Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորի հիշատակին

Նոյեմբեր 21,2006 00:00

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Ալան Հովհաննես» կենտրոնի նախաձեռնությամբ «Ա. Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 24-ին կնշվի Ալան Հովհաննեսի ծննդյան 95-ամյակը:

Այլ երկերի թվում կհնչի կոմպոզիտորի Երկու դաշնամուրի համար գրված կոնցերտը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հրավիրյալ երաժիշտներ Մարտին Բերկոֆսկու (ԱՄՆ) եւ Ատական Սարիի (Թուրքիա) կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան):

«Առավոտը» հանդիպեց դաշնակահարներին:

Մ. Բերկոֆսկին հայտնեց, որ ժամանակին ինքը Ա. Հովհաննեսի հետ համաղեկավարն է եղել New York Long Island կամերային նվագախմբի եւ համագործակցելով հայ կոմպոզիտորի հետ, դարձել է նրա բազմաթիվ ստեղծագործությունների տարածողը: Մեր հարցին, թե ինչպե՞ս է ստացվել իր եւ թուրք դաշնակահարի համագործակցությունը, որի արդյունքում վերոհիշյալ ստեղծագործության պրեմիերան կայացել է նախ ԱՄՆ-ում, ապա 2004-ին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, Բերկոֆսկին ասաց, որ ինքը երկար տարիներ աշխատել է Թուրքիայում եւ Ատականը իր ուսանողի սանն է:

Նա ԱՄՆ-ից այլ երկրներ տեղափոխվելիս խնդիրներ ուներ եւ շուրջ 20 տարի չէր կարողանում մոտենալ ռոյալին: Հաստատելով մեր այս լուրը, դաշնակահարն ասաց, որ ինքը 1982 թ. Իսլանդիայում մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, ստացել բազմաթիվ մարմնական վնասվածքներ: «Շուրջ 20 տարի չեմ մոտեցել դաշնամուրին: Եթե լսեի բժիշկներին, նրանք ընդհանրապես բացառում էին հետագայում դաշնակահարի իմ կարիերան: Այդ շրջանում, նաեւ հիմա յուրաքանչյուր տարի անցկացնում եմ մարաթոն, որից ստացված գումարը փոխանցվում է քաղցկեղով հիվանդների բուժմանը: Իսկ երկրից իմ դուրս գալը բարդանում էր նրանով, որ վիրահատված ձեռքս 8 տեղից ամրացված էր մետաղով, եւ ամեն անգամ ստուգում անցնելիս մետաղորսիչը զնգում էր: Ստիպված ցույց էի տալիս վնասվածքի ռենտգեն ժապավենը»:

Թուրք դաշնակահար Ատական Սարին էլ փաստեց, որ իր երկրում 5-6 քաղաքներում գործում են սիմֆոնիկ նվագախմբեր: «Նվագախմբերի երաժիշտների 90 տոկոսը թուրքեր են, չնայած աշխատում են նաեւ միջինասիացի ու ադրբեջանցի երաժիշտներ: Քանիցս Թուրքիայում եւ ԱՄՆ-ում հանդես եմ եկել Արամ Խաչատրյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրի համար գրված երկերի կատարումներով: Շատ եմ սիրում հայկական դուդուկը: Երկու տարի քամանչա եմ պարապում»,- նշեց նա: Իսկ Բերկոֆսկու օրինակով երիտասարդ դաշնակահարն էլ չի՞ պատրաստվում բարեգործական ակցիաներ կազմակերպել, օրինակ՝ տարբեր ազգերի երիտասարդ արվեստագետներին աջակցելու համար: Թուրք դաշնակահարն ասաց. «Հասկանալով ձեր հարցի ենթատեքստը, պետք է ասեմ, որ կոնկրետ թուրք եւ հայ ժողովուրդները շատ հարցերում ունեն տարբեր տեսակետներ: Պարզապես՝ պետք է որոնել լուծումը ու գալ ընդհանուր հայտարարի: Կոնկրետ ես ուզում եմ, որ ամեն հարց լուծվի խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է բարեգործությանը, կանեմ հարստանալու դեպքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել