Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՍ Ի՞ՆՉ ՏՈՒՖՏԱ ՀԱՐՑԵՐ ԵՔ ՏԱԼԻՍ»

Նոյեմբեր 29,2006 00:00

Հայոց լեզու, գրականություն առարկայի քննության փորձարկման ժամանակ նման արձագանքներ են հանդիպել 10-րդցիների գրավորներում:

Գործընթացի մեջ են ՀՀ ԿԳ նախարարության՝ գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի հանձնարարությամբ կազմված թեստերը, որոնք արդեն փորձարկվել են Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցներում: Եթե հարցնեք դրանք կազմողներին եւ փորձարկողներին, կասեն՝ ամեն ինչ հրաշալի է. կան մանր թերություններ, որոնք կվերացվեն հետագայում: Կասեն, որովհետեւ ամեն ինչ արել են թաքուն, սահմանափակ ուսուցչական կազմով, որն ամենեւին էլ հանրապետության ուսուցչության կարծիքը ներկայացնել չէր կարող, արել են առանց լուրջ մասնագիտական քննարկման, առանց դպրոցում տեւականորեն փորձարկելու:

«Ա» մակարդակի արդյունքները ստուգել է համակարգիչը եւ գնահատել 50 միավորի սահմաններում: «Բ» մակարդակը հնարավոր չէր համակարգչով ստուգել, ուստի պիտի ստուգեին մասնագետները եւ գնահատեին 40 միավորի սահմաններում: Ահա այս վերջին փուլում են թեստերը կազմողների եւ շուրջ 40 ուսուցիչների հետ ներգրավվել նաեւ Երեւանի պետական համալսարանի հինգ մասնագետները, որոնց կարծիքն էլ ներկայացնում ենք հանրության ուշադրությանը:

Մենք քննակարգի փոփոխությանը, քննության ու գնահատման առաջավոր ձեւերի ներդրմանը դեմ չենք, սակայն վճռաբար դեմ ենք այս համակարգին, ա՛յս որակին ու մակարդակին: Վերջին տարիներին գործածության մեջ եղած հայոց լեզվի հարցաշարերի շտեմարանից դժգոհողները նրա դիմաց պիտի դնեին հայոց լեզվի եւ գրականության գիտելիքները համակողմանիորեն ստուգող եւ արդարացիորեն գնահատող քննակարգ, մինչդեռ թեստերի այս մակարդակն ու որակը շատ են զիջում նախորդին, ուղղակի նահանջ են մի քանի քայլով: Ճիշտ է, հայ գրականությունն այդ շտեմարանում չկար, որ շատ կոպիտ ու ճակատագրական սխալ էր, բայց նրանով գոնե հայոց լեզվի ուղղագրությունը, կետադրությունը, բառակազմությունը, իմաստաբանությունը, ձեւաբանությունը, շարահյուսությունը, ոճաբանական որոշ իմացություններ աշակերտության կողմից յուրացվում եւ ստուգվում էին գրեթե լիարժեք: Սակայն այս նորամուծության մեջ նվազագույնի են հասցված լեզվական գիտելիքների նման ստուգման հնարավորությունները, իսկ հայ գրականության գիտելիքների ստուգման եղանակը ծիծաղելիության չափ պարզունակ է եւ անհեթեթության չափ բարդ:

Համակարգչային ստուգման, այսինքն՝ քննողների հնարավոր կամայականությունների վերացման ձգտումը հասկանալի է. բայց դրա հետեւանքով նախ եւ առաջ մենք աշակերտին զրկում ենք մաշտոցյան տառերով գրելու, հայ գրին տիրապետելու եւ հայերեն մտածելու ունակությունից, քանի որ տառ կամ բառ գրելու փոխարեն նա պիտի «Ա» մակարդակի ձեւաթղթի պահանջվող վանդակում ընդամենը խաչ (X) դնի: Երկրորդ՝ այդ «ավտոմատացումը» անհամեմատ կդյուրացնի հուշելու եւ կեղծելու գործը: Շահագրգիռ անձը կարող է նույնիսկ մատների տարբեր զուգորդումներով քննասենյակում հուշել առաջադրանքի թիվն ու ճիշտ պատասխանի համարը, այսինքն՝ միավոր բերող խաչերի ճիշտ տեղերը: Իսկ համակարգիչն էլ ստուգում է ոչ թե աշակերտ -դիմորդի բուն գրավոր աշխատանքը, այլ ձեւաթղթի վանդակներում դրված խաչերը միայն:

Ստուգումների ժամանակ նկատվեց, որ «Բ» մակարդակում աշակերտները քիչ թե շատ բառագիտական առաջադրանքներն են «կատարել»՝ կազմողների շռայլ չափանիշների շնորհիվ «վաստակելով» 20-23 միավոր, որ, գումարվելով համակարգչի շնորհած 40-50 միավորին, արդեն դառնում է անցողիկ շուրջ 70 միավոր: Ահա ինչու են թեստերը կազմողներն ու փորձարկողները ասում՝ բռա՜վո, ամեն ինչ հաջող է, քննակարգն արդարացնում է իրեն, պիտի ներդնենք: Իսկ մյուս առաջադրանքներն աշակերտները զանգվածաբար չէին կատարել, պատճա՞ռը. շատերը առաջադրված հարցն անգամ չէին հասկացել, դրա համար էլ մի քանիսն անկեղծորեն գրել էին. «Էս ի՞նչ տուֆտա հարց եք տալիս»: Բերենք մի քանի օրինակ.

Ա 35. Նշվածներից ո՞րն է միստիկ գրող.

1. Ֆրիկ, 2. Գրիգոր Նարեկացի, 3. Նահապետ Քուչակ, 4. Ներսես Շնորհալի:

Եթե աշակերտ-դիմորդը Գրիգոր Նարեկացու փոխարեն ընտրի Ներսես Շնորհալի՝ նկատի ունենալով նրա «Հիսուս որդի» կրոնամիստիկական պոեմը, կամ ընտրի Ֆրիկ՝ նկատի ունենալով նրա հոգեւոր բանաստեղծությունները, պիտի սխա՞լ համարեն:

Ա 43. Հովհ. Թումանյանի ո՞ր պոեմում է արծարծվում (փոխանակ արծարծված) կյանքի անցողիկության եւ գործի անմահության գաղափարը.

1. «Հառաչանք», 2. «Անուշ», 3. «Թմկաբերդի առումը», 4. «Լոռեցի Սաքոն»:

Իհարկե, համեմատաբար ճիշտ պատասխանը 3-րդն է, բայց ո՞վ կարող է պնդել, թե նույն գաղափարը չկա մյուս գործերում, ասենք՝ «Անուշում»:

Ինչպես տեսնում ենք, նման հարցերը (իսկ դրանք դժբախտաբար շատ են) թեստերում ներդրել են հայ գրականությունից գրեթե անտեղյակ մարդիկ:

Թեստ կազմողները մի՞թե չգիտեն, որ փոխաբերական իմաստով սիրամարգ-ը միայն խայտաբղետ հագուստներով պճնված կին չէ, գոհար-ը միայն ընտիր, լավագույն չի նշանակում, ոսկի–ն միայն ազնիվը չէ, եզ-ն էլ միայն կոպիտ, անտաշ մարդը չէ, թութակ-ն էլ ամենեւին ուրիշի խոսափող չէ, այլ սեփական կարծիքից զուրկ, ուրիշի խոսքերը կրկնող մարդ:

Ստուգումները երեւան հանեցին նաեւ մի այլ խայտառակ փաստ. համատարած 100 տոկոսանոց արտագրություն կամ շահագրգիռ մարդկանց կողմից կազմակերպված հուշում. այլապես ինչո՞վ բացատրել միեւնույն առածի նկատմամբ հարյուրավոր աշակերտների միատեսակ վերաբերմունքը, այն էլ նույն բարդ նախադասությամբ: Ինչո՞ւ բառագիտական առաջադրանքները գրեթե անսխալ կատարած աշակերտները թեստի մյուս հանձնարարականները կա՛մ բնավ չեն կատարել, կա՛մ կատարել են ուղղագրական, կետադրական, քերականական, տրամաբանական աղաղակող սխալներով եւ կա՛մ շատ քիչ միավոր են վաստակել, կա՛մ բնա՜վ չեն վաստակել:

Ելնելով վերոհիշյալ մասնագիտական, մանկավարժական դիտողություններից ու մտահոգություններից՝ առաջարկում ենք այս տարվա ընդունելության քննությունների համար որպես հիմք ընդունել նախորդ շտեմարանը (ընդ որում՝ 2005 թ. բարեփոխված, լրամշակված հրատարակությունը)՝ պայմանով, որ մի հեղինակավոր հանձնաժողով մի զգալի քանակությամբ ավելացնի նրա որոշ բաժինների առաջադրանքների թիվը:

Հաջորդ տարվա համար առաջարկում ենք ձեւավորել բոլոր շահագրգիռ կողմերը համամասնորեն ներկայացնող մի հանձնաժողով, որը քննական նոր համակարգի պահանջների համաձայն, նաեւ նկատի ունենալով նախորդ շտեմարանների եւ ներկա թեստերի փորձագիտական եզրակացությունները, ստեղծի որակապես նոր թեստեր, փորձարկի դրանք դպրոցում ու քննարկի բուհերի եւ մասնավորապես ԵՊՀ հայոց լեզվի եւ հայ գրականության մասնագիտական ամբիոններում, եւ քննակարգը դպրոցի դրական վերաբերմունքն ստանալու դեպքում նոր միայն ներդրվի:

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, ստուգող հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

ՓԱՌԱՆՁԵՄ ՄԵՅԹԻԽԱՆՅԱՆ

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել