Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՐԵԲՈՒՆԻՆ»՝ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ

Հունիս 06,2007 00:00

\"\"Թանգարանը զարդարված է նորօրյա «սեպագրերով», իսկ շրջակայքից զուգարանի հոտ է գալիս

Մի կիրակի օր, երբ Երեւանի սրճարաններից մեկում ես ու ամուսինս սուրճ էինք վայելում, մեզ մոտեցան օտարազգի մի քանի երիտասարդներ եւ հարցրին, թե ո՞ւր կարելի է այցելել՝ պատկերացում կազմելու համար Երեւան քաղաքի ու հայ ժողովրդի մասին:

Ես առաջարկեցի այցելել Մատենադարան, Ազգային պատկերասրահ, իսկ ամուսինս ասաց, որ լավ կլինի քաղաքի պատմությանը սկսեն ծանոթանալ հենց մեր առաջին մայրաքաղաքից՝ Էրեբունուց: Նա խորհուրդ տվեց գնալ «Էրեբունի» թանգարան, բարձրանալ բլրի բարձունքը եւ տեսնել Ուրարտական Հայաստանի Արգիշտի թագավորի կառուցած Էրեբունու բերդը, որը ունի 2789 տարվա վաղեմություն եւ որ այն Հռոմից հին է 29 տարով:

Գայթակղությանը տրվելով՝ մենք էլ որոշեցինք այցելել «Էրեբունի» թանգարան:

Ոգեշնչված էքսկուրսավար աղջնակի մանրակրկիտ պատմություններով, պատկերացնելով ամրոցի ճակատին ամրացված պողպատյա վահանները, պալատական պատերի պատկերազարդ, գունագեղ որմնանկարները, գինու մառաններն ու զինանոցները, ուր քայլել է հենց ինքը՝ Արգիշտին, մենք սկսեցինք բարձրանալ լեռան ստորոտից դեպի վեր:

Ապրելով 5 տարի Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, չէինք կարող պատկերացնել, թե այս չափ սրտի բաբախ կունենանք՝ Ակրոպոլիսի պերճաշուք տաճարները տեսնելուց հետո: Այնպես որ, մի անբացատրելի հպարտությամբ եւ տիրոջ զգացողությամբ էինք մոտենում մեր հին մայրաքաղաքի վկայությանը:

Երբ հեռվից տեսանք գունազարդ որմնանկարներով պատը, հասկացանք, որ դա շքամուտքն է: Ավելի մոտենալով՝ սկսեցինք հարցական հայացքներով նայել միմյանց, երկուսս էլ չուզենալով հավատալ մեր տեսածին: Պատին պատկերված առյուծի վրա նստած Արգիշտի թագավորի որմնանկարին ոմն Վավո, հավանաբար իր իսկ հասակի չափի տառերով, վկայել էր այն մասին, որ ԻՆՔԸ՝ ՎԱՎՈՆ, այցելել է այս բերդը ԷԴՈՅԻ հետ, կամ, որ Գագոն սիրում է Գայանեին…

Այս եւ նմանատիպ խզբզանքներն ու բարբարոսությունները մի կերպ «կուլ տալով» նայեցինք վեր ու տեսանք, որ փայտաշեն առաստաղը բացարձակ փլված վիճակում է, փայտերը կախված… զուգարանի հոտ էր գալիս…

Մի խոսքով՝ անտերություն:

Մի՞թե հայերս այսօր իրավունք ունենք թուրքից բան պահանջել եւ զայրանալ, թե ինչու չեն պահպանվում մեր հնամյա կոթողները: Իսկ ո՞ւր է նայում մշակույթի նախարարություն կոչվող այն հիմնարկը, որը չես հասկանում, թե ինչով է զբաղված:

Հ. Գ. Մեծ հույս տածելով, որ զբոսաշրջիկները, որոնց խորհուրդ տվեցինք այցելել թանգարան՝ չեն գա եւ չեն տեսնի այս խայտառակությունը, գլուխներս կախ ու խուսափելով դիմացից բարձրացող մի խումբ այլ զբոսաշրջիկների հայացքներից, ես ու ամուսինս տխուր հեռացանք Ուրարտական Հայաստանի քաղաք-ամրոց Էրեբունու ավերակներից, Մենուայի որդի Արգիշտի թագավորի այսօր արդեն ոչ թագավորավայել պալատներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել