Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅԼԵՎՍ ՔՆՆԻՉ ՉԷ

Մայիս 28,2007 00:00

\"\"Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանի հետ:

– Պրն Դանիելյան, «Դատախազության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտավ այս տարվա մայիսի 1-ից: Ինչպիսի՞ նորություններ տեղ գտան այդ օրենքում:

– Պետք է ստեղծվեր մի այնպիսի համակարգ, որը հնարավորինս զերծ մնար կոռուպցիոն երեւույթներից. ինչին մասամբ նպաստում է այն, որ պետական մարմինների միջեւ հնարավոր են դառնում որոշ քիչ թե շատ «թույլատրելի հակասություններ», որն ապահովում է փոխադարձ վերահսկողություն միմյանց նկատմամբ եւ նպաստում իրավախախտումների բացահայտմանը: Մյուս կողմից պետք էր կանխել բնականոն գործընթացը խաթարող հնարավոր անհարկի հակադրությունները նույն այդ կառույցների միջեւ եւ, որ ամենակարեւորն է՝ բարելավել մարդու իրավունքների պաշտպանվածությունը հիշյալ խիստ խոցելի ոլորտում: Դատախազության խնդիրը չէր նաեւ այս կամ այն պետական մարմնին նսեմացնելն ու դրա հաշվին հասարակական հեղինակություն ձեռք բերելը:

– Նոր օրենքով, փաստորեն, դատախազությունն այլեւս նախաքննություն չի իրականացնելու: Այդ դեպքում որքանո՞վ է արդարացված դատախազի կողմից հետապնդում իրականացնելու գործառույթը:

– Քրեական հետապնդում հարուցելը հնարավորություն է տալիս դատախազին անմիջապես հսկողություն իրականացնել, որովհետեւ ոչ մի երաշխիք չկա, որ պարզապես նախաքննության եւ հետաքննության նկատմամբ հսկողություն հռչակելով՝ մենք կապահովենք նաեւ անմիջական, գործնական հսկողություն: Քրեական հետապնդում հարուցելու փաստով դատախազը պետք է իրազեկ լինի գործի նյութերին եւ ինքն էլ որոշի՝ հարուցելո՞ւ է, թե՞ ոչ, հիմքեր կունենա՞ այդ գործով պաշտպանել մեղադրանքը դատարանում: Հակառակ դեպքում՝ հնարավոր է ստեղծվի մի այնպիսի իրավիճակ, երբ քրեական հետապնդում է հարուցվում եւ սահմանափակվում են անձի իրավունքները, մինչդեռ դատախազը տեղյակ չէ այդ գործառույթների մասին եւ, բնականաբար, չի էլ կարող կանխել հնարավոր ապօրինությունները եւ կանխորոշել գործի քննությունը:

Կարեւոր նորույթներից է Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը: Այն յուրօրինակ ձեւով գնահատական կտա դատախազության ինտելեկտուալ կարողություններին: Եթե դատախազությունը պասիվ գտնվի, կնշանակի, որ այս լիազորությունն էլ չաշխատեց, ընդ որում՝ ոչ թե նրա համար, որ օրենքները կատարյալ էին ու համապատասխանում էին Սահմանադրությանը, այլ որ՝ դատախազությունը իր մտավոր հնարավորություններով ի զորու չէ բացահայտել իրավախախտումները: Համոզված եմ, որ այդ լիազորությունից դատախազությունը կօգտվի հավուր պատշաճի:

– Պրն Դանիելյան, մեր տեղեկություններով, դատախազության քննիչները չեն ցանկանում եւ նվաստացուցիչ են համարում տեղափոխվել ոստիկանություն, մաքսային-հարկային մարմիններ, Ազգային անվտանգության ծառայություն, որոնց վերապահված է նախաքննություն իրականացնելու գործառույթը: Արդյո՞ք դա նրանց իրավունքների ոտնահարում չէ: Նրանցից քանի՞սն են տեղափոխվել նշված մարմիններ:

– Դատախազության քննիչները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը, եւ համաձայն չեմ, թե քննիչի աշխատանքը նվաստացուցիչ կարելի է համարել նշված մարմիններում, մանավանդ որ, կարգավիճակի ու աշխատավարձի կորուստ չի սպասվում: Ի դեպ, մի մասն արդեն իսկ տեղափոխվել է, քանի որ դա միանվագ գործընթաց չէ: Սակայն, կարծում եմ, առկա է ավելի կարեւոր խնդիր. որպեսզի ապահովվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առավել երաշխավորված քննություն, ինչը կարող են իրականացնել առավել պատրաստված, փորձառու կադրերը:

– Պրն Դանիելյան, դուք երկար տարիներ գլխավորել եք Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը: Նոր օրենքով փոփոխություններ եղան եւ այդ ոլորտում, մասնավորապես՝ արտերկրի դատարաններում, միջազգային արբիտրաժներում պետշահերը ներկայացնելու համար համանուն բաժին է ստեղծվել:

– Այո, 27-րդ հոդվածի համաձայն, դատախազությունն է պետշահերի հայց հարուցում այլ երկրների դատարաններում, հետեւաբար՝ հանդես գալիս պատասխանողի ներկայացուցչի դերում: Այս առնչությամբ մեր առաջին գործը լինելու է Նյու Յորքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայցը: Պետշահերի պաշտպանության ոլորտում ոչ գույքային շահերով վարչական դատարաններում հանդես գալը նույնպես նորույթ է: Դատախազությունն իրավունք չի ունենալու նախկինի պես «ծրագրային ստուգումներ» իրականացնել, ինչը իրավաչափ մոտեցում է եւ երաշխիք, որպեսզի դատախազները չունենան հնարավորություն չարաշահելու իրենց կարգավիճակը եւ ծրագրային ստուգումներով չմիջամտեն տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը: Դատախազությանը թույլատրվում է ստուգումներ իրականացնել միայն ահազանգերով եւ միայն հայց հարուցելու հարցի շրջանակներում:

– Կադրերի ընդունման հարցում նոր օրենքը սահմանափակումներ ունի՞:

– Նախատեսված են միջազգային չափանիշներին համապատասխանող էական նորամուծություններ: Գլխավոր դատախազի լիազորությունները կադրային քաղաքականության առումով էապես սահմանափակվել են. նա կարող է կադրերին նշանակել որոշ բարձր պաշտոններում միայն այն դեպքում, եթե որակավորման հանձնաժողովը նրանց ընդգրկել է առաջխաղացման ցուցակում եւ գտնում է, որ վերջինիս կարելի է նշանակել հենց այդ պաշտոնում: Այսինքն, եթե որակավորման հանձնաժողովը գտնում է, որ այս կամ այն անձը կարող է առաջխաղացման ցուցակում ընդգրկվել, դա դեռ չի նշանակում, թե գլխավոր դատախազը նրան կարող է ցանկացած պաշտոնի նշանակել: Որակավորման հանձնաժողովի կարծիքը պարտադիր է: Պիտանիության ցուցակը հաստատում է գլխավոր դատախազը՝ որակավորման հանձնաժողովի կողմից որոշ նախնական «զտումներից հետ»: Բացի այդ, առաջխաղացման ցուցակի հետ նա ոչ մի առնչություն չունի:

– Դատախազությունը թափանցիկ չէ ծառայողական քննությունների, կարգապահական վարույթների հարցերում: Ինչպիսի՞ն էր վիճակն անցյալ տարի: Էթիկայի հանձնաժողովը հայտնաբերե՞լ է կարգազանց դատախազներ: Նրանք հատկապես ո՞ր կանոններին չեն հետեւում կամ անտեսում են:

– Չեմ կարծում, թե կարգապահական զանցանքների համար պատասխանատվության միջոցներ կիրառելու գործընթացն անհրաժեշտ չափով չի լուսաբանվել, ըստ իս, այդ հարցը քննարկվել է մամուլի էջերում. այդ հարցին առնչվող տվյալները հրապարակվում են նաեւ կիսամյակային հաշվետվություններում: Ուրիշ բան, որ մամուլին երբեմն ավելի շատ հետաքրքրում են հանցագործությունների շարժի, բացահայտման եւ այլ նմանաբնույթ հարցադրումներ, իսկ կադրային քաղաքականության վերաբերյալ հարցերը մնում են ուշադրությունից դուրս: Հակիրճ ասեմ, որ պատասխանատվության է ենթարկվել 13 դատախազ, իսկ 4-ը հեռացվել է համակարգից, ինչը զգալի է, եթե հաշվի առնենք, որ համակարգում ներգրավված է եղել մոտ 400 դատախազ:

Ձեր կողմից նշված շրջանում գործող ատեստացիոն հանձնաժողովի գործունեության արդյունքում, օրինակ, իրենց զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան է ճանաչվել 3 անձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել