Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունվար 24,2007 00:00

\"\"Այս անգամ Երեւանի քաղաքապետի աչքի փուշն է դարձել ընդամենը 21 քմ մակերեսով սեփականաշնորհված ավտոտնակը:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ մարդկանց իրենց սեփականությունից զրկելու «ազգանվեր օպերացիան» շարունակվում է: Այս անգամ, սակայն, Թամարա Դոմազյանի սեփականության օտարումը որեւէ կապ չունի ո՛չ Կենտրոնի կառուցապատման ծրագրերի, ո՛չ էլ «պետական կարիքների» հետ: Պարզապես Իսահակյան 22 հասցեում տեղադրված եւ 21 քմ մակերեսով տարածք զբաղեցնող մի մետաղյա ավտոտնակ ու խորդանոց կա, որը խանգարում է կամ՝ դրա հարեւանությամբ Սամվել Մայրապետյանի կողմից կառուցված բազմահարկին, կամ՝ այդ տարածքի բնակիչ, ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանին, ով, ասում են՝ վաղուց արդեն աչք ունի այդ ավտոտնակի վրա: Իսկ ավտոտնակի նախապատմությունն այս է. դեռ 1971-ին հայտնի վիրաբույժ Վիգեն Մալխասյանը (նրա անունով է անվանակոչված Ա. Միքայելյանի անվան հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը), ով ապրում էր՝ էլի ոչ անհայտ Արտաշես Մելիք-Ադամյանի (նրա անունն է կրում Երեւանի կենտրոնական փողոցներից մեկն ու թիվ 1 հիվանդանոցի թերապիայի բաժանմունքը) բնակարանում, նույն հասցեում՝ Իսահակյան 22 շենքի բակում ավտոտնակ կառուցելու թույլտվություն էր ստացել այն ժամանակվա Մյասնիկյանի շրջսովետի գործադիր կոմիտեի կողմից: Երբ այդ շինությունը սեփականաշնորհելու անհրաժեշտություն էր առաջացել, Վիգեն Մալխասյանի հարսը՝ Թամարա Դոմազյանը դիմել էր քաղաքապետարան եւ 2005թ. հուլիսի 22-ին քաղաքապետի թիվ 1643-Ա որոշմամբ ճանաչվել էր որպես ավտոտնակի սեփականատեր: Սույն որոշման հիման վրա կողմերը՝ Կենտրոնի թաղապետարանը՝ ի դեմս թաղապետ Գագիկ Բեգլարյանի, եւ Թամարա Դոմազյանը հինգ տարով հողի վարձակալության պայմանագիր էին կնքել, կադաստրն էլ տիկնոջը սեփականության վկայական էր հանձնել: Իբրեւ օրինապահ քաղաքացի, սեփականատերը պատշաճ կարգով հողի վարձակալության վճար էր մուծել, բայց մի գեղեցիկ օր՝ 2006թ. հոկտեմբերին, պատահաբար՝ դատական ծանուցագրից, իմացել էր, որ 2006թ. հունիսի 19-ին Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանն իր թիվ 994-Ա որոշմամբ եւ Երեւանի դատախազության միջնորդությամբ փոխել է իր նախկինում կայացրած որոշումը եւ դիմել էր Կենտրոն ու Նորք-Մարաշի 1-ին ատյանի դատարան՝ պայմանագիրը վաղաժամ չեղյալ համարելու պահանջով, ինչը, այլ կերպ ասած, նշանակում էր, որ ավտոտնակն այլեւս Թ. Դոմազյանի սեփականությունը չէ:

2006թ. նոյեմբերի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, բավարարել էր քաղաքապետի հայցը: «Սա այն դեպքում, երբ պայմանագրում չկա այն քաղաքապետի որոշմամբ վաղաժամ լուծարելու հնարավորության մասին դրույթ: Բացի այդ, չեն պահպանվել նաեւ պայմանագրի լուծարման կանոնները, դատարանը անհրաժեշտ չի համարել պարտադրել քաղաքապետարանին՝ փոխհատուցել փաստաթղթերի ձեւակերպման ընթացքում կատարված վճարումները»,- մեր զրույցի ժամանակ ասաց Թ. Դոմազյանի լիազոր անձ ու նրա որդի Վիգենը:

«Ես անձամբ համարում եմ, որ այդ իրավիճակը մեր առանց այն էլ անառողջ դատական համակարգում կարող է վտանգավոր նախադեպերի պատճառ դառնալ: Նախադեպ, որից հետո որեւէ մեկը որեւէ մեկին եւ երբեք չի կարող այլեւս երաշխավորել մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը: Ես պատրաստվում եմ պաշտպանել մեր իրավունքները մինչեւ վերջ՝ դրա համար օգտագործելով ինձ համար հասանելի բոլոր մեթոդները»:

Բանն այն է, որ դատարանի կայացրած վճռի համաձայն, նման որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն քաղաքապետի թիվ 994-Ա որոշումը, այլեւ այն, որ դեռ 2004-ին քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Թ. Դոմազյանի սեփականության իրավունքը շինության նկատմամբ չի ճանաչվել՝ բազմաբնակարան շենքից ոչ բավարար հեռավորության վրա գտնվելու պատճառով: Սույն վճռից ենթադրվում է, որ քաղաքապետի 2005թ. ընդունած որոշումը, որը, ի դեպ, կայացվել է համապատասխան մարմինների ներկայացրած համապատասխան հաշվարկների ու չափումների հիման վրա եւ որով ճանաչվել էր Թ. Դոմազյանի սեփականության իրավունքը, անօրինական է եղել, ինչի համար քաղաքապետը առնվազն պետք է պատասխանատվության ենթարկվի:

Թ. Դոմազյանի լիազոր անձը՝ նրա որդին, սույն որոշումը փորձել էր բողոքարկել վերաքննիչ դատարանում, սակայն այստեղ հայցը վարույթ չէին էլ ընդունել՝ պատճառաբանելով, որ խախտվել են դիմելու համար սահմանված ժամկետները: Վիգենի ասելով, առաջին ատյանի դատարանն ինքն էր խախտել սահմանված կարգն ու վճիռն իրենց էր տրամադրել 2 շաբաթ ուշ: Հիմա Թ. Դոմազյանը՝ ի դեմս իր լիազոր անձի, մտադիր է դիմել ոչ միայն Վճռաբեկ դատարան, այլեւ՝ ՍԴ-ին, ու եթե այս ատյաններում էլ իր սեփականության իրավունքը չվերականգնվի՝ նաեւ Եվրոպական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել