Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՌՆՓԱԿ» ՔՆՆԱՐԿՈՒՄ

Մայիս 24,2007 00:00

\"\"Որի արդյունքում՝ ԿԳ նախարարը Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանին նամակ կհղի, իսկ Մատենադարանը վերջապես ծրագիր կունենա:

Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սբ. Հովհաննես վանք- համալսարանին կից Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ կնքված մտադրությունների հուշագիր-պայմանագիրը, իր գաղտնիության ու խորհրդավորության պատճառով, ալեկոծել է մտավորականներին: Վերջերս Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը հայտարարել էր, որ այն կասեցվում է: Սակայն դրան հետեւել էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի պնդումը, թե պայմանագիրը չի կարող չեղյալ հայտարարվել: Այս առիթով Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանն ասաց, որ իրենց հայտարարությունը նախարարության հայտարարությունից տարբերվել է, որովհետեւ Մատենադարանը տեղյակ չի եղել, թե կա խնդրի շուրջ քննարկում կազմակերպելու կառավարության հանձնարարական:

Երեկ, նախարարի գլխավորությամբ, ձեռագրերի թվայնացման ծրագրի վերաբերյալ հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Մատենադարանի տնօրինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, գիտնականներ եւ այլք: Հատուկենտ լրագրողներիս հաջողվեց 40 րոպե ներկա գտնվել քննարկմանը, սակայն նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի՝ Լեւոն Մկրտչյանի ականջին ինչ-որ բան շշնջալուց հետո, մեզ դուրս հրավիրեցին: «Մամուլի ներկայությամբ կաշկանդված ենք աշխատում»,- պատճառաբանեցին վերջիններս:

Մինչ այդ, ԿԳ նախարարն ասաց, որ ձեռագրերի թվանշայնացման հարցով եղել է վարչապետի ու նախագահի մոտ եւ ստացել վերջինիս հավանությունը: Լ. Մկրտչյանը գովաբանելով Հիլլը եւ բնորոշելով որպես լուրջ գործընկեր, ասաց, որ այն պարտավորվում է տեղում վերականգնել ձեռագրերը, իսկ Մատենադարանը իրավունք կունենա ընտրել այն ձեռագրացանկը, որը չի ցանկանա թվայնացնել եւ կպահվի եզակի օրինակով: «Առայժմ անգլերենով ստորագրված է միայն Մտադրությունների հուշագիր: Մեր երկրների ընթացակարգով անցնելուց հետո միայն ծրագիրը կսկսի աշխատել: Դեռ երեք պայմանագիր էլ պիտի ստորագրվի»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ ծրագրի մասին դեռ 2002-2003-ից հանգուցյալ վարչապետը եւս տեղյակ է եղել: Մատենադարանի հեղինակային իրավունքների վիճահարույց խնդրի առիթով նա ակամայից մեկ ուրիշ «գաղտնիք» էլ բացեց. «Ունենք նախադեպ, օրինակ՝ Մատենադարանի աշխատակիցների մի խումբ արդեն քանի տարի է բնագրերի թվայնացում եւ հրատարակություն է իրականացնում՝ հեղինակային իրավունքը վերապահելով ամերիկյան համալսարանին»: Ներկաները տեղերից ռեպլիկներ արեցին, որ գրքերի հրատարակությունն այլ բան է, ձեռագրերի թվանշայնացումը՝ այլ:

Արդարադատության փոխնախարար Գ. Մալխասյանն անընդհատ ուղղում էր ներկաներին ձեւակերպումների եւ տերմինների «մասով», որոնք հաճախ օգտագործվում էին մեկը մյուսի փոխարեն: ԱԳ փոխնախարար Գ. Ղարիբջանյանն էլ ԿԳ նախարարին խնդրեց ամերիկյան համալսարանի պայմանագրին անդրադառնալ, որից լայն հասարակությունը տեղյակ չէ, սակայն Լ. Մկրտչյանը ակնարկեց, որ հետո առանձին կպատմի: Մատենադարան-Հիլլ «գործարքի» մասին էլ պրն Ղարիբջանյանն այսպես արտահայտվեց. «Այստեղ այնքան պայմանագրի հարցը չէ, որքան հասարակության լայն շերտերին դրա մասին իրազեկելը… բազմաթիվ խնդիրներ կան, որոնց հասարակությունը տեղյակ չէ, ինչպես ամերիկյան համալսարանի հեղինակային իրավունքի դեպքում»: Նախարարը Մատենադարանի թվայնացման ու «Հայֆիլմի» սեփականաշնորհման միջեւ նմանություններ տեսավ. «Եթե պետությունը կարողանար ոտքի կանգնեցնել «Հայֆիլմը» եւ թվայնացնել բոլոր ֆիլմերը, շահույթը միանշանակ պետությանը կմնար, իսկ եթե «Հայֆիլմը» ոտքի է կանգնել մասնավոր ներդրումներով, ուրեմն եկամուտներն էլ մասնավորինն են: Հիմա նույնը Մատենադարանի պարագայում է (՞)»: Լ. Մկրտչյանը նաեւ հավելեց. «Մատենադարանի թվայնացման ծրագիրը ծախսատար է, այն բազմամիլիոն է, իսկ մեր պարագայում մեծ դրամական ներդրման խնդիր կա»: Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը նրանից հետաքրքրվեց. «Իսկ կոնկրետ հաշվարկ կա՞»: «Մարդիկ որ գան՝ կսկսենք հաշվարկել»,- պատասխանեց նախարարը:

«Բայց նախապես է պետք հաշվարկել»,- զարմացավ Չուգասզյանը: Հարցը, բնականաբար, դուր չեկավ Լ. Մկրտչյանին եւ նա պահանջեց այլեւս իրեն չընդհատել: Հետո էլ թե. «Դե գնացեք ձեր ձեռագրերը գրկեք ու ձեր սարերում մնացեք»:

Քննարկման ավարտից հետո պրն Չուգասզյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ տվեց այն մասնակիցներին. «Քննարկումն անհարժեշտ էր, սակայն նախապես՝ մինչեւ պայմանագրի կնքումը պետք է արվեր: Այն պայմանագիրը, որ կնքվել է Սեն Արեւշատյանի կողմից, ապօրինի է, հակասում է ՀՀ օրենքներին: Քննարկման ժամանակ էլ դա հնչեց: Արդարադատության փոխնախարար պարոն Մալխասյանը շեշտեց, որ, ՀՀ օրենքների համաձայն, այսպիսի պայմանագիր չէր կարող կնքվել: Հիմա այն կասեցվում է: Մատենադարանն էլ պիտի ծրագիր մշակի, որը բազմաթիվ մասնագիտական խմբեր կքննարկեն, դրանից հետո այն պիտի կառավարությունում վարչապետի մակարդակով քննարկվի: Այսինքն՝ Մատենադարանը պիտի ծրագիր մշակի, որը չի ունեցել երբեք: Ինչ վերաբերում է 70-80 միլիոնանոց ամերիկյան ծրագրին, ոչ ոք չի պատասխանում, թե դրանով ինչ պիտի արվի… Կարծում եմ, գնի մասին խոսելն անիմաստ է, երբ մրցույթ չի հայտարարվել, այսինքն՝ դա ուտոպիական ծրագիր է: Նշեմ նաեւ, որ Մատենադարանը չունի կոմպետենցիա թվանշայնացման հարցերի շուրջ, չունի մասնագետ այդ գծով, եւ թվայնացումն էլ թվանշայնացումից չի տարբերում, ուրեմն ինչի մասին է խոսքը… Համագործակցությանը դեմ չեմ, եթե մեր ուժերը չբավարարեն, իհարկե՛ պիտի համագործակցենք՝ սակայն միշտ մեր շահը գիտակցելով»,- հայտնեց Գ. Չուգասզյանը:

Իսկ Լ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է առաջիկայում նամակով դիմել Հիլլի տնօրինությանը եւ հայտնել, որ հարցը քննարկվում է ՀՀ կառավարության մակարդակով: Մատենադարանի տնօրինությունն էլ 20 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջական փաթեթով ներկայացնել ձեռագրերի թվայնացման ծրագիր՝ դրա նպատակահարմարության եւ իրականացման մասին առաջարկություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել