Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Հունվար 24,2007 00:00

\"\"Երեկ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում լսվել է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը:

Ի տարբերություն նախորդ հինգ անգամների, իսկ ԵԽԽՎ-ում ամեն տարի լսվել է Հայաստանի՝ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման եւ ժողովրդավարացման մասին զեկույցը, այս անգամ Հայաստանին վերաբերող փաստաթղթի քննարկումներն անցան բավականին հանգիստ մթնոլորտում: Հարկ է նշել, որ ոչ մի ադրբեջանցի ելույթ չունեցավ, բայց ոչ այն պատճառով, որ նրանցից որեւէ մեկը չէր հերթագրվել: Մի քանի ադրբեջանցի եւ թուրք պատգամավորներ էին հերթագրվել ելույթներ ունենալու համար, բայց նրանց՝ ելույթի համար, հերթ չհասավ: Ելույթ ունեցան 8 հոգի, որոնցից երեքը Հայաստանի ներկայացուցիչներ էին, այդ թվում՝ Ստեփան Դեմիրճյանը, ով, ի դեպ, հանդես եկավ լիբերալ-դեմոկրատների խմբի անունից, Տիգրան Թորոսյանն ու Արմեն Ռուստամյանը:

Հայաստանի զեկուցողները երկուսն էին՝ ֆրանսիացի Ժորժ Կոլոմբիեն եւ Միկո Էլոն՝ Ֆինլանդիայից: Ժ. Կոլոմբիեն հիմնականում անդրադարձավ Հայաստանի ներքին խնդիրներին՝ ասելով, որ 6 տարի է ԵԽ-ն Հայաստանին ուղեկցել է բարեփոխումների ճանապարհով՝ օրենսդրական, սահմանադրական, դատական համակարգի բարեփոխումներ, սակայն տեղի ունեցած ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի ընթացքում եղել են խախտումներ, եւ դրանց արդյունքները հասարակության շրջանում վստահություն չեն ներշնչել: Նա նաեւ մի դիտարկում արեց, որը հետագա բոլոր ելույթներում կարմիր թելի պես ընդգծվում էր, եւ որին Ստ. Դեմիրճյանն էլ անդրադարձավ: Կոլոմբիեն մասնավորապես ասաց, թե օրենքներ ընդունելը քիչ է, դրանք հարկ է կիրառել, բայց, «ցավոք, միշտ չէ, որ Հայաստանում օրենքները կիրառվում են»: Նա նաեւ պահանջեց, որպեսզի Հայաստանում կայանալիք հաջորդ ընտրությունները համապատասխանեն եվրոպական չափանիշներին եւ դրա համար Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորեն:

Հաջորդ զեկուցող Միկո Էլոն ավելի շատ ծանրացավ Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա ու ասաց, որ Հայաստանը ԵԽ առջեւ պարտավորություն է ստանձնել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ հակամարտությունը սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար: Տեղին է անդրադառնալ Արմեն Ռուստամյանի ելույթին, որի շեշտադրումները եւս վերաբերում էին ԼՂ խնդրին: Նա ասաց, որ եթե Հայաստանը ԵԽ-ին անդամակցելիս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառություն է ստանձնել, ապա դա բացարձակապես չի նշանակում, որ դրա պատասխանատվությունը միայն Հայաստանինն է. պատասխանատու է նաեւ Ադրբեջանը: «Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը պետք է ինքը կարգավորի հակամարտությունն ու իր կամքը պարտադրի ԼՂ ժողովրդին՝ այն դեպքում, երբ բանակցային գործընթացում ԼՂ-ն որեւէ կերպ ներգրավված չէ»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը՝ նկատելով, որ ԼՂ ժողովուրդն ամենեւին էլ Հայաստանի հլու կամակատարը չէ: Ուստի՝ ըստ նրա, պետք է միջոցներ ձեռնարկվեն ԼՂ-ին բանակցային գործընթացում ներգրավելու ուղղությամբ: Նա նաեւ հայտարարեց, որ «ագրեսորը նա է, ով իրեն ագրեսիվ է պահում եւ զարկ է տալիս սպառազինության մրցավազքին»:

Անդրադառնալով ԼՂ-ում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին՝ Ա. Ռուստամյանը ասաց, թե անհասկանալի է միջազգային կառույցների վերաբերմունքն այդ հանրաքվեի նկատմամբ՝ այն դեպքում, երբ խոսքը մարդկանց տարրական իրավունքների պաշտպանության համար քայլ ձեռնարկելու մասին է, ինչը շատ բնորոշ է քաղաքակիրթ աշխարհին:

Տպավորիչ էր Հոլանդիայի ներկայացուցչի՝ Լեո Պլատբոյտի ելույթը, որում հնչած հայտարարություններում հեռակա հակադրություն կար ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հայտնած որոշ տեսակետների հետ: Տ. Թորոսյանը հայտարարել էր, թե Հայաստանը կատարել է ԵԽ առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ անցած մեկ տարում՝ 27, իսկ վերջին մեկ տարում միայն 51 օրենքներ է ընդունել, 6 ամսվա ընթացքում ընդդիմությունը կարողացել է երկու անգամ օգտվել բարեփոխված Սահմանադրության ընձեռած հնարավորությունից եւ դիմել է ՍԴ, հետեւաբար՝ նրա կարծիքով, Հայաստանը պետք է դուրս գա մոնիտորինգի փուլից: Ի տարբերություն այս կարծիքի՝ Պլատբոյտը շեշտեց, որ օրենքներ ընդունելը քիչ է, պետք է հետեւել դրանց կատարմանը, եւ այդ առումով, ըստ նրա, մոնիտորինգն ավելի շատ պետք է կենտրոնանա հենց ընդունված օրենքների կիրառման վրա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի նկատմամբ մոնիտորինգը պետք է շարունակվի:

Հարկ է հիշատակել նաեւ Ստ. Դեմիրճյանի ելույթը: Նա եւս շեշտեց, որ թեեւ օրենքներն ընդունվել են, բայց դա բավարար համարել չի կարելի: Ստ. Դեմիրճյանը նկատեց, որ սահմանադրական հանրաքվեի կեղծումը վարկաբեկում է եվրոպական ինտեգրացիայի գաղափարը: Նա նաեւ ասաց, թե ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանում որեւէ ընտրություն չի համապատասխանել եվրոպական չափանիշներին, բայց դա դեռեւս չի նշանակում, որ հասարակությունը պատրաստ չէ ժողովրդավարությանը: Ստ. Դեմիրճյանը ընդգծեց, որ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, նաեւ շեշտեց, որ թեեւ անցած տարիների ընթացքում անընդհատ արծարծվել է «Ա1+»-ի հարցը, բայց այդ հեռուստաընկերությունը չի բացվել:

Անդրադառնալով ընտրություններին՝ Ստ. Դեմիրճյանն ասաց, որ դրանք կարող են լինել ազատ, արդար ու թափանցիկ, եթե նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիք կատարած որեւէ մեկը մինչ այս կանգնած լիներ դատարանի առաջ, մինչդեռ դեռեւս ոչ ոք դրա համար պատասխան չի տվել, ուստի՝ այդ առումով ամեն ինչ պետք է անել, որ առաջիկա ընտրությունները նորմալ անցնեն:

Վերջին զեկուցողը Տ. Թորոսյանն էր, որը կրկնեց թե «Ընտրական օրենսգրքում» անհրաժեշտ բոլոր փոփոխությունները կատարված են, տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ, եւ ամեն ինչ արվելու է, որ Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել