Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին ընդառաջ

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Լճացման տարիներ մեզ վերադարձնող այս վերնագիրը, թերեւս, ամենաբնութագրականն է մեր անկախ պետության գիտության ոլորտում տեղ գտած գործընթացների էության վերաբերյալ:

Կարելի է չկասկածել բուռն ու հոտնկայս ծափահարությունների համար, որոնցով բազմիցս կընդմիջվեն մոտ ապագայում նախատեսվող ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովի ընթացքում «նվաճումների» մասին զեկուցումները: Ժողովը նախագահության գործունեությունը կգնահատի բավարար: Իսկ հաշվետու շրջանը, իսկապես, ուշադրության արժանի է: Դրա մակերեսային վերլուծությունը նույնիսկ կարող է օգտակար լինել իրավիճակի պատասխանատուների՝ իշխանությունների համար, քանի որ գիտությունը նույնպես, վերջին հաշվով, հանդիսանում է հանրապետության տնտեսության մաս: ՀՀ ԳԱԱ նախագահությունը իր համակարգում սկսեց, այսպես կոչված, «բարեփոխումները», որոնց արդյունքները տարեկան հաշվետու ժողովում կորակվեն որպես «արմատական նվաճումներ»: Իսկ «նվաճումները» հետեւյալներն են. ա) միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստեղծված «Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները», բ) ՀՀ ԳԱԱ համակարգի մի շարք ինստիտուտների տնօրենների «ընտրություն» ներկայացվող երեւույթը, գ) ՀՀ ԳԱԱ թղթակից անդամների «ընտրություն» ներկայացվող երեւույթը, դ) ՀՀ ԳԱԱ համակարգի կազմակերպությունների օպտիմիզացիայի երեւույթը: «Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներ» կոչվող նախագիծը գիտության զարգացմանը նպաստող փաստաթուղթ դառնալու համար լուրջ լրամշակման կարիք ունի, քանի որ այն չի ստեղծվել անկախ մասնագետների կողմից՝ հանձինս այսօրվա ՀՀ ԳԱԱ նախագահության եւ ԲՈՀ-ի ներկայացուցիչների: ԳԱԱ նախագահությունը, ձգտելով ամեն գնով պահպանել իր արտոնյալ կարգավիճակը, նախաձեռնեց բարեփոխումների իր տարբերակը:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված եւ գիտական համայնքի կողմից լայնորեն քննարկված «Գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները» առ այսօր հաստատված չեն ՀՀ կառավարության կողմից: Այս փաստը եթե ՀՀ ԳԱԱ նախագահության «նվաճումը» չէ, ապա այն, առնվազն, լուրջ հաջողություն է: ԳԱԱ-ում իշխանափոխությունից հետո «բարեփոխում» ներկայացվող առաջին քայլը ՀՀ ԳԱԱ համակարգի 19 ինստիտուտների տնօրենների այսպես կոչված «ընտրություններն» էին, որոնք հաճախ ներկայացվում են նաեւ «սերնդափոխություն» անվան տակ: Դժվար է գտնել ավելի պարկեշտ բառ հայերենում այդ «սերնդափոխություն» երեւույթի համար, քան խաբկանքը, քանի որ այդ «սերնդափոխության» պայմանն է եղել «դուք առաջարկեք, մենք (ՀՀ նախագահությունը) կհաստատենք, իսկ դուք նույն աշխատավարձերով կստանաք խորհրդականի կարգավիճակ»: Լավագույն դեպքում ստացանք ընդամենը գրպանային տնօրեններ, որոնք ընտրվեցին ժառանգականության սկզբունքով կամ ինստիտուտները ստացան որպես կտակ: Այս ընտրություններում ՀՀ ԳԱԱ-ն սատար կանգնեց ժառանգական եւ բարեկամական կապերին, անգրագիտությանը եւ գրպանայնությանը: Իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամների «ընտրությունը» արդեն գիտական նրբերանգ ունի եւ ներկա վիճակի պահպանման դեպքում նշանակում է ապագայի հաշվին պետբյուջեի սուղ միջոցների վատնում: Այն արդեն ժառանգություն է գալիք սերունդների համար՝ «համաշխարհային գիտության մեջ լուրջ ներդրում ունեցող գիտնականներով», որոնցից շատերի մասին, իմ ունեցած՝ փոքր-ինչ ոչ հեռուստաելույթի մակարդակի տվյալներով, միջազգային գիտական հանրությունը տեղեկություն չունի ընդհանրապես: Այստեղ նույնպես արժանի գիտաշխատողների մի ստվար բանակ, որոնք բոլոր միջազգային չափորոշիչներով ավելի գերադասելի էին, ձեռնպահ մնացին «ակադեմիական արդար» ընտրություններից… ՀՀ ԳԱԱ նախագահությունը գիտական կազմակերպությունների օպտիմիզացիան սկսել է բնական գիտությունների բաժանմունքի կազմակերպություններից, քանի որ այս բաժանմունքն է, ըստ երեւույթին, համարվում կամ գիտակազմակերպչական մեծ վաստակ ունեցող կադրերով հագեցածը, կամ էլ այն ամենակառավարելին է եւ ի զորու է ապահովել ՀՀ ԳԱԱ նախագահության «բարեփոխիչի» լուսապսակը…

Ձախողված են նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահության պլանավորած ապագա քայլերը, քանի դեռ ակադեմիան կղեկավարվի լճացման տարիների բոլորին լավ հայտնի սկզբունքներով, իր հատվածական, գերատեսչական շահերը գերադասելով գիտության զարգացման շահերից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել