Լրահոս
Օրվա լրահոսը

Խմել է «հայրենիքի ջուրը»

Մարտ 29,2007 00:00

\"\"Բացակա լինելով Հայաստանից

Արաբկիր համայնքի Սոսեի փողոցի 22/2 տան սեփականատեր Սպարտակ Դանիելյանը հանրապետությունից բացակայում էր, երբ իմացավ, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում իր դեմ քաղհայց կա: «Երեւան-Ջուր» ՓԲԸ-ն դիմել էր դատարան, հայտնելով, որ Դանիելյանի բնակարանում տեղադրված ջրաչափի հաշվիչի վրա արձանագրված ցուցմունքը կազմել է 591խմ:

ՓԲԸ-ն քաղաքացուց պահանջում էր 127 186 դրամ գումար բռնագանձել՝ «որպես պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով առաջացած պարտքի գումար»: Առաջին ատյանի դատարանն առանց պատասխանողին գտնելու, առանց նրա ներկայացուցչի, բավարարել էր հայցը: Քանի որ պատասխանողը հանրապետությունից տարիներ շարունակ դուրս էր գտնվում, բնականաբար, վճիռը չէր բողոքարկվել եւ այն մտել էր ուժի մեջ: Այս ամենի մասին պատասխանող Ս. Դանիելյանն իմացել է պատահաբար, երբ անցյալ տարվանից արդեն Երեւանում էր, եւ վճռի կայացումից մեկ տարի ուշացումով էլ նրա դուռն են ծեծել հարկադիր ծառայության աշխատակիցները:

Ս. Դանիելյանը դիմել է ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վճռաբեկ դատարան, ներկայացրել ապացույցներ: Շեշտվում է այն հանգամանքը, որ իրեն ծանուցագիր չի ուղարկվել: Քաղաքացուն չի ուղարկվել նաեւ իր դեմ կայացված դատարանի վճիռը: Հետեւաբար, քաղաքացին զրկված է եղել այն բողոքարկելու հնարավորությունից: Էլ չենք խոսում այն մասին, թե ինչպես է ջուրն օգտագործվել, երբ այն օգտագործող չկար:

«Դատարանը գործի քննությանը չմասնակցած անձի՝ իմ իրավունքների ու պարտականությունների հարցն է լուծել՝ առանց ինձ»,- «Առավոտին» ասաց Ս. Դանիելյանը:

Արաբկիրի համայնքի թիվ 9 տեղամասի լիազոր-ներկայացուցիչ Մ. Վարդանյանը տեղեկանք էր տվել, որ բնակիչը 2003թ. հուլիսից 2005-ի օգոստոսը չի բնակվել իր բնակարանում. «Նշված ժամանակամիջոցում ջուր չի օգտագործվում, էլեկտրաէներգիա չի ծախսվում, հեռախոս չի աշխատում»,- տեղեկացրել էր լիազոր-ներկայացուցիչը: «Վերոհիշյալ տեղեկանքը չի հանդիսացել քննության առարկա, որի արդյունքում դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում»,- նշում է պատասխանողը:

Քաղաքացիական գործերով կողմերին հաշտության հնարավորություն է տրվում: Առաջին երկու դատական ատյաններում բնականաբար կողմեր չեն եղել եւ չի ուսումնասիրվել նման հնարավորությունը: «Երեւան-Ջուրը» տեղեկանալով, որ Դանիելյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, նոր ջրաչափ է տեղադրել վերոհիշյալ բնակարանում, պատասխանողից ստանալով աշխատանքների դիմաց գումար, ինչպես նաեւ ջրաչափի գումարը:

«Վճռաբեկ դատարանում իմ բողոքի քննությունն ունի բարոյական եւ կենսական նշանակություն, ուստի խնդրել եմ վճռաբեկ դատարանից բողոք բերելու համար ժամկետի բացթողումը վերականգնել»,- երեկ տեղեկացրեց այս գործով իրենից անկախ հանգամանքներում «հեռակա» պատասխանող դարձած Ս. Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել