Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխող վարորդներին պատժողը «չի ծնվել»

Նոյեմբեր 24,2006 00:00

Ծխելու համար երթուղայինների վարորդներին նկատողություն անող ուղեւորները «շշպռվում» են

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակման մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որն արգելում է փոխադրամիջոցներում ծխելը, արդեն ուժի մեջ է մտնել: Այդ առնչությամբ ծխելու դեմ պայքարող մի շարք հ/կ-ներ հասարակության հետ աշխատանքներ են տանում, թե ինչպես պետք է պայքարել իրենց առողջությանը վնաս հասցնող երեւույթի դեմ: Հ/կ-ները հասարակական տրանսպորտում ուղեւորների համար հիշեցում են փակցրել, ըստ որի՝ նրանք լիովին իրավասու են վարորդից պահանջել իրենց ներկայությամբ չծխել: Կազմակերպությունների այս կոչը վարորդների եւ ուղեւորների միջեւ բախումների տեղիք է տվել. վարորդների մեծ մասը անտեսում է իր գլխավերեւում փակցված հայտարարությունը եւ շարունակում ուղեւորների ներկայությամբ ծխել: Վարորդին ծխելու համար նկատողություն անող ուղեւորները արժանանում են արհամարհանքի կամ անհարգալից խոսքերի՝ «Չտեսա՞ր, որ ծխում եմ, չնստեիր, չես կարում շնչես՝ իջի»: Վարորդների հանդիմանանքին չարժանանալու համար շատ ուղեւորներ չեն էլ փորձում իրենց իրավունքները պաշտպանել, քանի որ օրենքի այդ հոդվածում վարորդներին պատասխանատվության ենթարկելու մասին մինչ օրս դեռ որեւէ պատժամիջոց նախատեսված չէ: Օրենքում միայն ասվում է, որ վերահսկելու համար պետք է ստեղծվի լիազոր մարմին, որն այդպես էլ դեռեւս չի ստեղծվել:

Հիշեցնենք, որ հակածխախոտային օրենքի քննարկման ժամանակ առաջարկություն կար, որպեսզի ծխող վարորդների մասով վերահսկողությունն իր վրա վերցնի պետավտոտեսչությունը, որը վարորդներին կտուգանի ոչ միայն ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, այլեւ ծխելիս բռնացնելու դեպքում: Սակայն պետավտոտեսչությունը հրաժարվեց լրացուցիչ բեռ իր վրա վերցնել եւ այդ հարցն այդպես էլ մնաց օդի մեջ: Նշենք, որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակման մասին» օրենքի հեղինակը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն է: Թե տիկին Հակոբյանն օրենքը մշակելիս ում էր տեսնում ծխող վարորդներին արգելողի դերում՝ պարզ չէ: Այս օրենքի հիմնական թերությունն այն է, որ թեեւ ընդգծված է վերահսկող լիազոր մարմին ստեղծելու անհրաժեշտությունը, բայց մատնանշված չէ, թե կոնկրետ ով պետք է ստեղծի այդ մարմինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել