Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ազատագրված»եւ «չազատագրված» հուշարձանները

Հունիս 06,2007 00:00

Երեկ Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) հայաստանյան ճյուղի պատասխանատու Սամվել Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց 1998-ից մինչեւ այսօր ԼՂՀ ազատագրված տարածքներում եւ չազատագրված՝ Հյուսիսային Արցախում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

«Ազատագրված 7 շրջանների տարածքով մեկ հաշվառվել է բազմադարյան 2400 հայկական հուշարձան: Սակայն մեզ համար կարեւոր են ավելի ուշ շրջանի՝ 17-18-րդ դդ. հուշարձանները, քան հները, որպեսզի պարզենք, թե հայ մարդը մինչեւ երբ է այդ տարածքներում ապրել»,- հայտնեց Ս. Կարապետյանը: Նա առանձնացրեց մի շարք բացառիկ հուշարձաններ, օրինակ՝ Քարվաճառում 1916-ին հայտնաբերված խաչքարը, որը թվագիր ամենահին խաչքարից (876թ.) ընդամենը 40 տարով է երիտասարդ: Պատերազմի տարիներին այն գտել է գեներալ Ժորա Գասպարյանը եւ հանձնել Գանձասարի վանահորը: Խաչքարը առանձնանում է Արցախի ներկայիս բարբառով գրված արձանագրությամբ:

Ազատագրված տարածքներում է 10-13-րդ դարերում կառուցված Հանդ բերդը, որը համեմատաբար լավ պահպանվածներից է:

Քաշաթաղի շրջանի գյուղերն էլ (Միրիք, Ահմեդիպատ՝ պատմական Հերիկ եւ այլն) առանձնանում են 17-րդ դարի երկրորդ կեսին կառուցված եռանավ (երեք սյուների վրա կանգնեցված) եկեղեցիներով: «Եթե գյուղում եռանավ եկեղեցի է կառուցվել, ուրեմն բնակավայրը հաստատ շուրջ 2000 բնակիչ պիտի ունենար, որպեսզի մեծ եկեղեցու անհրաժեշտությունը առաջանար»,- Ս. Կարապետյանը փաստեց, որ մի քանի հարյուրամյակ առաջ այստեղ հայեր են ապրել:

ՀՃՈՒԿ-ը հայտնաբերել է նաեւ 14-րդ դարի մի քանի դամբարաններ՝ Ջիջիմլի կամ Վանոցա կոչվող գյուղում: «Եթե հեռվից նայեք դրանց, կկարծեք հայկական եկեղեցիներ են, իրականում դրանք ամենահին մահմեդական դամբարաններ են: Երբ մահմեդականները տիրեցին այս տարածքներին, հայ շինականներին պատվիրեցին առանց խորանի դամբարան կառուցել: Իսկ հայերը միայն եկեղեցի կառուցել գիտեին, ուստի կառուցեցին զուտ հայկական եկեղեցի՝ միայն առանց խորանի»,- պատմեց Ս. Կարապետյանը:

Բոլոր ուսումնասիրությունների արդյունքները կազմակերպությունը ամփոփել է իր հրատարակած «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» եւ «Հյուսիսային Արցախ», հայալեզու, անգլալեզու եւ ռուսալեզու այլ աշխատություններում: Մի առիթով, երբ ԵԱՀԿ փաստահավաք խումբը եկել էր Արցախ, այստեղ Մերզլյակովին առաջարկել են «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատության ռուսերեն տարբերակը: Սակայն նա ասել է, որ արդեն ունի այն, ավելին, դեռ ամեն էջում էլ նշումներ է կատարել: «Հյուսիսային Արցախ» գրքում էլ ներկայացված են այս շրջանի հուշարձանները: «Ցավոք, այն ազատությամբ, որ կարող ենք մտնել ազատագրված շրջան, չենք կարող աշխատել Հյուսիսային Արցախում»,- հայտնեց Ս. Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930