Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱԿԱ ԶՐՈՒՅՑ՝ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀԵՏ

Մայիս 02,2007 00:00

Ազգային անվտանգության ծառայությունը իր աշխատակցին «քցեց»

«Ես երկրաշարժ ապրած մարդ եմ: Այդ ահավոր գեհենում բազմաթիվ հարազատներ եմ կորցրել: 1988-ին հետեւած տարիները շատերի համար առ այսօր կորստի ու նսեմացման տարիներ են: Ինչ-որ բան փոխելու համար, երբ առիթը ներկայացավ, որոշեցի համագործակցել Ազգային անվտանգության ծառայության հետ: Միամտաբար կարծում էի, թե իմ նպաստն եմ բերելու հայրենիքում թմրամոլության ու թրաֆիքինգի լայն տարածումը կասեցնելուն»,- «Առավոտի» հետ հեռակա զրույցն այդպես սկսեց արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 9 ամսից ավելի գտնվող գյումրեցի Նոնան (իսկական անուն-ազգանունը չենք նշում՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը): Օրերս քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը նրան ազատազրկեց 8 տարով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութի իրացման համար:

Նոնայի փոխանցմամբ. «Հիմնականում աշխատում էի Հայաստան-Թուրքիա ուղղությամբ: Իմ խնդիրն էր շփվել, վստահություն ձեռք բերել եւ հնարավորինս խոր ներթափանցել այն մարդկանց շրջանակը, ովքեր աղջիկներ են մատակարարում հարեւան երկրին, իսկ այնտեղից էլ մեծաքանակ թմրանյութ ներմուծում Հայաստան: Նաեւ իմանալ՝ ե՞րբ, ո՞վ, ի՞նչ քանակություն է ներմուծում Հայաստան»: Նոնայի պատմելով, ինքը կուրորեն հավատացել է անվտանգության աշխատակիցների անկեղծությանը: ԱԱԾ-ին ծառայած կնոջ մտքով իսկ չի անցել, թե իրեն վտանգ է սպառնում, այն էլ նրանցից, ում գործուղմամբ պարբերաբար գնացել-եկել է հարեւան պետություն: «Ինչպես ասում են՝ ձյուն տեղաց ամառվա կեսին: Երբ հերթական անգամ ես վերադարձա Թուրքիայից (9 ամիս առաջ- Ռ. Մ.), զանգեցի համակարգող Արմեն Խաչատրյանին եւ տեղեկացրի, որ մի քանի օրից Հայաստանում կլինի Թուրքիայի հայտնի հայերից Գ.-ն՝ թմրանյութի խոշոր քանակով»,- շարունակում է Նոնան:

Իսկապես՝ Գ.-ն գալիս է Երեւան, հանդիպում ԱԱԾ չբացահայտված աշխատակցուհուն, նրան հանձնում թմրանյութի փոքր չափաբաժին, խոստանալով՝ էլի բերել: Նոնան հանդիպման մասին տեղեկացնում է իր կապավորին, սակայն մինչ Գ.-ի հետ հերթական հանդիպումը, Գյումրիի նրա բնակարան են ներխուժում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները եւ քաղաքային բաժնի ոստիկանները: «Աղմուկ-աղաղակով ձերբակալեցին ինձ եւ մարզային ոստիկանություն ինձ հետ տարան նաեւ աղջկաս եւ փեսայիս: Նրանցից այնտեղ ծեծի եւ բռնության միջոցով կորզեցին նախօրոք պատրաստված ցուցմունք: Այդ ընթացքում ինձ հնարավորություն չտվեցին կապվել համապատասխան մարդկանց հետ, չնայած անձամբ խոսեցին Գ.-ի հետ եւ տեղեկացան, որ նա 2 կգ թմրանյութ է բերել: Հետագայում Գ.-ն կարողացավ անփորձանք անցնել սահմանը եւ մեկնել Թուրքիա, իսկ ես մնացի բանտում»,- պատմում է Նոնան:

Ազատազրկման 9 ամիսների ընթացքում ԱԱԾ գործակալը խուսափել է հրապարակայնացնել կատարվածը՝ «բացահայտումներ անել», քանի որ «լսում էի իմ ինստրուկտորին, նրա հրահանգները, թե ամեն ինչ լավ կլինի»: Նոնան մտահոգված է նաեւ իր ընտանիքի անվտանգությամբ, ընտանիքի, որը դատարանի դահլիճում խուսափել է վկայություն տալ: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում երբ քննվում էր այս քրեական գործը, Նոնայի մոտ՝ Ախուրյանի ԿՊԶ են գալիս քննիչ Սարուխանյանն ու մեղադրող Ժորա Սադոյանը: «Իրենց համար որոշ անցանկալի մանրամասնություններ լսելուց հետո՝ գնացին: Դատարանում մեղադրողը 9 տարի ազատազրկում պահանջեց: Գուցե ԿՊԶ-ում իմ ասածները անհանգստացրել էին ղեկավարությանը: Ճանապարհին, երբ վերջնական «Աբովյան» էին տանում, գիտակցեցի, որ խաբված եմ պետական մակարդակով: Օգտագործել են ինձ տարիներ շարունակ եւ դեն նետել անպետք լաթի պես»,- պատմում է Նոնան: Վերջինս մտադիր է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ նախորդ երկու՝ Շիրակի մարզի 1-ին ատյանում եւ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում իր ոչ մի ապացույցը «որեւէ մեկին պետք չեկավ»:

Ավարտելով մեր հեռակա զրույցը՝ Նոնան նաեւ ասաց. «Իսկական նարկոբարոնը այսօր վայելում է Բոսֆորի շքեղաշուք ու պայծառ լուսաբացները, իսկ ես՝ միամիտ ու շիտակ մարդս, ստիպված եմ խավարից ելնելու հուսախաբ ճիգեր գործադրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել