Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանին թյուրիմացության մեջ են գցել»

Հունիս 06,2007 00:00

\"\"Կարծում է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը

Երեկ «Հայելի» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու փորձագետ Անուշ Սեդրակյանը հանդիպեցին լրագրողների հետ: Ասուլիսի թեման դարձյալ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն էին: Ա. Սեդրակյանի համոզմամբ, ընտրություններից հետո հանրապետությունում հասարակական վտանգավոր փոփոխություններ են տեղի ունեցել. «Այսօր մեծ պրոբլեմ ունենք՝ հասարակական ապատիա, որը վտանգավոր է ե՛ւ իշխանության եկած մարդկանց, եւ նրանց համար, ովքեր ուզում են որոշակի ընդդիմադիր գաղափարներ հռչակել»: Ա. Սեդրակյանը նաեւ նշեց, թե հայ ժողովուրդը սովորել է, որ իր փոխարեն ուրիշը՝ լծակներ ունեցող մեկը պետք է որոշում կայացնի. «Որոշում կայացնողը կոնկրետ դեպքերում կարող է լինել Ամերիկան, Ռուսաստանը կամ ՀՀ իշխանությունները: Այժմ այդ մենտալիտետը ստացել է իր օրինական եզրահանգումը, որն էլ հոսանքին դեմ չգնալու, ակտիվ չլինելու միտումն է»:

Ա. Ադիբեկյանն էլ փաստեց. «Ընտրությունների ժամանակ քաղաքական խարակիրիներ տեղի չեն ունեցել, թեեւ շատ լիդերներ ամպագոռգոռ հայտարարություններ էին անում… Ընտրություններից հետո պետք է տեղի ունենային կուսակցական համագումարներ, որպեսզի պարտվողները վերլուծեին իրենց սխալները, բայց չեղան»: Սոցիոլոգը դեռ վաղ համարեց կանխատեսումներ անել, թե ինչպիսի իշխանություններ կունենանք առաջիկա 5 տարիներին: Ընդամենն ասաց, որ միայն մեկ տարի հետո հնարավոր կլինի ուրվագծել Հայաստանի ապագան: «Հարցումները ցույց են տվել, որ հայերի 66 տոկոսը լավատեսորեն է ընկալում ապագան»,- նշեց Ա. Ադիբեկյանը: Խոսելով քաղաքական կուլտուրայի մասին, նա նկատեց, որ այն շատ ցածր է քաղաքական ուժերի մոտ, եւ օրինակ բերեց այն փաստը, որ կուսակցությունների մեծ մասը այդպես էլ չի շնորհավորել «Ժառանգությանը»: Ա. Ադիբեկյանը շեշտեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ արած իր կանխատեսումներից միայն երկուսը չեն իրականացել: Այն, որ «Բարգավաճ Հայաստանը» ջախջախիչ պարտություն է կրել՝ ստանալով 15 տոկոսից պակաս ձայն՝ իր կանխատեսած 32-ի փոխարեն, ՀՅԴ-ն էլ ստացել է սպասվածից ավելի ձայներ: Դառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, սոցիոլոգը ասաց. «ԲՀԿ նախագահին պարզապես թյուրիմացության մեջ են գցել՝ ուռճացնելով կուսակցության անդամների թիվը (370 հազար)… Նրանց մաքսիմալ թիվը ընդամենը 100 հազար կարող է լինել: Կարծում եմ՝ ԲՀԿ անդամները որոշակի նյութական ակնկալիքներ են ունեցել, որոնք չեն բավարարվել, դրա համար էլ այդ պատկերն է ստացվել»: Ինչ վերաբերում է դաշնակցականներին, նրանց շատ ձայների գաղտնիքը սոցիոլոգը համարում է ընտրակաշառքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել