Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս քաղաքագետը վերլուծում եւ գնահատում է

Մարտ 23,2007 00:00

Վյաչեսլավ Նիկոնովը՝ հայաստանյան ընտրությունների մասին

Ռուսաստանցի քաղաքագետ, «Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը «Նովոստի Արմենիա» կայքում երեկ անդրադարձել է հայաստանյան առաջիկա համապետական ընտրություններին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, քաղաքագետը վկայակոչելով սոցհարցումները՝ կարծիք է հայտնել, թե Հայաստանի ընտրողների մեծ մասը գտնում է, որ Սերժ Սարգսյանն է նախագահի պաշտոնում փոխարինելու Ռոբերտ Քոչարյանին:

«Ուժեղ, բայց ճկուն գործիչ, նա ամուր կապեր է ստեղծել ռուսական ղեկավար շրջանակների հետ»,- գրում է Նիկոնովը՝ ավելացնելով, թե Սերժ Սարգսյանին «իրավամբ համարում են դեպի Մոսկվայի հետ համագործակցության խորացումը կողմնորոշված գործիչ», որը միաժամանակ «Արեւմուտքում խիստ ալերգիա չի առաջացնում»: Իսկ որպեսզի Սարգսյանը նախագահի պաշտոնի համար իրական շանսեր ունենա, ըստ վերլուծաբանի, ՀՀԿ-ն, որի խորհրդի նախագահն է նա, պետք է իր առավելությունը ցույց տա Ազգային ժողովի ընտրություններում: Մինչդեռ նրանց ցուցակի օգտին, ըստ հարցախույզի, պատրաստ է քվեարկել ընտրողների 21 տոկոսը: Ռուս քաղաքագետը ընտրարշավի լիդեր է անվանում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը՝ այն անվանելով «իշխանական կուսակցության պահեստային տարբերակ, որի մեկնարկն ավելի հաջող էր, քան իշխանականինը։ Իրեն՝ Ծառուկյանին, որը նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, դժվար է Հայաստանի նախագահ պատկերացնելը, ու չի երեւում, որ նրա հավակնություններն այդքան հեռուն են գնում»:

Հինգտոկոսանոց արգելքը, Նիկոնովի կարծիքով, կարող են հաղթահարել երեք-չորսը: Ըստ նրա, հայկական Յուշչենկոյի դերին հավակնում է Արթուր Բաղդասարյանը, որն անցել է «բոլոր նախագահների զինակցից ու խորհրդարանի նախագահից մինչեւ գլխավոր ընդդիմադիրի էվոլյուցիան»: Նրա ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցության 8 տոկոս վարկանիշի մասին խոսելով՝ ռուս քաղաքագետը գրում է. «Դատելով ամերիկյան մամուլում Բաղդասարյանի հրապարակումներից՝ ԱՄՆ-ում կամ նրան դաշնակից երկրներում քաղաքական ուժեր կան, որոնք պատրաստ են խաղագումարը հենց նրա վրա դնել: Եվ հավանական է, որ հենց Բաղդասարյանի հետ է հնարավոր «նարնջագույն» սցենարի խաղարկումը»:

Ռուս քաղաքագետը ենթադրում է, որ ԱԺ անցնելու շանսեր ունի «Ազգային միաբանություն»-ը (7 տոկոս՝ ըստ հարցումների): Իսկ ՀԺԿ-ն, Վ. Նիկոնովի վկայակոչած անհասցե հարցումների համաձայն, «այսօրվա դրությամբ կարող է ձայների 3 տոկոս ակնկալել»: ՀՅԴ-ի համար 6 տոկոսի վարկանիշ ենթադրելով՝ քաղաքագետը գրում է. «Դժվար թե նա կարողանա նախագահի ընտրություններում մրցունակ թեկնածու առաջադրել»: Մյուս կուսակցությունները, ըստ վերլուծաբանի, վիճակագրական սխալանքի չափով վարկանիշներ ունեն եւ ընտրություններում կարող են, թերեւս, միայն «փչացնողի» դեր կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել