Լրահոս
Օրվա լրահոսը

Կգործի լրագրողական Վարքականոն եւ Դիտորդ մարմին

Մարտ 14,2007 00:00

ԵՄԱ այս նախաձեռնությունը առաջատար ԶԼՄ-ների սրտով է

Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախաձեռնությամբ՝ մի շարք լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարների մարտի 10-ի հավաքում ընդունվել էր լրագրողական Վարքականոն եւ ընտրվել 7 անդամից բաղկացած Դիտորդ մարմին: Վերջինիս առաքելությունը Վարքականոնի խախտումներին առնչվող դիմում-բողոքների քննարկումն ու համապատասխան եզրակացությունների կայացումն է լինելու, երեկ Ժուռնալիստի տանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նախաձեռնությանը միացել են 21 լրատվամիջոց, 8 լրագրողական կազմակերպություն եւ անհատ լրագրողներ («Ա1+», «Առավոտ», «Ազգ» օրաթերթեր, «Արմինֆո» լրատվական գործակալություն, «Ռադիոհայը», «Լրագիր» էլեկտրոնային թերթը եւ այլք): Դիտորդ մարմնի անդամներից 3-ը լրատվամիջոցների, 4-ը՝ լրագրողական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ են:

Բորիս Նավասարդյանը, մասնավորապես, տեղեկացրեց. «Հայաստանում ինքնակարգավորման ինստիտուտ ձեւավորելու գաղափարը ծնվել էր դեռեւս 90-ականներից, սակայն այդ ժամանակահատվածում մեր լրատվամիջոցները կարծես պատրաստ չէին նման գաղափարի շուրջ միավորվելու: Շարունակելով մեր աշխատանքը, կազմակերպելով մի շարք այցելություններ օտարերկրյա նմանատիպ կազմակերպություններ, հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ավելի լավ հասկանալ, թե ինչպես են աշխատում նման մեխանիզմները»: Դիտորդ մարմնի բոլոր 7 անդամներն էլ նախագահելու են հերթականությամբ, այսինքն՝ այն ղեկավարվելու է ռոտացիոն կարգով: Խորհրդի ստեղծվելուց հետո առաջին միջոցառումներն են լինելու մարտի 13-14-ը «Կոնգրես» հյուրանոցում կայանալիք սեմինարները՝ նվիրված մամուլի ինքնակարգավորման ինստիտուտներին, լրագրողական էթիկայի նշանակությանը՝ տարբեր խնդիրներ լուսաբանելիս: Սեմինարներին մասնակցելու են ոչ միայն հայաստանյան ԶԼՄ-ներից, այլեւ լրագրողներ Թուրքիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Վրաստանից:

Այն լրատվամիջոցները, որոնք միացել են ԵՄԱ-ի նախաձեռնությանը եւ ստորագրել են նորաստեղծ Վարքականոնը, ունեն որոշակի պարտավորություններ: Օրինակ, պետք է Դիտորդ մարմնի այս կամ այն եզրակացությունը հարկ եղած դեպքում հրապարակեն ու ցուցադրեն: Վարքականոնը ներառում է նաեւ «Հռչակագիր՝ ընտրությունների եւ հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ» հավելված: Ցանկացած պահի այլ լրատվամիջոցներ եւս կարող են միանալ ԵՄԱ-ի նախաձեռնությանը:

ՀԺՄ նախագահ, Դիտորդ մարմնի անդամ Աստղիկ Գեւորգյանը նշեց. «Չնայած ուշ ենք սկսել իրականացնել գաղափարը, սակայն չենք ուշացել, իսկ ուշացած լինելն էլ կյանքի թելադրանքով էր պայմանավորված՝ ուզում էինք, որ հասունանար այս ամենը: Համոզված եմ, որ առաջիկայում կստեղծվի լրագրողական համերաշխությամբ մի կառույց, որն իր խոսքը կասի բոլոր վճռական պահերին: Չնայած մեր սկսած աշխատանքը համընկել է գալիք ընտրությունների հետ, սակայն ընտրություններով պայմանավորված չէ: Դիտորդ մարմինը զուտ ընտրությունների համար ստեղծված կառույց չէ»:

Հ. Գ. Վարքականոնը, Հավելվածը, Դիտորդ մարմնի կազմը եւ փաստաթղթերը ստորագրած լրատվամիջոցների ցանկը կհրապարակվեն «Առավոտի» մարտի 17-ի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել