Լրահոս
Օրվա լրահոսը

Շտայնմայերն օրիգինալ չէր

Փետրվար 21,2007 00:00

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ Երեւանում ավարտեց իր տարածաշրջանային այցն ու դրա արդյունքներով ասուլիս տվեց: Մինչ այդ Շտայնմայերը եղել էր Թբիլիսիում եւ Բաքվում, ուստի սպասվում էր, որ նրա հարավկովկասյան ուղեւորության երեւանյան ամփոփումը քիչ թե շատ հետաքրքիր կլինի: Սակայն Գերմանիայի արտգործնախարարը կարծես թե չարդարացրեց ասուլիսին անսովոր առատ թվով ներկա լրագրողների հույսերը՝ հնչեցնելով միանգամայն կանխատեսելի դիրքորոշումներ եւ ընդհանուր բնույթի գնահատականներ: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Եվ այսպես, ըստ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրամիությունը շահագրգիռ է կայուն եւ զարգացած Հայաստանով, քանի որ տարեսկզբին եվրոպական այդ կառույցին Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցումից հետո ԵՄ սահմաններն անմիջականորեն մոտեցել են հարավկովկասյան տարածաշրջանին, ու Հայաստանը, փաստորեն, դարձել է ԵՄ հարեւան: Բանախոսի համոզմամբ, անհրաժեշտ է, որ ԵՄ-ն ավելի շատ ներդրումներ անի այստեղ՝ նպաստելով ՀՀ անվտանգության համակարգի ամրապնդմանն ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: «Հայաստանը շահագրգռված է սեւծովյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցության զարգացմամբ, իսկ այդ համագործակցությունը տանում է դեպի Եվրամիության հետ էլ ավելի մերձեցման»,- ասաց Գերմանիայի արտգործնախարարը, միեւնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ այդ գործընթացները մթագնվում են Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությամբ: Այդուհանդերձ, նա նշեց, որ, իր տպավորությամբ, ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում պատրաստակամ են ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, եւ որ 2007թ. ընթացքում այդ հարցի վերջնական կարգավորումն ինքը չի բացառում: Շտայնմայերը որոշ դրական ազդակներ նշմարեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններում՝ որպես այդպիսին առանձնացնելով Հրանտ Դինքի թաղմանը ՀՀ պաշտոնական պատվիրակության մասնակցության հանգամանքը: Ի դեպ, ասուլիսի մյուս բանախոս Վարդան Օսկանյանը, ի պատասխան գերմանացի լրագրողներից մեկի հարցին, նույնպես չբացառեց այս տարի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ ընտրություններից հետո, ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ տեղաշարժերի հնարավորությունը: «Սակայն իմ լավատեսությունը շատ զուսպ է»,- վերապահում արեց ՀՀ ԱԳ նախարարը: Դառնալով ԱԺ ընտրություններին՝ Գերմանիայի արտգործնախարարը հույս հայտնեց, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը կնպաստի իրավական պետության ձեւավորմանը: Ըստ նրա, Գերմանիայում, ինչպես նաեւ Եվրամիությունում, ուշադրությամբ կհետեւեն հայաստանյան ընտրությունների ընթացքին: Նա հաստատեց, որ այդ գործընթացներին հետեւելու է շուրջ 300 եվրոպական դիտորդ, որոնցից 30-ը կներկայացնեն Գերմանիան:

Շտայնմայերը մի քանի խոսքով անդրադարձավ նաեւ էներգետիկ հարցերին, նշելով, որ Հայաստանը հաջողությամբ դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ աղբյուրները, մասնավորաբար՝ իրականացնելով Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել