Լրահոս
Օրվա լրահոսը

Միեւնույն է՝ կաշառք վերցնում են

Ապրիլ 02,2007 00:00

\"\"Պետավտոտեսուչները տեսախցիկից խուսափելու ձեւը գտել են

Հունվարի 1-ից ոստիկանական համակարգում մեծ փոփոխություններ եղան, որոնք սկսվեցին նախեւառաջ պետավտոտեսչության անցակետերի փակումից. պետավտոտեսուչներին անվանեցին ճանապարհային ոստիկաններ, նրանց արգելեցին փողոցներում «դիրքավորվել», խախտում արած վարորդներին կանգնեցնել ու նրանցից 500-1000 դրամ վերցնելով՝ ճանապարհել: Այդ «բարեփոխումների» համար մեր կառավարությունը Համաշխարհային բանկից պետք է, նախնական պայմանավորվածության համաձայն, 10 մլն դոլար վերցնի, որով տեսախցիկներ ու նոր մեքենաներ պետք է գնի: Առայժմ ոստիկանության ունեցած բյուջեի հաշվին տեսախցիկներ տեղադրվել են միայն մի քանի կենտրոնական փողոցում:

Չնայած «բարեփոխումներից» անցել է շատ կարճ ժամանակ՝ ընդամենը 3 ամիս, բայց արդեն այսօր էլ պետավտոտեսուչները, կարելի է ասել, «յուրացրել» են նոր ներդրված համակարգի բացերը ու հասցրել դրանք ծառայեցնել իրենց գրպանի օգտին: Օրինակ, արդեն որքան ժամանակ է՝ Օպերայի շրջակայքում թաքնված տեսախցիկներ են տեղադրվել: Օրերս, երբ մեքենաներից մեկը, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, մտել է փակ փողոց, տարածքում շրջող ճանապարհային ոստիկանները, արձանագրելով խախտումը, 20 հազար դրամանոց խախտման փոխարեն ընդամենը 3000 դրամանոց ակտ են կազմել: Այնուհետեւ տեսախցիկի համար ձեւական բարի երթ մաղթելով վարորդին՝ նրան թաքուն հորդորել են, որ հետեւի իրենց: Ոստիկանը վարորդին տարել է այնպիսի ներբակային փողոց, որտեղ հաստատ տեսախցիկներ չկան ու այնտեղ արդեն պահանջել իր վարձատրությունը, ասելով՝ «պիտի 20 հազար դրամ տայիր՝ մի 8000 դրամ ինձ տուր ու գնա»:

Նկատենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ ՃԵԿ-ի ամեն մի կանոն խախտելու համար հսկայական տուգանքներ են սահմանվում: Բնականաբար, վարորդներն էլ նման խոշոր տուգանք չվճարելու համար շահագրգռված կլինեն նախկինում ձեւավորված «ավանդույթի» պես ոստիկանի հետ համաձայնության գալ եւ նրան ավելի քիչ «մուծվել»: Ստացվում է, որ ոստիկանությունում տեղի ունեցած «բարեփոխումները» ծառայելու են նրան, որ պետավտոտեսուչը, որը նախկինում բավարարվում էր օրինախախտ վարորդի տված 1000 դրամով, հիմա արդեն փոքր գումարով չի բավարարվելու, իսկ նրա գանձած օրինական տուգանքից պետբյուջե մտնելու է այնքան գումար, որքան նախկինում: Այսինքն՝ այդ փոփոխություններից ո՛չ բյուջեն է ավելանալու, ո՛չ էլ կոռուպցիան է կրճատվելու: Փոխվելու է միայն այն, որ Համաշխարհային բանկից վերցրած 10 մլն դոլարն էլ, որպես պարտք, ծանրանալու է բյուջեի վրա:

Երեկ ոստիկանության համակարգի փոփոխությունների համար ՀԲ-ի խոստացած գումարի առնչությամբ բանկի երեւանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Վիգեն Սարգսյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ դեռ վերջնականապես հաստատված չէ՝ 10 միլիո՞ն են տալու, թե՞ ավելի քիչ, բայց գումարը միանգամից չեն փոխանցելու եւ եթե ընթացքում տեսնեն, որ փոխանցումներն իրենց նպատակին չեն ծառայում՝ ֆինանսավորումը դադարեցնելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել