Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը կթանկացնե՞ն

Մայիս 12,2007 00:00

\"\"«Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը տղամարդու իր խոստումը չի կատարում:

«Երեւան ջուր» ընկերությունն առաջարկել է հուլիսի 1-ից մայրաքաղաքում խմելու ջրի սակագինը 9 դրամով բարձրացնել եւ ներկայումս գործող 1 խմ-ի դիմաց 172.8 դրամի փոխարեն սպառողներից գանձել 181.9 դրամ: Հիշեցնենք, որ առանց այդ էլ, մեկ տարի էլ չկա, ինչ ջուրը կտրուկ թանկացել է. նախորդ տարվա հուլիսի 1-ին այն 125.10 դրամից դարձրին 172.8 դրամ՝ խոստանալով, որ առաջիկա 10 տարիներին այլեւս ջրի թանկացում չի լինելու, նույնիսկ էժանանալու է: Ավելին, «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը, մայրաքաղաքի ջրամատակարարման պարտավորությունը ստանձնելիս՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մի քանի անգամ խոստացավ, որ «ջրի սակագինն առաջիկա 10 տարիների ընթացքում կհասցվի 90 դրամի, իսկ 2016 թվականից սակագինն է՛լ ավելի կնվազի՝ դառնալով 75 դրամ» (տես «Առավոտ», 13.07.2006, 15.12.2006): Այն, որ «Երեւան ջուրը» ջրի սակագինը չպետք է բարձրացներ՝ ֆիքսված էր նաեւ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի եւ ֆրանսիական «Ժեներալ դեզո» ընկերության միջեւ կնքված եռակողմ պայմանագրում: Այնուամենայնիվ, «Երեւան ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագինը կրկին բարձրացնելու հայտով: Հանձնաժողովն էլ մայիսի 16-ին հրավիրած նիստում պետք է հաստատի կամ մերժի ընկերության առաջարկը: Երեկ հանձնաժողովից մեզ չցանկացան վաղօրոք ասել, թե ինչպես են որոշել վարվել ընկերության հայտի հետ, թեեւ հանձնաժողովն արդեն մոնիթորինգ է արել ու քննարկել այդ հարցը:

Նկատենք, որ ջրի սակագինը կարող էր փոխվել միայն 4 գործոններից ելնելով: Դրանք են՝ ջրամատակարարման ծավալը, փոխարժեքի տատանումները, գնաճն ու էլեկտրաէներգիայի սակագինը: «Երեւան ջուրը» սակագնի բարձրացման իր առաջարկը պայմանավորում է առաջին գործոնով՝ ջրամատակարարման ծավալով՝ ասելով, որ մայրաքաղաքում սպառվում է ավելի քիչ ջուր, քան իրենք կանխատեսել էին, այսինքն՝ ընկերության շահույթն ավելի քիչ է ստացվում, քան կարծում էին՝ ջրամատակարարման պարտավորությունը ստանձնելուց առաջ: Օրինակ, 2006-ի համար կանխատեսել էին, որ կսպառվի 65 մլն խմ ջուր, բայց սպառվել է 55 մլն խմ: Թե ինչու են մայրաքաղաքի բնակիչները սկսել ավելի քիչ ջուր օգտագործել կամ արդյո՞ք սպառման ծավալներն իրականում պակասել են, թե՞ ոչ՝ դա հարցի մի կողմն է: Տեսականորեն հնարավոր է ջրի սակագնի բարձրացումից կամ հաշվիչների տեղադրումից հետո մարդիկ սկսեն ջուրը սպառել ավելի խնայողաբար: Հնարավոր է նաեւ, որ նույնքան ծավալով սպառեն, ինչ նախկինում էր, պարզապես կատարելագործեն ջրի հաշվիչները կանգնեցնելու ձեւերը եւ ավելի քիչ ցուցմունք ներկայացնեն, քան սպառել են: Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-ինչ պատճառներով ջրի սպառման ծավալները նվազել են, կա մի հանգամանք, որը հաշվի առնելով՝ ընկերությունը չպետք է ջուրը թանկացնելու հայտ ներկայացներ: Դա դրամի արժեւորումն է:

Հայտնի է, որ արդեն 1 տարուց ավելի է, ինչ դոլարն արժեզրկվել է: Հաշվի առնելով, որ ջրի սակագնի հաշվարկման մեջ 30 տոկոսը կազմում է էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ էլեկտրաէներգիան մենք ստանում ենք գազով, որը գնում ենք դոլարով, ուստի դրանից ելնելով՝ ջրի սակագինը պետք է իջներ, ինչն այդպես էլ չեղավ: Հանձնաժողովը կարող էր այդ գործոնից ելնելով՝ ջուրն էժանացնել, բայց քանի որ դա չարեց՝ Սերժ Պոպոֆֆը որոշեց օգտվել հանձնաժողովի «մեծահոգությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել