Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՒՃԱՊ՝ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ

Մարտ 13,2007 00:00

\"\"Հարկահավաքները տոնավաճառների տերերին հարկային դաշտ բերելու փոխարեն՝ առեւտրականներին են «ճնշում»:

Օրերս Մալաթիայի հագուստի տոնավաճառում հարկային մարմինները շրջայց են կատարել ու այնտեղ տեղակայված բոլոր վաճառականներին մեկ առ մեկ զգուշացրել, որ վերջիններս պետք է մտնեն հարկային դաշտ ու որպես նախնական վճար՝ պահանջել են մուծել 8 հազար դրամ՝ յուրաքանչյուր տաղավարի համար: Ներկայումս տոնավաճառում իսկական սուգ է, շատ վաճառականներ պատրաստվում են թողնել իրենց կրպակն ու դառնալ գործազուրկ, որովհետեւ առանց հարկերի էլ նրանք ամսական 100 հազար դրամից ավելի միայն տեղի վարձ են տալիս տոնավաճառի տիրոջը: Սակայն որքան էլ վաճառականները մուծվեն տոնավաճառի տերերին, տվյալ դեպքում՝ «Ռաֆայել-Տաթեւ» ՍՊԸ-ի տնօրինությանը, այդ մուծումները հարկայինի հետ որեւէ կապ չունեն:

Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Մալաթիայի տոնավաճառը գործում է: Շատ առեւտրականներ տոնավաճառի հիմնադրման առաջին իսկ օրերից այնտեղ առեւտուր են անում եւ բարեխղճորեն վճարում տոնավաճառի տիրոջ պահանջած ամսական վճարները, որոնցից պետբյուջե միայն չնչին տոկոսներ են մտնում, քանի որ ՀՀ հարկային օրենսդրությամբ՝ տոնավաճառները մեր երկրում հաստատագրված հարկով են աշխատում: Իսկ դա նշանակում է, որ չնայած տարեցտարի տոնավաճառի տնօրինությունը առեւտրականներին տրամադրած մեկ-երկու քմ տարածքի համար սահմանում է չլսված ու չտեսնված բարձր վարձավճարներ, առիթ-անառիթ տուգանում նրանց ու օրական ստանում հսկայական եկամուտներ՝ հարկայինին նրա վճարած գումարներն այդպես էլ չեն ավելանում: Փոխարենը՝ հարկայինը «չոքում» է օրվա հացը վաստակող առեւտրականների կոկորդին ու պահանջում մտնել օրինական դաշտ, սա այն դեպքում, երբ նրանք, բացի տեղի վարձերից, ապրանքը ներմուծելիս մաքսայինին էլ համապատասխան վճարումներ են անում:

Մինչ օրս տոնավաճառում առեւտուր իրականացնողների մտքով չի էլ անցել, որ իրենք այսքան տարի գործում են «ապօրինի»: Միայն օրերս հարկային մարմինների կատարած այցը նրանց անակնկալի է բերել:

Բանն այն է, որ 1997-ին ընդունված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարած լրացումների համաձայն, ապօրինի գործող բոլոր խանութները, կրպակները, տաղավարները ենթակա են գրանցման: Ինչպես «Առավոտին» պարզաբանեցին Հարկային պետական ծառայության լրատվական բաժնից, տոնավաճառներում տեղակայված կրպակների մեծ մասը հարկայինում գրանցված չէ, կրպակատերերը առեւտրային գործունեություն են իրականացնում՝ առանց որեւէ հարկային պարտավորություն կատարելու. «Փաստորեն, այդ տաղավարներն ապօրինի են գործում եւ ենթակա են գրանցման, հարկային մարմինները կատարում են օրենքի պահանջը՝ առեւտրականներին ասում են՝ եկեք մարդավարի գրանցվեք եւ նորմալ հարկ վճարեք, որ իրավունք ունենաք տնտեսական գործունեությամբ զբաղվելու»: Հարկահավաքները հարկային դաշտ են հրավիրել ոչ միայն Մալաթիայի, այլեւ բոլոր մյուս տոնավաճառների առեւտրականներին: Ինչպես տեղեկացրին Հարկայինից՝ տոնավաճառների տերերին զգուշացվել է, որ եթե նրանց տարածքում ապօրինի, այսինքն՝ չգրանցված որեւէ տաղավար լինի՝ կենթարկվեն պատասխանատվության: Կրպակատերերին հարկային դաշտ բերելը նպատակ ունի, որպեսզի տոնավաճառների գործունեությունն ընդհանրապես ստվերից դուրս գա:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ 2005-ի մարտին, Հարկայինը բոլոր տոնավաճառների (այդ թվում՝ սննդի) առեւտրականներին հարկային դաշտ բերելու համար որոշել էր յուրաքանչյուր տաղավարում հսկիչ դրամարկղային մեքենա տեղադրել: Թեեւ վաճառականները ցույցերի միջոցով կարողացան միառժամանակ հետաձգել ՀԴՄ-ների տեղադրումը, սակայն բոլորին էլ հայտնի է, որ վաղ թե ուշ ՀԴՄ-ները դառնալու են պարտադիր պահանջ, որպեսզի բոլոր տոնավաճառների շրջանառությունը երեւա եւ առեւտրականների օրվա եկամուտներից բաժին հասնի ոչ միայն տոնավաճառի տնօրինությանը, այլեւ ՀՀ պետբյուջեին: ՀԴՄ տեղադրելու առաջին քայլը նախեւառաջ հարկային դաշտում գրանցվելն է, որն էլ ներկայումս իրականացվում է տոնավաճառներում:

Նկատենք, որ տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրումը շատ ցավոտ է լինելու, որովհետեւ առանց այդ էլ տարածքի տերերը վաճառականներից այնքան տարաբնույթ ու տարատեսակ վարձեր, տույժ-տուգանքներ են պահանջում, որ պետությանը հարկ վճարելու տեղ չի մնում: Օրինակ՝ Մալաթիայի տոնավաճառում եթե նույնիսկ հաճախորդը տաղավարների մոտով անցնելիս ծխախոտի մնացորդը նետի գետնին ու կրպակատերը ժամանակին չնկատի ու չմաքրի այն՝ կտուգանվի 12 հազար դրամով, եթե գումար չունենա եւ տուգանքը չմուծի՝ ոչ միայն տոկոսներ կավելանան, այլեւ կրպակատիրոջ նկատմամբ կկիրառվեն ստորացուցիչ այլ մեթոդներ, օրինակ՝ նա ստիպված պետք է լինի աշխատանքից հետո մնալ տոնավաճառում ու ավլել տարածքը: Չնայած այսպիսի տառապանքների գնով օրվա հացը վաստակելու վաճառականների ջանքերին, հաշվի առնելով տոնավաճառների տերերի ազդեցիկության հանգամանքը, պետությունը չի փորձում մի քիչ էլ ծանրությունը վաճառողներից տեղափոխել տերերի վրա կամ գոնե կիսել այդ բեռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել