Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԱՆԿԵՂԾ ՉԷ»

Մարտ 23,2007 00:00

Ասում է ՀՀՇ վարչության եւ «Այլընտրանք»-ի անդամ Երջանիկ Աբգարյանը

«Ռեգնում» գործակալությանը մարտի 21-ին հյուրընկալված արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում. «Մենք 1996-ին կերազեինք նման ձեւակերպումների մասին: Մինչ 1998 թվականը հակամարտության կարգավորման վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ սկսվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջության թեզով, եւ մնացածը ներկայացվում էր միայն այդ համատեքստում: Այս ամենը փոխվեց 1998-ից հետո: Քայլ առ քայլ մենք հասանք նրան, որ ներկայիս փաստաթղթի հիմքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումն է՝ հանրաքվեի միջոցով»:

Այն տարբերակը, որն այժմ է քննարկվում՝ դեռ գաղտնազերծված չէ: Սակայն 2001-ի փետրվարին Հայաստանը հրապարակեց մինչ այդ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկները։ Եվ մասնավորապես «ընդհանուր պետություն» անվանումը ստացած առաջարկի բովանդակությունը ստիպում է վերապահությամբ ընդունել պրն Օսկանյանի պնդումը, թե իրավիճակը փոխվել էր 1998-ից հետո:

Երջանիկ Աբգարյանը մեր զրույցի ընթացքում մեջբերումներ արեց հրապարակված փաստաթղթերից: Նախ՝ 1997-ի հուլիսին ներկայացված «ԼՂ հակամարտության համընդհանուր կարգավորման մասին» համաձայնագրի նախագծի կամ, այսպես կոչված, «փուլային» տարբերակի մասին ասաց. «Առաջարկը բաղկացած էր երկու համաձայնագրերից, որոնցից երկրորդի նախաբանում ԼՂ կարգավիճակն իսկապես նշվում էր Ադրբեջանի կազմում»: Իսկ 1997-ի դեկտեմբերին ներկայացված «փուլային» տարբերակի կամ ավելի ստույգ՝ «Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության դադարեցման մասին» համաձայնագրի նախագծում, ըստ Երջանիկ Աբգարյանի՝ «Այդպիսի որեւէ ձեւակերպում գոյություն չունի: Նախագծում կարգավորված էին միջանցքի, ճանապարհների հարցերը: Իսկ կարգավիճակի մասին ասվում էր հետեւյալը, թե 3 կողմերը (ուշադրություն դարձրեք՝ ոչ թե 2, այլ 3 կողմերը) այս համաձայնագրով վերջ են տալիս հակամարտության ռազմական ասպեկտին, համաձայնում են շարունակել բանակցությունները Մինսկի համանախագահող երկրների հետ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հրավերներին համապատասխան, որպեսզի համաձայնության հասնեն հակամարտության համընդհանուր կարգավորման բոլոր կողմերի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքական, որն իր մեջ ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Լաչինի խնդրի լուծումը, Շուշիի եւ Շահումյանի հիմնահարցերի լուծումը»: Այսինքն՝ կարգավիճակի հարցը մնում էր առկախ, թեեւ ԱԳ նախարարն այժմ պնդում է, թե նաեւ այդ փաստաթուղթը սկսվել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին թեզով:

Այնուամենայնիվ, իրոք այս ամենը փոխվե՞ց 1998-ից հետո: «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ամբողջական կարգավորման սկզբունքների մասին» առաջարկը ներկայացվեց 1998-ի նոյեմբերին: Եվ այս առաջարկում, ըստ Երջանիկ Աբգարյանի՝ «շատ պարզ գրված է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հանրապետության ձեւի պետական տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ուրեմն պրն Օսկանյանը, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէ, քանի որ 1998-ից հետո ստացված այս առաջարկում որեւէ կերպ չէին նշմարվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ինքնորոշման իրավունքի լուծման ուղղությամբ քայլեր»:

Ներկա փաստաթղթի մասին ԱԳ նախարարի դիտարկման առնչությամբ, թե 1996-ին կերազեինք նման ձեւակերպումների մասին՝ ՀՀՇ վարչության անդամն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը երբե՛ք երազանքներով չէ, որ վերաբերվել է քաղաքականությանը: Նախկին իշխանությունների գործելակերպը փաստերը ու կարողությունները հաշվի առնելն էր եւ միջազգայնորեն ընկալելի գործելակերպ որդեգրելը: Տվյալ դեպքում Հայաստանը առաջարկված տարբերակներից ընտրում էր այն, որը մեր երկիրն այդ պահին կարող էր մտցնել կոնկրետ ու գործնական գործընթացի մեջ»:

Այլ հարց է, թե ինչու է Վարդան Օսկանյանը, որն ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ այն 6 անձանցից էր, որոնք փորձագիտական մակարդակով տիրապետում էին բանակցային գործընթացին, այժմ փաստաթղթերի մանրամասների մասին անում իրականությանը ոչ այնքան համապատասխանող պնդումներ: «Արդեն 10 տարի է՝ իշխանությունը ղարաբաղյան եւ ընդհանրապես՝ արտաքին քաղաքական հարցերում իմիտացիոն իշխանավարություն է իրականացնում,- ասում է Երջանիկ Աբգարյանը:- Չեն ուզում լուծել Ղարաբաղի հարցը, բայց ցույց են տալիս, թե բանակցություններ են վարում: Նրանք այդ հարցը լուծելու կարողություն չունեն կամ էլ՝ այնքան են ենթակա օտար տերերի թելադրանքին, որ բացարձակապես ի վիճակի չեն որեւէ որոշում կայացնել, եթե օտարն ասում է՝ ո՛չ»:

ԱԳ նախարարը ժամանակ առ ժամանակ անում է հայտարարություններ, որոնք, էլի մեղմ ասած, տեղիք են տալիս հարցականների: Ասենք, 2004-ի հոկտեմբերին պրն Օսկանյանը խորհրդարանական ամբիոնից ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Այսօր Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքն իրական է, եւ միջազգային հանրությունը դրան նայում է շատ նորմալ»: Անցած 3 տարում այս պնդումը որեւէ կերպ չհաստատվեց, եւ ՀՀՇ վարչության անդամն ասում է. «Զարմանալին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նման անպատասխանատու հայտարարություններ անելու այս ձեւն ընտրելն է: Ի՞նչ է նշանակում, թե գիտի, որ միջազգային հանրությունն այսպես ու այնպես… ԱԳ նախարարը պետք է իր կարծիքը հայտնի ստույգ փաստերի՛ հիման վրա եւ ոչ թե՝ լսածի կամ ասածի: Մեզ էլ էին արեւմտյան երկրների ներկայացուցիչներն ասում՝ ի՜նչ լավ հաջողություն ունեցաք Լաչինում կամ Քելբաջարում, բայց փաստաթղթերում արձանագրում էին այլ բաներ: Մենք այդ մասին երբեք չէինք հայտարարում: Սա գործելակերպ չի: Պետական պաշտոնյան պետք է հիմնվի միայն իրողությունների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել