Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 16,2007 00:00

ԽՆԴԻՐԸ ՎԱՂՈՒՑ ՀԱՍՈՒՆԱՑԱԾ Է

\"\"Վ. Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հոդվածի մասին («Առավոտ», 10.11.2006)

«Առավոտի» նոյեմբերյան համարում հրատարակված իր հոդվածում Վ. Դալլաքյանն արել է հարցադրումներ, որոնք արժանի են հետագա քննարկման: Հեղինակի մտահոգության առարկան Հայաստանում առկա դեմոգրաֆիական իրավիճակն է, որն իր անմիջական արտահայտությունն է գտնում Երեւանի եւ հանրապետության հեռավոր շրջանների զարգացման մակարդակների կտրուկ անհավասարության մեջ: Իր տեսակետները հեղինակը ձեւակերպել է հետեւյալ թեզերի միջոցով.

ա. Դեմոգրաֆիական ճգնաժամի հաղթահարման գործում հույսը չի կարելի դնել դրսի ուժերի վրա: Այս կապակցությամբ հեղինակը քննադատության է ենթարկել գյուղական շրջանների զարգացմանն օժանդակելու՝ սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ կազմված ծրագիրը, որը հավանության է արժանացել «Հայաստան – Սփյուռք» երրորդ խորհրդաժողովում:

բ. Ճգնաժամի իրական պատճառները, ըստ հեղինակի, երկուսն են. հանրապետության «անկախության տասնհինգ տարիներին արձանագրված ձեւախեղումները» եւ հայ ժողովրդի «հազարամյա գոյաբանական ճգնաժամը»: Առաջինը կապվում է մենաշնորհների առկայության, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության պակասի հետ, երկրորդը՝ հայոց պետականազուրկ գոյության հազար տարիների, որոնք առաջ են բերել «հայի ֆենոմենը»՝ ազգային ներուժի կոնսերվացման եւ ծայրահեղ անհատապաշտության միտումները:

գ. Մինչ այժմ կիրառվել է ճգնաժամի հաղթահարման երկու ռազմավարություն՝ կոնֆրոնտացիոն եւ ինտեգրացիոն: Երկուսն էլ, ըստ հեղինակի, անպտուղ են. առաջինը ձգտում է խնդիրը լուծել «հարեւաններին հաղթելու միջոցով», երկրորդը հույս ունի, որ «նոր ինտեգրացիոն միջավայրը մեր փոխարեն լուծելու է մեր հարցերը»:

դ. Մարդկանց մեջ օտար արտաքին միջավայրի հանդեպ առաջ եկած ինքնապաշտպանական ռեակցիայի պատճառով չի հաջողվում «անհատական նպատակները եւ ձգտումները կառուցավորել որպես հասարակության հավաքական շահեր եւ պետության գիտակցված պահանջմունքներ»։ Քաղաքական եւ տնտեսական գործընթացներն ընթանում են «մեծամասնության անտարբերության պայմաններում», այսինքն՝ բացակայում է ազգային միասնությունը:

ե. Հեղինակը հիշեցնում է, որ պետության պայմաններում իրական ազգային միասնությունն ապահովվում է քաղաքացիական հասարակության միջոցով: Բայց նաեւ այստեղ պետք է կիրառվեն տեղական մոդելներ: Հայերի իրական «մենքը» հայ անհատն է, որը կարող է դրսեւորել իր ներուժը «անհատների պետության» մեջ: Անհատական շահի իրագործման անհատական պայմանների ստեղծումն այն «բանալին» է, որով հնարավոր է հաղթահարել «անհատական եւ հավաքական նպատակների աղաղակող հակասությունը»:

զ. Այստեղից բխում է «դիֆերենցված բազմազանության ապահովման առաջադրանքը»։ Առաջարկվում է, «արհեստական մենաշնորհների վերացմանը զուգահեռ, մեծացնել տնտեսական գործունեության կոնկրետ ոլորտների թիվը», ապահովել «տարբեր մարդկանց» համար անհրաժեշտ «տարբեր զբաղմունքների» բազմազանությունը:

Հեղինակի որոշ դրույթների հետ չհամաձայնել չի կարելի: Հանրապետության հեռավոր մարզերի եւ գյուղական բնակավայրերի տնտեսական եւ սոցիալական բազմաթիվ չլուծված պրոբլեմների առկայությունը եւ դեմոգրաֆիական վիճակը իսկապես մտահոգիչ են: Այդ իրադրությունը բազմակողմանի մոտեցումներ եւ համալիր լուծումներ է պահանջում, որ պետք է իրականացվեն նախ եւ առաջ հանրապետության պետական եւ տնտեսական մարմինների ինքնուրույն ջանքերով, որքան էլ մեծ լինի Սփյուռքի օգնության բաժինը: Սակայն պարոն Դալլաքյանը սխալվում է, ենթադրելով, իբր «Հայաստան – Սփյուռք» խորհրդաժողովում ներկայացված ծրագիրը հավակնել է գյուղական շրջանների բոլոր խնդիրները լուծող «կախարդական փայտիկի» դերին: Հակառակը, առաջարկվել է կոնկրետ մի մոդել, որով կարող են լուծվել շատ որոշակի հարցեր: Հավակնությունը մեկն է. ցույց տալ, որ բոլոր առանձին դեպքերում պետք է գտնվեն ինքնուրույն լուծումներ եւ օգտագործվեն բոլոր, այդ թվում՝ Սփյուռքի ռեսուրսները:

Պարոն Դալլաքյանը, անշուշտ, իրավացի է, նշելով, որ հանրապետությունում առկա բարդ սոցիալական եւ տնտեսական պրոբլեմները պետք է կարգավորվեն ոչ միայն շտկելով մեր անկախ զարգացման տարիներին կուտակված ձեւախեղումները, այլեւ հաշվի առնելով հայոց պատմության անբարենպաստ ընթացքներում առաջ եկած «ինդիվիդուալիստական-ֆամիլիստական» հոգեկերտվածքը: Բայց կոնֆրոնտացիոն եւ ինտեգրացիոն մոդելների առաջարկված դիխոտոմիան, ինչպես նաեւ ինտեգրացիոն ռազմավարությանը տրված բացասական բնորոշումը թվում են արհեստական եւ ոչ արդյունավետ: Մեզ համար ակնհայտ է, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման ռազմավարության նպատակը «մրցակցությունից խուսափելը» կամ, առավել եւս՝ «սեփական խնդիրների լուծումը ուրիշներին թողնելը» չէ, այլ ընդհակառակը՝ առավել ընդարձակ եւ քաղաքակիրթ մրցակցային միջավայրի ձեւավորումը, որը կուժեղացներ հայկական հասարակության մարտունակությունը միջազգային մրցակցության պայմաններում եւ կընդլայներ սեփական խնդիրները սեփական ուժերով լուծելու հնարավորությունները:

Որ այդ ճանապարհին քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձեւավորումը եւ զարգացումը ամենակարեւոր խնդիրներից մեկն է, կասկածից վեր է: Ճիշտ է նաեւ, որ քաղաքացիական հասարակությունը, որպես քաղաքացիների մասնավոր շահերի քաղաքակիրթ մրցակցության բնագավառ, պետք է առավելապես հաշվի առնի հայերիս համար բնորոշ էական միտումները՝ ընտանեկան եւ անհատական շահերին տրվող ավանդական գերակայությունը: Հանրապետությունում տնտեսական գործունեության ձեւերի «դիֆերենցված բազմազանություն» ապահովելու պահանջը ուշագրավ է եւ արժանի հետագա մշակման: Միեւնույն ժամանակ, չի կարելի չարձանագրել, որ «անհատների պետության» մեջ «կառավարող անհատների» կողմից «բոլոր անհատների» համար «զբաղվածության դիֆերենցված բազմազանություն» ստեղծելու այս ծրագրում հետին պլան են մղված ինչպես ներքին՝ սոցիալական, այնպես էլ միջազգային ինտեգրացիոն բադադրիչները:

Խնդիրն այստեղ միայն օրենքի գերակայությունը չէ, որը բոլոր պարագաներում հիմնարար պայման է մնում: Որքան էլ հայերիս բնորոշ ձեռներեցությունը դրսեւորվելիս լինի «մանր ձեւերի մեջ», հայ մարդը պետք է հնարավորություն ունենա «իրականացնել իր անհատական բարգավաճման իդեալը» նաեւ որպես գիտնական եւ ինժեներ, արվեստագետ եւ մանկավարժ, բարձր տեխնոլոգիաների մասնագետ եւ ինտելեկտուալ: Իսկ դրանք բնագավառներ են, որոնցում հնարավոր չէ հաջողության հասնել՝ առանց համապատասխան, միջազգային ինտեգրման ընթացքում ձեւավորված ինստիտուցիոնալ կառույցների առկայության։ Այստեղ է, որ մենք պետք է օգտվենք մեզ ընձեռված ինտեգրացիոն հնարավորություններից, այդ թվում նաեւ՝ 2006-ին ԵՄ հետ համատեղ ստորագրած «Եվրոպական նոր հարեւանության» ծրագրից: Ի վերջո, ինտեգրումն է, որ իրական բազմազանություն է ապահովում: Այլապես, պարոն Դալլաքյանի առաջարկած մոդելը, նաեւ օրինականության կատարյալ իրականացման պայմաններում, սպառնում է վերածվել միջնադարյան «վարպետների քաղաքի», որի «դիֆերենցված բազմազանությունը», ուզենք, թե չուզենք, առավելապես դրսեւորվելու է մանր առեւտրի կամ ժողովրդական արհեստների «ֆոլկլորային բազմազանության» ձեւով:

Վերը ներկայացված քննադատական դիտողությունները, իհարկե, կասկածի տակ չեն դնում պարոն Դալլաքյանի հարցադրումների կարեւորությունը եւ հրատապությունը: Խնդիրները վաղուց հասունացած են եւ դրանց վերաբերյալ հասարակական քննարկումը՝ անհրաժեշտ: Հետագա բանավեճի ծավալումն անշուշտ օգտակար կլինի ապագայի ռազմավարության մշակման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել