Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՎԱՐՏԵՏ

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Վաղը Ֆրանսիայում անց են կացվելու նախագահական ընտրություններ

Ֆրանսիայի 74 տարեկան նախագահ Ժակ Շիրակի 12-ամյա կառավարումից հետո, այս կիրակի անցկացվող նախագահական ընտրությունները խոստանում են թարմություն մտցնել ֆրանսիացի քաղաքական գործիչների ցանկում՝ ընտրազանգվածին հրապուրելով նոր սերնդի քաղաքական գործիչներով. առաջատար մրցակիցներից երեքը 50-ն անց է: Սակայն ընտրողների մեծամասնությունը վարանում է եւ դեռ չի կողմնորոշվել՝ որ թեկնածուի օգտին քվեարկել:

Ըստ հարցումների, առաջատար դիրքերում է «Ազգային շարժման դաշինք» իշխող կուսակցությունը ներկայացնող թեկնածուն, պահպանողական հայացքների տեր Նիկոլա Սարկոզին: Associated Press-ի ներկայացմամբ, նախնական հարցումները ցույց են տալիս, որ վերջինս նախագահական ընտրությունների առաջին փուլում կստանա ձայների 30 տոկոսը: Ընտրարշավի առանցքային թեմաներն են էմիգրացիան, գործազրկությունն ու ազգային ինքնությունը, եւ Սարկոզին այս խնդիրների լուծման հավանական տարբերակ է տեսնում էմիգրացիայի ու ազգային ինքնության նախարարության ձեւավորան մեջ՝ գործի դնելով Լե Պենի կարգախոսը. «Ֆրանսիա՝ սիրիր կամ լքիր»:

Ցուցակում երկրորդ տեղում է սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը, ով, ըստ հարցումների, կհավաքի ձայների 26 տոկոսը: «Ես կանանց ձայների կարիքն ունեմ… Ժամանակն է վերջ տալու դարավոր անարդարությանը եւ նախապաշարումներին»,- ասում է Ռուայալը՝ առաջին կին թեկնածուն, որը Ֆրանսիայի նախագահը դառնալու լուրջ հնարավորություններ ունի: Նա չորեքշաբթի օրը «Մետրո» թերթին տված հարցազրույցում իրեն հռչակեց «համարձակ»: Եվ իր հետեւորդներին չխրտնեցնելու համար ավելացրեց. «Խոստանում եմ անվտանգ համարձակություն»,- մեջբերում է International Herald Tribune-ը: Նախնական հարցումների համաձայն, Սարկոզին Ռուայալի հետ դուրս կգա ընտրական երկրորդ փուլ, որը կկայանա մայիսի 6-ին:

Կենտրոնամետ ներկայացող կրթության նախկին նախարար Ֆրանսուա Բայրուն երրորդն է ցուցակում եւ նախնական հարցումների համաձայն կհավաքի ձայների 17 տոկոսը, իսկ «Ազգային ճակատ» ազգայնական շարժման առաջնորդ Ժան Մարի Լե Պենը, որը չորրորդն է ցուցակում, կհավաքի 12 տոկոս ձայն: Վերջինս զարմացրեց աշխարհին՝ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Ժակ Շիրակի հետ երկրորդ ընտրական փուլ անցնելով: Դժվար է ասել, թե 78-ամյա Լե Պենն այս անգամ կրկնելո՞ւ է իր հաջողությունը, բայց ակնհայտ է, որ նրա ագրեսիվ այլատյաց կարգախոսները դեռեւս հրապուրում են այն ընտրազանգվածին, որը գլոբալիզացիան համարում է իր ամենաոխերիմ թշնամիներից մեկը: Այս թեկնածուն անօրինական է համարում Սարկոզիի թեկնածությունը, քանի որ լինելով հունգարացի էմիգրանտի որդի՝ նա չպետք է հավակնի Ֆրանսիայի նախագահի պաշտոնին: Լե Պենը հայտարարում է, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ԵՄ-ից, հրաժարվի եվրոյից եւ կոչ է անում վերականգնել մահապատիժը:

Թեպետ հարցումները Սարկոզիին առավելություն են տալիս, բայց ընտրողների մի մասը դեռեւս չի կողմնորոշվել իր ընտրության մեջ: Associated Press-ը նշում է, որ ընտրողներն առանձնապես չեն համակրում առաջադրված թեկնածուներին: Ընտրողների մեծամասնությունը բողոքում է, որ քարոզարշավի ժամանակ թեկնածուները ուռճացնում են իրենց տոկոսները: «Ընտրարշավը նման է մի մեծ շոուի, հոլիվուդյան արտադրանքի մի տեսակ»,- ասում է 44-ամյա մի ինժեներ, ով արդեն որոշել է ընտրել Սարկոզիին, չնայած մի շարք վերապահումների: «Մենք տեսնում ենք, որ ուժը եւ ոչ թե Ֆրանսիան է իրականում հրապուրում թեկնածուներին»,- մեջբերում է Associated Press-ը:

Հարկ է նաեւ նշել, որ այս նախագահական ընտրություններում առաջին անգամ կիրառվելու է ընտրության էլեկտրոնային տարբերակը. 43 միլիոն ընտրական իրավունք ունեցող բնակչությունից 1.5 միլիոնը կշրջանցի ավանդական դարձած քվեաթերթիկները լրացնելու ու այն արկղի մեջ նետելու ընթացակարգը, փոխարենը նրանք հատուկ խցիկներում կոմպյուտերի միջոցով կընտրեն իրենց նախագահին: Սակայն Ֆրանսիայում, նաեւ այլ երկրներում, ուր արդեն կիրառվել է այս մեթոդը, ոչ բոլորն են կողմ ընտրության էլեկտրոնային տարբերակին: «Մենք չպետք է հանձնենք ժողովրդավարությունը անհաս տեխնոլոգիաներին»,- ըստ Associated Press-ի՝ ասում է հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Պիեր Մյուլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել