Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ՝ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՎ ԱՆՓՈՓՈԽ

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"ԱՄՆ-ում կայացած ընտրությունների հնարավոր հետեւանքները

ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններում դեմոկրատները համոզիչ հաղթանակ տարան. նրանք 435 հոգանոց կոնգրեսում 221 տեղ ստացան, 100 հոգանոց սենատում՝ 51, եւ ԱՄՆ 50 նահանգներից 28-ում նահանգապետ դարձան: Այդ ընտրությունների հնարավոր հետեւանքները մեր խնդիրների տեսակետից մանրամասնորեն վերլուծվել են հայկական մամուլում: ՀՀ իշխանությունը (առաջին հերթին՝ Դաշնակցությունը) հույս ունի, որ կոնգրեսը, որտեղ շատացել են հայամետ պատգամավորները, վերջապես կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ: Իսկ ընդդիմությունը հեռավոր հույսեր է փայփայում, որ դեմոկրատական մեծամասնությունը կնպաստի Ռոբերտ Քոչարյանի իշխանության տապալմանը: Այդ երկու հեռանկարներին էլ պետք է մեծ վերապահումներով վերաբերվել: Թե դեմոկրատները եւ թե հանրապետականները ԱՄՆ-ում ղեկավարվում են իրենց երկրի պետական շահերով եւ ոչ թե հայամետությամբ կամ թրքատյացությամբ: Մյուս կողմից էլ՝ դժվար թե Ամերիկայում որեւէ լուրջ քաղաքական կառույց կամ գործիչ Հայաստանի ընդդիմության մեջ տեսնի բավականաչափ հեղինակություն վայելող մի ներկայացուցչի, որին սրտանց կուզենա աջակցել: Եվ ամենակարեւորը՝ պետք է գիտակցել, որ այդ 50 նահանգապետերից, 435 կոնգրեսականներից եւ 100 սենատորներից շատ քչերը գիտեն Հայաստանի տեղը, իսկ նրանք, ովքեր գիտեն մեր երկրի խնդիրների մասին, մեղմ ասած, հաճախ չեն մտածում: Բայց որ աշխարհի խոշորագույն գերտերության մեջ տեղի են ունեցել կարեւոր փոփոխություններ, եւ այդ փոփոխությունները միջնորդավորված ձեւով ազդելու են ամբողջ երկրագնդի վրա՝ դրա հետ անհնարին է վիճել:

Նոր մոտեցումներ փնտրելու ժամանակը

Ջորջ Բուշը եւ հանրապետականները պարտվեցին, անշուշտ, Իրաքի պատճառով: Հազարավոր ամերիկացիների կյանքը զոհաբերվեց անհասկանալի եւ գուցե անիրագործելի նպատակների համար: Իսկապես, ինչի՞ է հասել Բուշի կառավարությունը ավելի քան երեքուկես տարի Իրաքում պատերազմ մղելով. այդ երկրում ժողովրդավարությո՞ւն է հաստատվել, պրոամերիկյան կառավարությունը կարողանո՞ւմ է վերահսկել իրավիճակը, կամ գուցե՝ համայն մարդկությունը ցնծո՞ւմ է Սադամ Հուսեյնին մահապատժի ենթարկելու վճռից: Եթե ողջ աշխարհը տեսնում է, որ 2003թ. մարտի 18-ից մղվող պատերազմն անիմաստ է եւ անպտուղ, ապա նույնը, բնականաբար, տեսնում են նաեւ ԱՄՆ քաղաքացիները, եւ այս քվեարկությամբ նրանք միանշանակ արտահայտեցին իրենց տեսակետը:

Դեմոկրատները հմտորեն օգտվեցին Բուշի ադմինիստրացիայի այս խոշոր անհաջողությունից, բայց նրանց դիրքորոշումն Իրաքի հարցում միանշանակ չէ: Մի կողմից կոնգրեսում դեմոկրատական մեծամասնության ղեկավար եւ Ներկայացուցիչների պալատի ապագա խոսնակ, Կալիֆոռնիայից ընտրված 66-ամյա Նենսի Փելոսին (երբեմն արտասանվում է Փելոզի, որովհետեւ այդ գործիչն իտալական արմատներ ունի) պնդում է, որ Բուշի քաղաքականությունն Իրաքում կատաստրոֆիկ էր եւ այն պետք է փոխել: Մյուս կողմից՝ նա խոստանում է, որ կոնգրեսը չի կրճատելու իրաքյան պատերազմի ֆինանսավորումը, բայց ճնշում կգործադրի նախագահի վրա, որ նա զորքերը դուրս բերի Իրաքից: Դեմոկրատների այս երկվությունը կարելի է բացատրել մարտավարական խնդիրներով. 2008թ. սպասվում են նախագահական ընտրություններ, եւ դեմոկրատները հույս ունեն, որ Իրաքը նախընտրական կամպանիայի ժամանակ լինելու է իրենց գլխավոր խաղաքարտը: Նախագահի դեմոկրատ թեկնածուն կհայտարարի, որ ընտրվելու դեպքում Իրաքից կհանի ամերիկյան զորքերը: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե դա տեղի ունենա Բուշի օրոք, ապա այս խաղաքարտը հնարավոր չի լինելու խաղացնել:

Հենց այդ պատճառով էլ ընտրվել է միջին տարբերակը: ԱՄՆ-ում, ի տարբերություն Հայաստանի, նախկին պաշտոնյաները «ազգի դավաճաններ» եւ «պետության թշնամիներ» չեն՝ քաղաքականության մեջ հաճախ են օգտագործվում նրանց փորձն ու հեղինակությունը: Այդպիսի հեղինակավոր դեմքերից են նախկին արտգործնախարար (պետքարտուղար) Ջեյմս Բեյքերը: Հենց նրա գլխավորությամբ ստեղծվել է երկկուսակցական հանձնաժողով, որը պետք է իր առաջարկությունները տա Իրաքի խնդրի լուծման վերաբերյալ: Ենթադրվում է, որ դա պետք է լինի զորքերի դուրսբերման մի ձեւ, որը ժամանակին նախաձեռնել էր ԱՄՆ մեկ այլ նախկին պետքարտուղար՝ Հենրի Քիսինջերը, այն ժամանակ, երբ Ամերիկան նույնքան անփառունակ ավարտեց իր պատերազմը Վիետնամում: Հոկտեմբերին Ջեյմս Բեյքերը հայտարարել է, որ պետք է խուսափել երկու ծայրահեղությունից. ա) Իրաքում ներկայիս քաղաքականության պահպանումից եւ բ) Իրաքից զորքերի անհապաղ դուրսբերումից:

Իրաքում ԱՄՆ քաղաքականության փոփոխության մասին է ազդարարում նաեւ պաշտպանության նոր նախարարի՝ Ռոբերտ Գեյթսի առաջադրումը (նրան դեռ պետք է հաստատի սենատը): Ջորջ Բուշը չի թաքցնում՝ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Իրաքի խնդրի վերաբերյալ անհրաժեշտ է «թարմ հայացք», եւ հենց դրանով է բացատրվում Ռամսֆելդի պաշտոնանկությունը: 63-ամյա Գեյթսը վերջին շրջանում ղեկավարում էր Տեխասի համալսարանը: 1974 թ. նա Ջորջթաունի համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ԽՍՀՄ- Չինաստան հարաբերությունների մասին: ԽՍՀՄ-ի մասին գիտելիքները Գեյթսին հավանաբար պետք եկան Ազգային անվտանգության խորհրդում, իսկ 1991-ից՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում:

2004թ. Գեյթսը՝ ոչ անհայտ Զբիգնեւ Բժեզինսկու հետ միասին, ղեկավարում էր աշխատանքային խումբ, որը պատրաստել էր խորհրդանշական վերնագիր ունեցող մի զեկույց՝ «Իրան. նոր մոտեցումներ փնտրելու ժամանակը»: Խումբը, մասնավորապես, գտնում էր, որ անիմաստ է հույս դնել Իրանում իսլամական ռեժիմի մոտալուտ տապալման նպատակով այդ երկրում ներքին ընդդիմություն ստեղծելու վրա, եւ պետք է բանակցություններ սկսել ներկայիս ռեժիմի հետ: Նույն խումբը, ի դեպ, առաջարկում էր, որ ԱՄՆ-ն ավելի հավասարակշիռ քաղաքականություն վարի Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Հայտնի է, որ այս հարցերում Բուշի ադմինիստրացիան, ինչպես ասում են՝ «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ»:

Ռամսֆելդի պաշտոնանկությունը եւ Գեյթսի նշանակումը հավանաբար Բուշի միակ զիջումը չի լինի դեմոկրատներին: Ըստ վերլուծաբանների, այդ քայլին կարող են հետեւել նաեւ Իրաքում ԱՄՆ դեսպան Զեմայ Խալիլզադի եւ ամերիկյան զորքերի հրամանատար Ջորջ Քեյսիի պաշտոնանկությունները: Ինչպես սովորաբար լինում է «իշխանափոխությունից» հետո՝ հետապնդման կարող են ենթարկվել նախկին ուժայինները: ԱՄՆ իրավապաշտպան կազմակերպությունները պատրաստվում են դատական գործեր նախաձեռնել Դոնալդ Ռամսֆելդի, ԿՀՎ նախկին տնօրեն Ջորջ Թենեթի եւ ներկայիս գլխավոր դատախազ Ալբերտո Գոնսալեսի դեմ: Առաջին երկուսին կմեղադրեն իրաքյան «Աբու-Գրեյբ» բանտում եւ ամերիկյան Գուանտանամո ռազմաբազայում կատարված ապօրինությունների եւ բռնությունների համար, իսկ Գոնսալեսին նաեւ նրա համար, որ նա ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում թույլատրել է մասնավոր թղթակցությունների բացահայտում եւ հեռախոսազրույցների գաղտնալսումներ: Այնպես որ, տեսականորեն հնարավոր է, որ իրականանա Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի պահանջը՝ Ռամսֆելդը պետք է բանտում նստի:

Նմանություններ եւ

տարբերություններ

Սովորաբար ընդունված է համարել, որ դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ ոչ մի տարբերություն չկա: Դա 100%-անոց ճշմարտություն չէ: Հանրապետականներն ավելի պահպանողական են, դեմոկրատները՝ ավելի ազատական: Սակայն այդ լիբերալիզմը չպետք է հասկանալ Եվրոպայում ընդունված լիբերալիզմ-սոցիալիզմ հակադրության լույսի տակ: Դեմոկրատների լիբերալիզմը նշանակում է, որ նրանք ավելի «մարդակենտրոն» են: Նրանց ավելի շատ են հետաքրքրում մարդու իրավունքներն ու ազատությունները (ոչ միայն իրենց երկրում), մարդու սոցիալական վիճակը, ապահովվածությունը: Վերլուծաբանները ենթադրում են, որ դեմոկրատների իշխանություն գալով՝ պետության դերը տնտեսության մեջ կմեծանա, բյուջեի ծախսային մասը կավելանա, ինչը կխթանի ինֆլյացիան, նավթային ընկերությունները, որոնց մեծ մասը հանրապետականների վերահսկողության տակ են, այսուհետեւ ավելի խիստ վերահսկողության կենթարկվեն պետության կողմից: Սպասվում է, որ դեմոկրատները կսատարեն բնակչության նվազ ապահովված խավերին, գուցե նաեւ կարողանան ստիպել Բուշին՝ ստորագրել բնապահպանությանը վերաբերող Կիոտոյի արձանագրությունը:

Իհարկե, ԱՄՆ-ում նախագահի եւ նրա վարչախմբի ձեռքում կան հսկայական իրավասություններ, բայց դա հավասարակշռվում է նրանով, որ պետության փողը, բյուջեն կոնգրեսի ձեռքում է, եւ պարզ է, որ այժմ արդեն դեմոկրատները չեն դակելու Բուշի ցանկացած նախաձեռնություն: Նրանք եւս մի կարեւոր լծակ ունեն. ադմինիստրացիայի ցանկացած ներկայացուցիչ (մեր լեզվով ասած՝ նախարար) պարտավոր է մեծամասնության պահանջով գալ կոնգրես եւ երդման ներքո ցուցմունքներ տալ: Նախարարներին այդ տհաճությունը դեմոկրատական մեծամասնությունը հաստատ կպատճառի: Կոնգրեսական հետաքննությունները, օրինակ, նույն Իրաքի կամ «սեպտեմբերի 11»-ի հարցերով, կարող են, ինչպես մեր դատախազը կասեր՝ «կուսակցական լավ PR» դառնալ:

Անցած ընտրությունների հետաքրքիր առանձնահատկությունն էր նաեւ, այսպես կոչված, «հարակից հարցերի» հանրաքվեների չափազանց մեծ քանակը: Բանն այն է, որ ամերիկյան ավանդույթների եւ օրենսդրության համաձայն, խորհրդարանական ընտրությունների ժամանակ տարբեր նահանգներ «ձեռի հետ» քվեաթերթիկի մեջ են ներմուծում զանազան այլ հարցեր, որոնք ընտրողների մեծամասնության կողմից հավանության արժանանալու դեպքում օրենքի ուժ են ստանում: Այս զուգահեռ ընթացող հանրաքվեների ժամանակ 24 նահանգներում 79 հարց է քվեարկվել: Օրինակ, Ալյասկայի բնակիչները պետք է որոշեին՝ անհրաժե՞շտ է արդյոք արգելել գայլերի եւ արջերի որսը՝ օդից: Իսկ Հարավային Դակոտայում ընտրողները որոշեցին թույլատրել աբորտները, որոնց, ի դեպ, դեմոկրատներն ավելի լիբերալ են վերաբերվում, քան հանրապետականները: Նման քաղաքացիական ակտիվությունը, ըստ վերլուծաբանների, նույնպես իշխանություններից դժգոհելու ձեւ է. տեսնելով, որ իրենց խնդիրները չեն լուծվում, բնակիչները՝ հասարակական կազմակերպությունների միջոցով, որոշեցին դրանք լուծել սեփական նախաձեռնությամբ:

Դեմոկրատներն ու հանրապետականները կարող են վիճել բազմաթիվ հարցերում: Բայց Ռուսաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքում նրանք, կարծես թե, առանձին տարաձայնություններ չունեն: Թե՛ Բուշի հնարավոր ժառանգորդ Ջոն Մաքքեյնը եւ թե՛ այս ընտրություններում հեշտությամբ վերընտրված սենատոր Հիլարի Քլինթոնը, որը նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել դեմոկրատների կողմից, միաբերան կողմ արտահայտվեցին Ռուսաստանին «Մեծ ութնյակից» հանելու օգտին: Հատկանշական է, որ դեմոկրատներն Ինդիանա նահանգում որեւէ թեկնածու չեն դրել հանրապետական Ռիչարդ Լուգարի դեմ, որը հայտնի է Պուտինի հասցեին իր սուր քննադատությամբ եւ կոնգրեսում նախաձեռնել է ընդունել բանաձեւ՝ Մոլդովայից եւ Վրաստանից ռուսական զորքերը դուրսբերելու մասին: Վերջապես եւս մի հետաքրքիր փաստ. կոնգրեսի ֆինանսական հանձնաժողովը կարող է ղեկավարել դեմոկրատ Բարնի Ֆրանկը՝ Մասաչուսեթսից: Այս տարվա հուլիսին Ֆրանկը կազմակերպել էր նամակ Պուտինին, որտեղ բողոքում էր, թե Ռուսաստանի կառավարությունը ճնշում է սեռական փոքրամասնություններին:

…ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ապօրինի մեթոդներով չխոչընդոտեց ընդդիմության հաղթանակին, չլցոնեց քվեատուփերը, սուտ թվեր չգրեց արձանագրություններում, չօգտագործեց վարչական ռեսուրսը Հանրապետական կուսակցության հաջողությունն ապահովելու համար: Ընտրություններին հաջորդող օրերին նա հանդիպեց Նենսի Փելոսիի, որին անվանեց «մադամ ապագա խոսնակ», եւ սենատում դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռեյդի հետ: Այդ երեք գործիչները նախընտրական կամպանիայի ժամանակ իրար հասցեի ինչ ասես ասացին՝ է՛լ «ոչ կոմպետենտ», է՛լ «սուտասան»: Բայց հիմա նրանք տրամադրված են սերտ համագործակցության: Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահն ասաց. «Ես վաղուց եմ քաղաքականության մեջ եւ լավ հասկանում եմ, թե երբ է վերջանում ընտրապայքարը եւ երբ է սկսվում կառավարության աշխատանքը»: «Մենք կարող ենք հպարտանալ մեր երկրով, քանի որ ընտրությունները մեզ մոտ ժողովրդավար ձեւով են անցնում՝ նույնիսկ պատերազմի ժամանակ»,- ասաց Ջորջ Բուշ-Կրտսերը, ով, անշուշտ, ԱՄՆ ամենատաղանդավոր նախագահը չէ: Բայց ԱՄՆ ժողովուրդը այդ հանգամանքից առանձնապես չի նեղվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել