Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Ապրիլ 09,2007 00:00

\"\"Երեկ Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց նժույգներով արագավազքի ֆեդերացիա, որի նախագահ է ընտրվել Հայրապետ Հայրապետյանը:

Նորաստեղծ ֆեդերացիայի՝ երեկ հրավիրված մամուլի անդրանիկ ասուլիսում պարոն Հայրապետյանը խոսեց կատարված աշխատանքների եւ ապագա ծրագրերի մասին: «Սա նժույգների արագավազքի հայկական ֆեդերացիան է, որն ունի իր ուղղությունը եւ գործելու է ձիասպորտի ֆեդերացիայից առանձին,- ասաց նա:- Քանի որ սա նոր ֆեդերացիա է, դիմել ենք միջազգային ֆեդերացիային՝ նրա կազմ ընդգրկվելու առաջարկով: Հենց սկզբից ուզում եմ տեղեկացնել, որ վաղը, շուրջ 50 տարվա ընդմիջումից հետո, Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում (այն համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին, ունի 16 մետր լայնություն եւ 1800 մետր երկարություն, իսկ մինչեւ աշուն կշահագործվի նաեւ մոտ 1600 նստելատեղով տրիբունան) կազմակերպվում է արագավազքի անդրանիկ մրցումը եւ այն նվիրվում է մայրության ու գեղեցկության տոնին: Հավատացնում եմ, որ դա անչափ դիտարժան, հետաքրքիր ու ադրենալին պարունակող մրցում է լինելու: Կտրվի երեք մեկնարկ՝ 1000, 1200 եւ 1400 մետր երկարության»:

Հայրապետ Հայրապետյանը տեղեկացրեց, որ արագավազքի նժույգները տարբեր են՝ արգելքների հաղթահարման մասնակից ձիերից: Նժույգավարներն էլ նույնը չեն լինելու, քանի որ արագավազքում նժույգավարը պետք է թեթեւ լինի: «Շատերդ տեղյակ եք, որ արագավազքն աշխարհում ավելի շատ ընդունված է որպես խաղադրույքային մրցաձեւ, որի ժամանակ հսկայական գումարներ են խաղարկվում, բայց հիմա մեր ծրագիրն այլ է: Միակ նպատակն այս գեղեցիկ մարզաձեւը Հայաստանում զարգացնելն է: Բացի դա, տոտալիզատոր կազմակերպում են բուքմեյքերական գրասենյակները: Ֆեդերացիան դրա հետ որեւէ կապ չունի»,- ասաց Հ. Հայրապետյանը:

Հարցին, թե մարզաձեւը Հայաստանում զարգանալու իրական հեռանկարներ ունի՞, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Անշուշտ: Եվ ոչ միայն արագավազքը: Գիտեք, որ գոյություն ունեն նաեւ պոլո (ձիերով մականախաղ) եւ գեղավարգ: Դրանք էլ արմատավորելու աշխատանքներ կատարվում են: Ձիասպորտի ակումբներն արդեն երկար տարիներ հատուկ այս մրցաձեւի համար կենդանիներ են բուծում ու նախապատրաստում: Բացի դա, արդեն մարզադպրոց է ստեղծվել, որտեղ բավականին թվով մարզվող պատանիներ կան: Քանի որ արագավազքը շատ երկար տարիներ հանրապետությունում գոյատեւելու եւ զարգանալու հնարավորությունից զրկված է եղել, մենք դրսից էլ ենք ժոկեյներ հրավիրելու, ովքեր կներկայացնեն նաեւ ակումբները: Տեղեկացնեմ, որ արագավազքը ժամանակին զարգացած է եղել Վրաստանում: Բայց այսօր այն փաստացի դադարել է այնտեղ գոյություն ունենալուց: Մեր հարեւանները մարզաբազան հատկացրել են մասնավորին ու հիմա այնտեղ տներ են կառուցվում: Մարզաձեւի զարգացման գործում շատ կարեւոր դեր ունեն կատարելու նաեւ լրատվամիջոցները: Գրեք նաեւ թերությունների մասին: Դրանք մեզ կօգնեն մեր աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպել, եղած բացթողումները՝ արագ վերացնել»:

Օգտվելով պատեհ առիթից, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի՝ ասիական խմբից եվրոպական տեղափոխվելու ցանկությունը: «Մենք շուրջ չորս տարի է, ինչ ընդգրկված ենք ձիասպորտի ֆեդերացիայի ասիական խմբում, որի ղեկավարի նստավայրը Ղազախստանում է: Բայց այս ամբողջ ընթացքում ես, որպես ֆեդերացիայի նախագահ, նրան չեմ ճանաչել: Միջազգային ֆեդերացիայում էլ այդ մարդուն չեն տեսել: Չգիտեմ, թե նա ինչո՞ւ է ստանձնել այդ պաշտոնը: Գուցե՝ հեղինակությա՞ն: Փաստն այն է, որ ասիական խումբը ոչ մի ձեւով չի նպաստում մեզանում մարզաձեւի առաջընթացին: Բացի դա, աշխարհագրական դիրքով էլ Հայաստանը չի համապատասխանում այդ տարածաշրջանին: Նկատի ունեմ ասիական որեւէ երկիր մրցման մեկնելը: Այդ նպատակով ենք ուզում տեղափոխվել եվրոպական գոտի: Առավել եւս, որ, ինչպես արդեն գիտեք, մենք Փարիզում ձիասպորտի մեր մարզաբազան ունենք՝ «Արարատ» անունով, մեր նժույգները: Հիմա էլ մեր հավաքականի անդամներն այնտեղ մարզվում են: Այնպես որ, մեր իսկական տեղը եվրոպական գոտին է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել