Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՈՒՏՈՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՍՈՒ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ»

Հոկտեմբեր 31,2006 00:00

\"\"Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մի շարք այլ հ/կ-ների հետ համատեղ օրերս Ծաղկաձորում կազմակերպել էր 2-օրյա հանդիպում Տավուշի, Գեղարքունիքի մի շարք համայնքների, ինչպես նաեւ Երեւանի ներկայացուցիչների հետ: Միջոցառումն անցկացվում էր «Քաղաքացիական հասարակության ցանց» ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում տարբեր մասնագետներ (արվեստաբաններ, իրավաբաններ եւ այլք) ներկայացրին Հայաստանի զարգացման 2007-2012թթ. կարեւոր ուղղությունները, հիմնական շեշտը դնելով ՀՀ փոքր քաղաքների բարգավաճման վրա: Ըստ մասնակիցների, փոքր քաղաքների, գյուղերի զարգացմանը կարող է նպաստել հատկապես արվեստը, բացի այդ, այն կարող է հանդիսանալ նաեւ տարբեր համայնքների համագործակցության առիթ:

Հանդիպմանը մասնակից Բերդ, Վերին Կարմիր աղբյուր, Ճամբարակ, Վահան, Դիլիջան, Հաղարծին համայնքների ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մոտ երաժշտական, պարի, նկարչական, թատերական եւ այլ խմբակները գործում են համայնքների ընդամենը մի քանի անդամների հոգատարության ու ջանասիրության շնորհիվ, «իսկ գյուղապետարաններն ու քաղաքապետարաններն այսօր չեն կարող դրանք պահել»: Օրինակ, Ճամբարակի գեղարվեստի դպրոցի տնօրեն Իրինա Աթաբեկյանն ասաց, որ ուսուցիչները պարզապես հերոսական աշխատանք են տանում. «Մենք որեւէ օգնություն չենք կարող ակնկալել ո՛չ ՀՀ կառավարությունից, ո՛չ մշակույթի կամ կրթության նախարարություններից, ո՛չ մեր մարզպետարանից կամ քաղաքապետարանից, բոլորն ասում են, որ աջակցելու հնարավորություն չունեն: Մենք պարզապես շնչահեղձ ենք լինում, չգիտենք ինչպես հոգալ հոգսերը, ինչ է` պետք է փակվե՞ն բոլոր նմանատիպ դպրոցները: Հավանաբար, շուտով մշակույթը հասու կլինի միայն Երեւանի երեխաներին»:

Բանախոսներից արվեստաբան Սուսաննա Գուլամիրյանն էլ ավելացրեց, որ Երեւանում էլ հատուկ ուշադրություն չի դարձվում արվեստին. «Մեր կառավարությունը ընդամենը փող է տրամադրում միայն իր կողմից սիրված, ընդունված ու հասկանալի արվեստի ճյուղերին: Տարբեր առիթներով էլ արտերկրում ներկայացվում է միայն հայկական ավանդական արվեստը՝ անտեսելով ժամանակակիցը: Մեր կառավարությունը խորհրդային ռեգլամենտային մտածողությամբ է գումար հատկացնում»:

Հաղարծնի դպրոցի թատերախմբի ղեկավար Լուսինե Մանուկյանն էլ պատմեց, որ խումբը ստեղծվել է ծնողների աջակցությամբ, իսկ հիմա արդեն ինքնուրույն են հոգում բոլոր ծախսերը. «Օրինակ, վաճառում ենք մեր ներկայացումների տոմսերը ընդամենը 200 դրամով եւ երբեմն էլ անշլագ է լինում: Մեզ դիտելու են գալիս նաեւ հարակից գյուղերի դպրոցականները: Իսկ վաճառված տոմսերի գումարով արդեն կարողացել ենք մեր փոքրիկ դերասաններին Երեւան բերել պրոֆեսիոնալ թատրոն դիտելու: Արդեն կարողանում ենք գնել մեր ներկայացումներին անհրաժեշտ ռեկվիզիտներ ու դեկորներ: Շուտով նոյեմբերի 8-ին մեր թատերախումբը հյուրախաղերի կմեկնի Ճամբարակ»:

«Առավոտը» պարզեց, որ Վերին Կարմիր աղբյուրում էլ մշակույթի առումով հույսները միայն կառավարության վրա չեն դնում: Այստեղ գործում են տարբեր գեղարվեստական խմբակներ, բացի այդ, ինչպես տեղեկացրեց գյուղապետ Գեւորգ Չոբանյանը. «Արտերկրում աշխատող մեր տղաների միջոցով գյուղում ստեղծել ենք փոքրիկ ֆուտբոլային խմբակ, բայց, ցավոք, երեխաները չեն կարողանում մասնակցել գոնե միջհամայնքային մրցումներին` հասկանալի պատճառով: Մենք էլ վաղուց այլ ելք ենք գտել: Ամեն տարի անցկացնում ենք միջտոհմային մրցումներ: Բացի այդ, երիտասարդների, ինչպես նաեւ դպրոցականների համար մի փոքր զբաղմունք ստեղծելու նպատակով նախկին կինոդիտման սրահը այժմ սպորտսրահ ենք դարձնում: Իսկ կինոն կարող են իրենց տանն էլ դիտել»:

Բոլոր համայնքների ներկայացուցիչները բողոքեցին, որ երիտասարդության համար իրենց մոտ գրեթե հետաքրքրություն չկա. «Դրա համար էլ Երեւան սովորելու եկող երեխաներից շատ քչերն են վերադառնում»: Նրանք պատմում էին, որ երբեմն իրենց համայնքներում թեեւ համերգներ կազմակերպվում են, բայց գալիս են «անկապ դեմքեր, որոնց՝ համոզված ենք, Երեւանում էլ չեն ճանաչում»:

Ընդհանրացնելով երկօրյա հանդիպումը, Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնի նախագահ Գայանե Մարկոսյանը տեղին նկատեց, ինչ-որ տեղ հորդորելով մարզերի բնակչությանը, որ վերջիններս մինչ այսօր պարզապես չգիտեն իրենց իրավունքները, այդ պատճառով չեն էլ կարողանում հետամուտ լինել դրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել