Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԼԻՆՑԻՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Ապրիլ 04,2007 00:00

\"\"Այն, որ Թալին քաղաքը վերջին 5-6 տարում անհամեմատ բարեփոխվել է, նկատելի է թե՛ տեղաբնակների եւ թե՛ դրսի այցելուների համար: 2002թ. Մնացական Մնացականյանը ընտրվելով Թալինի քաղաքապետ, «ժառանգեց» համայնքի նախկին իշխանությունների կողմից թողնված 10 մլն դրամ աշխատավարձի պարտք:

Պաշտոնավարման ընթացքում նոր ղեկավարը հասավ այն բանին, որ ոչ միայն մարվեցին պարտքերը եւ աշխատավարձերը սկսեցին տրվել ժամանակին, այլեւ 2002-ի 40 մլն դրամի բյուջեի փոխարեն այսօր այն անցնում է 88 միլիոնից: Կատարվել են բարեկարգման աշխատանքներ, վերանորոգվել է ջրամբարը, ասֆալտապատվել եւ լուսավորվել են փողոցները, կառուցվել է բնագիտամաթեմատիկական դպրոցի նոր մասնաշենք: Այս տարվա հունվարի 1-ից շահագործման հանձնվեց նորակառույց մարզադպրոցը՝ կոմունալ բոլոր հարմարություններով եւ 3 դահլիճով: Թալինի հանրակրթական 3 դպրոց, երաժշտական դպրոցը, քաղաքապետարանն ու կառույցի ենթակայության տակ գործող մանկապարտեզը անցել են ջեռուցման լոկալ համակարգի: Քաղաքն ամբողջությամբ գազիֆիկացվել է, միայն մեկ թաղամասում աշխատանքները կավարտվեն մինչեւ մայիսի վերջը: Ֆրանսիական «Սաուր» ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, կփոխվեն քաղաքի երեք փողոցների ջրագծերը, որոնք ունեն շուրջ 40 տարվա վաղեմություն:

Բնականաբար, այս դրական փոփոխությունը կապվում է համայնքի ղեկավարի գործունեության հետ: Ծնունդով թալինցի, մասնագիտությամբ ինժեներ-զոոտեխնիկ Մնացական Մնացականյանը իր աշխատանքային ողջ գործունեությունը նվիրել է Թալինին եւ հարակից գյուղերին: Սկզբում աշխատել է Գառնահովիտի սովխոզում որպես գլխավոր անասնաբույժ, այնուհետեւ՝ Թալինի գյուղվարչությունում, որի լուծարումից հետո հիմնել է «Թալին 3» գյուղմթերքների արտադրական կոոպերատիվը: Աշխատել է Թալինի ավտոտրանսպորտի ճանապարհային ձեռնարկության տնօրեն: 2002-ին ընտրվել է Թալինի քաղաքապետ, 2005-ին՝ վերընտրվել: Մնացական Մնացականյանի աշխատանքային գործունեության տարիներին Թալինի զարգացումն ու բարեփոխումները նկատում եւ գնահատում են համաքաղաքացիները: Այդ է վկայում մեր անցկացրած փոքրիկ հարցախույզը: Համաքաղաքացիները նրան հարգում եւ գնահատում են որպես ժողովրդական, սկզբունքային եւ պատասխանատվության զգացումով օժտված ղեկավար: Համաքաղաքացիներից մեկն ասաց. «Մարդն ամենակարող չէ, որ իր ուժերից մեծ գործեր անի, ոչ էլ դրա համար կախարդական փայտիկ ունի: Բայց երբ ունի պատասխանատվության զգացում, ամեն ինչի էլ հասնում է: Էս մարդը մեր ծոցից է դուրս եկել, գյուղացու հոգսը նրան ծանոթ է: Ժամանակին ինքն էլ է բահը ձեռքն առել, մեզ հետ աշխատել: Երբ դարձավ քաղաքապետ, մնաց էլի նույն հասարակ թալինցին՝ էլի մեզ հետ, մեր կողքին: Անում է հնարավոր ու անհնարին ամեն ինչ, դրա համար ներդնելով մինչեւ անգամ անձնական միջոցները»: Այսօր անկուսակցական Մնացական Մնացականյանը թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու եւ համոզված է, որ խորհրդարանում լինելով, իր հնարավորություններն ավելին կլինեն թե քաղաքի եւ թե մարզի մասշտաբով աշխատանքներ կատարելու համար: «Ինձ սատարող ամենամեծ ուժն այսօր իմ ժողովուրդն է: Ես հավատում ու վստահում եմ նրան, իսկ թե ինչպես կլինի ընտրությունների արդյունքը՝ ցույց կտա մայիսի 12-ը»,- ասում է Մնացական Մնացականյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել