Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՐԴՈՒՍՑԻՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ

Նոյեմբեր 10,2006 00:00

\"\"«Եթե այս թաղամասն էլ իրացվի՝ արյուն կթափվի»,- զգուշացնում են նրանք

Երեկ ԱԺ-ում քվեարկության էր դրվել «Հասարակության եւ պետական կարիքների համար» օրինագիծը, ուստի առավոտյան ժամը 11-ից Ֆիրդուսի թաղամասի եւ Բուզանդի փողոցի բնակիչներն ԱԺ-ի մոտ ցույցի էին ելել՝ պահանջելով օրինագիծը դնել հասարակական լայն քննարկման:

Բուզանդի, Հյուսիսային պողոտայի, Կոզեռնի դեպքերից հետո ֆիրդուսցիների աչքն այնքան է վախեցել, որ վերջիններս հիմիկվանից արդեն ինքնասպանություն գործելու, հայրենիքից գաղթելու եւ այլ ծայրահեղ միջոցների դիմելու պլաններ են մշակել:

Մոտ մեկ շաբաթ առաջ Ֆիրդուսիի բնակիչներին են այցելել անգլիական «Սիթի զենդ» կազմակերպության ներկայացուցիչներն ու գուժել, թե «ֆիրդուսնոցն» արդեն իրենցն է եւ պետք է ազատեն տարածքը: Տարածքի նոր «գնորդները» նույնիսկ ձեւակերպված պայմանագրեր են ունեցել եւ բնակիչներին փորձել են համոզել, որ այն ստորագրեն: «Երկու ջահել տղերք էին, ինձ ասում էին՝ պայմանագիրը ստորագրի ու հենց հիմա տնիցդ դուրս արի, նույնիսկ արդեն որոշել էին, թե ես որտեղ պետք է ապրեմ, ասում էին՝ գինու գործարանի մոտ նոր շենք է կառուցվում, երբ այն պատրաստ լինի՝ ինձ նոր բնակարան կտան, իսկ մինչեւ կառուցվելն էլ առաջարկում էին վարձով տուն վերցնեմ, վարձն էլ պատրաստ էին իրենք փակել»,- «Առավոտին» պատմեց թաղամասի բնակիչ Արայիկ Կիլիկյանը:

Ֆիրդուսցիները ներկայումս սգի մեջ են եւ ամեն օր ահը սրտներում սպասում են բուլդոզերների: Բացի այն, որ թաղամասի բնակիչները կմնան անտուն եւ հնարավոր է՝ հայտնվեն փողոցում, «Ֆիրդուսի» տոնավաճառի փակումն էլ լուրջ սոցիալական խնդիրներ կառաջացնի: Ներկայումս տոնավաճառը հարյուրավոր մարդկանց համար եկամտի միակ աղբյուրն է, եւ այն փակվելու դեպքում շատերը կզրկվեն օրվա հացից: Տաղավարատերերից բացի, Ֆիրդուսի իրացումից կտուժեն նաեւ բեռնակիրներն ու շրջիկ վաճառականները, որոնք ոչ մի փոխհատուցում, բնականաբար, չեն ստանա: Ալվարդ տատիկը «Ֆիրդուսի» շուկայում ամեն օր տաք սուրճ է վաճառում: Նրա խոսքերով՝ «վատից-լավից օրը 1000-1500 դրամ ստանում եմ, որովհետեւ ձեռքի հետ էլ բեռ եմ կրում, տաղավարներին պահակություն եմ անում, եթե շուկան փակվի՝ ես սովից կմեռնեմ, ինձ ոչ ոք աշխատանքի չի ընդունի, նույնիսկ հավաքարարի համար 20-25 տարեկան աղջիկների են ուզում»:

Ինչ վերաբերում է թաղամասի բնակիչներին, նրանք բոլորը հավաստիացնում էին, որ իրենց տները «պապական» են եւ չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ: Բնակիչ Սուսաննա Կիրակոսյանի խոսքերով՝ «Մեզ ուզում են բոմժ դարձնել, վամպիրներ են, մեր միսը կերել են, ամեն ինչ անում են, որ թողնենք-գնանք Թուրքիա, բայց մեկ է՝ ես իմ տնից դուրս չեմ գալու, թող տրակտորը վրայովս անցնի. ինչ պիտի փողոցում մեռնեմ՝ հենա իմ տանը կմեռնեմ»:

Ֆիրդուսիում գտնվող Գալաջյանների տունը, նրանց ներկայացմամբ՝ նույնպես պապենական է: Այնտեղ բնակվում են 9 հոգով: Տանտերը՝ Հարություն Գալաջյանը, 4 երեխա ունի, որից երկուսը՝ անչափահաս: Նրանք նույնպես կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առջեւ: Երեկ Հարությունը ցույց էր տալիս իր բակում տնկած վարդի թփերն ու ասում, որ այդ վարդերի փոխարեն սպորտդահլիճ են ուզում կառուցել. «Կամ ես իրենց կմորթեմ, կամ իրենք՝ ինձ, բայց իմ տնից ոչ մի դեպքում դուրս չեմ գա»,- վստահեցնում էր նա:

Եթե Բուզանդի բնակիչները փորձված չէին եւ ԾԻԳ-ի խոստումներին հավատալով՝ փոխհատուցման պայմանագրերը ստորագրեցին, ապա ֆիրդուսցիներին Բուզանդի օրինակը դաս է եղել, եւ նրանք կհամաձայնեն իրենց բնակարաններից դուրս գալ միայն այն դեպքում, երբ իրենց աչքով կտեսնեն համարժեք փոխհատուցմամբ եւ իրենց նախընտրած վայրում հատկացվելիք բնակարանն ու սեփականության վկայականը՝ իրենց անունով: Ֆիրդուսցի Արթուր Աթանեսյանը իրացման գոտու տուժածներից մեկի պատմությունը հիշեցրեց, ըստ որի՝ «տանտիրոջը ասել են, որ այսինչ շենքի իններորդ հարկում տուն են տալու, հետո գնացել-տեսել են, որ տվյալ շենքը յոթհարկանի է»: Ըստ ֆիրդուսցիների, իրենց հետ նման կերպ չեն կարող վարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել