Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատում եմ սցենարները եւ քայլերն անգիր անելը»

Հունվար 30,2007 00:00

Բրիտանացի պարող, պարուսույց, մի շարք բեմադրությունների հեղինակ Նայջել Չարնոքը իմպրովիզների սիրահար է

Հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին Ն. Չարնոքը ելույթ կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Արվեստագետը Երեւանում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հրավերով: Բեմադրությունը, որը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի, կյանքի ու մահվան մասին է եւ կոչվում է «Ֆրանկ»՝ ի պատիվ Չարնոքի հոր:

«Իմ կարծիքով ֆանտաստիկ երկիր ունեք»,- երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում հրավիրված ասուլիսում Ն. Չարնոքը այսպես արտահայտվեց Հայաստանի մասին: Նա ավելացրեց, որ իրեն մի փոքր հայ է համարում. «Մենք բոլորս բարեկամներ ենք, դուք էլ մի քիչ անգլիացի եք»:

Անդրադառնալով իր ներկայացումներին՝ Ն. Չարնոքը նշեց, որ դրանք պարի, երգի եւ դերասանական խաղի համադրություն են: Նա դժվարացավ իր խաղացած ներկայացումների ժանրը հստակ բնորոշել: Նաեւ ասաց, որ պարելը, բեմադրություններ իրականացնելը աշխատանք չի համարում. «Արդեն 25 տարի է՝ անում եմ մի բան, ինչը շատ սիրում եմ»:

Բրիտանացի պարուսույցի բոլոր ներկայացումները բազմաթիվ իմպրովիզներով են ուղեկցվում: «Ես ատում եմ սցենարները կամ պարային քայլերն անգիր սովորելը, ինչը տաղտկալի է: Հաճախ մոռանում եմ՝ որ քայլը որին է հաջորդում, որովհետեւ երաժշտությունն է ինձ առաջնորդում ու թելադրում այս կամ այն շարժումն անել: Իմպրովիզներ եմ անում նաեւ բեմադրությունների տեքստերում»,- ասաց բրիտանացին: Լրագրողի հարցին՝ բեմում հաջորդ քայլը մոռանալու սովորությունը չի՞ վախեցնում արվեստագետին, Ն. Չարնոքը պատասխանեց. «Կվախենայի, եթե ներկայացում խաղայի Գազայի շրջանի կամ Աֆղանստանի պատերազմական գոտում՝ կրակոցների տակ: Իսկ եթե որեւէ գեղեցիկ վայրում՝ բեմում եմ լինում, ինչո՞ւ մտահոգվել: Ամենավատը, որ ինձ հետ կարող է պատահել բեմում, այն է, որ կարող եմ իմ մահկանացուն կնքել այնտեղ»:

Նոր բեմադրությունների պատրաստման վրա բրիտանացի պարուսույցը երկար ժամանակ չի ծախսում. «Ես երկար չեմ պատրաստվում իմ բեմադրություններին, փորձերը ինձ ձանձրացնում են»:

Պարուսույցը նշեց նաեւ, որ համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում. «Ես CD-ների մեծ հավաքածու ունեմ, որոնք օգտագործում եմ ներկայացումներ պատրաստելիս: Դրանց մեջ կան աշխարհի տարբեր ժողովուրդների ստեղծագործություններ: Վերջիններս ձեռք եմ բերել տարբեր շրջագայությունների ժամանակ: Հայաստանից էլ հայկական երաժշտության հավաքածուներ եմ տանելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել