Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՂԵՑԻԿՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՑԱԾ ԷՏԱՊ Է»

Նոյեմբեր 28,2006 00:00

\"\"Ֆրանսաբնակ ճանաչված դիզայներներ Վարդան եւ Գեւորգ Թառլոյանները այժմ փորձում են կատարելության հասնել նաեւ տգեղի մեջ խորանալով:

1993թ. նրանք հաստատվել են Փարիզում, իսկ «Թառլոյան» նորաձեւության սալոնի անունը 2000-ից ամրագրված է որպես Փարիզի բարձրագույն նորաձեւության տուն եւ հեղինակային իրավունքները պաշտպանվում են ֆրանսիական կառավարության կողմից:

Մինչ Հայաստանից մեկնելը, եղբայրները ուսանել են գեղարվեստի ուսումնարանում, ապա Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտում: 1991թ. մեկնել են Հոլանդիա, այնուհետեւ Բելգիա, իսկ հետո, ինչպես նշեցինք, 1993-ից հաստատվել Փարիզում, որտեղ եւ մինչեւ 1997թ. սովորել են ESMOD-ում (Նորաձեւության եւ արվեստի բարձրագույն դպրոց), կատարելագործվել տեղի բարձրագույն նորաձեւության տներում՝ «Քրիստիան Դիոր», «Քրիստիան Լակրուա», «Լեմպիկա», «Ղեւիոն»: Հետաքրքրվեցինք, թե հայ երիտասարդները ժամանակին ինչո՞վ են զարմացրել եւ գրավել ֆրանսիացի կուտուրյեների ուշադրությունը: Վարդանը հիշեց, որ իրենց առաջին նորաձեւության առանցքը միջնադարյան կրոնի պատմությունն էր. «Կրոնի թեմաներով շատերն են ստեղծագործել: Մենք ոչ թե զուտ կաթոլիկ զգեստներ էինք բեմ հանել, այլ աշխատել էինք ստեղծել համապատասխան կերպար»: Շարունակելով եղբոր խոսքը, Գեւորգը նշեց, որ, ի տարբերություն այլ նորաձեւությունների, Ֆրանսիայի բարձրագույն նորաձեւության նպատակը հագուստների միջոցով այս կամ այն ժամանակաշրջանի պատմությունը ներկայացնելն է: Հարցին, թե շոուի դարում ինչո՞ւ են իրենք նորաձեւ հագուստները ներկայացնելիս օգտագործում միայն դասական երաժշտություն, եղբայրները հիշեցին, որ դեռ ուսանողական տարիներին իրենք մշտապես ներկա էին գտնվում Երեւանի կոնսերվատորիայի վոկալ դասարանների ուսանողների փակ երեկոներին. «Մենք ուզում էինք դառնալ օպերային երգիչներ: Ժամանակին մտածում էինք, որ հետաքրքիր կդիտվի, երբ բեմ բարձրանան երկվորյակ եղբայրներ… Հայրենիքում այդ տարիներին մեր շփումը անվանի պրոֆեսորներ Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի եւ նրանց դասարանների ուսանողների հետ՝ ձեւավորեց մեր մեջ եւ սեր, եւ ճաշակ հանդեպ դասական արվեստը»: Դիզայներները հայտնեցին, որ իրենք առայժմ կոմերցիայով չեն զբաղվում, լրիվ հակառակը՝ իրենց մոդելները խորհրդավորության պատրանք են ստեղծում, դրա համար էլ լույսը քիչ է իրենց ցուցադրությունների ժամանակ: Ըստ մեր զրուցակիցների, գեղեցիկը իրենց համար մի տեսակ անցած էտապ է, այժմ արդեն նրանց հուզում է նաեւ տգեղի մեջ խորանալու ճանապարհով կատարելության հասնելը: «Հավանաբար հարց կծագի, թե ինչով ենք ապրում, եթե չունենք ինդուստրիա ու չենք զբաղվում կոմերցիայով: Գաղտնիք չէ՝ 2003թ. Փարիզում բեմադրված «Քամուց քշվածները» մյուզիքլի համար մեր ստեղծած 240 զգեստները բերեցին այնքան եկամուտ, որ մինչ օրս ապրում ենք դրանով: Իսկ բարձրագույն նորաձեւության տներում, տեղեկացնենք, որ զգեստները սկսվում են 15000 եվրոյից, ձգվելով մինչեւ 1 միլիոն: Դրանք, բնականաբար, «Դիորի», «Շանելի» եւ մյուս աշխարհահռչակ մոդելյորների աշխատանքներն են»,- ասաց Վարդանը:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում Թառլոյանների բարձրագույն նորաձեւության սալոնը հիմնելու վերաբերյալ շշուկներին: Եղբայրները չհերքեցին մեր ունեցած տեղեկատվությունը: Այնուհետեւ ավելացրին, որ ուրախ են, քանի որ Հայաստանում հանձինս «Քրիստիան Դիորի» եւ «Ռուժի» հայաստանյան ներկայացուցիչների, ինչպես նաեւ տեղական «Արարատ» կոնյակի գործարանի, կան բարձր նորաձեւությունը հովանավորողներ: «Հայաստանում կան հիանալի կարի, ձեռագործի վարպետներ, բայց բացակայում են ձեւարարները, որոնք կարեւոր են ամբողջական հագուստ ստեղծելու գործում: Վերջերս մեր զգեստների ցուցադրության ժամանակ Մոսկվայից հրավիրել էինք 7 մանեքենի եւ 13 մանեքենուհի էլ ընտրել Երեւանից: Մերոնք, իհարկե, ունեն անհատականություն, որ պոդիումի վրա վառ է երեւում: Միակ թերությունը հայուհիների կարճահասակ լինելն է»,- նշեց Գեւորգը:

Մեր հետաքրքրությանը, թե ինչո՞ւ մեր արվեստագետները չեն հագնվում Թառլոյանների մոտ, եղբայրներն ասացին, որ ունեցել են հայ երգչուհիներից պատվերներ, բայց ժամանակի սղության պատճառով չեն համաձայնել: Միակ երջանիկը Նունե Եսայանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել