարգսյանին թողնվեց միայն ազգային անվտանգության նախարարությունը, իսկ ՆԳՆ-ն տրվեց Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատը ներկայացնող մեկին:

Մայիսից մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Քոչարյանն իրենից ներկայացնում էր եվրոպական սահմանադրական միապետի նման ինչ-որ բան. զբաղվում էր հիմնականում կառավարության ներկայացրած նախագծերի ստորագրմամբ, այցելություններ էր կատարում արտերկիր: Մի խոսքով, կատարում էր պետության ղեկավարի դեկորատիվ գործառույթներ: Սակայն հոկտեմբերի 27-ի հայտնի իրադարձությունները արմատապես փոխեցին երկրում եղած ուժերի հարաբերակցությունը: 30 վայրկյանի ընթացքում նախագահը միանգամից զրկվեց իր վեց ընդդիմախոսներից:

Բայց կատարյալ երջանկությունը դեռ հեռու էր, ավելի ստույգ՝ ամբողջ վեց ամսով: Ահաբեկչական ակտից հետո Քոչարյանը հայտնվեց ամենաաննախանձելի վիճակում. գլխատված երկրապահները ստիպեցին նախագահին վարչապետ նշանակել զոհված Վազգեն Սարգսյանի եղբորը, իսկ նոր կառավարությունը, որտեղ տեղ չգտնվեց Քոչարյանի համար երկրում միակ դաշնակից Սերժ Սարգսյանի համար, վհուկների որս սկսեց եւ աննախադեպ կերպով արհամարհեց պետության ղեկավարին:

Բնականաբար, ուժեղ անհատականությունը չի կարող համակերպվել իրերի այդպիսի դասավորության հետ, եւ 2000թ. մայիսին Քոչարյանին հաջողվեց ինչ-որ կերպ ամրապնդել իր դիրքերը՝ օգտագործելով իշխանության լեգալ եւ ստվերային լծակները, ինչպես նաեւ, ի դեպ, Մոսկվայի ռեալ աջակցությունը: Այժմ նա արդեն կարող էր լուծարել կառավարությունը եւ ազատել ձեռքերը: Կառավարության ղեկավարի պաշտոնը նա խորհրդանշական ձեւով տվեց Հանրապետական կուսակցության առաջնորդին՝ դրանով պառակտելով երկրում իր ընդդիմախոսներին: Պաշտպանության նախարար նշանակեց Սերժ Սարգսյանին: Տվյալ նշանակումը դարձավ Քոչարյանի անձնական անվտանգության լավագույն երաշխիքը: Իսկ ՆԳՆ-ի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների պաշտոններում նշանակեց այդ գերատեսչությունների ապաքաղաքական սպաների, որոնց վարժեցնելը ոչ մի ջանք չէր պահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել