Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենը վնասով է աշխատում

Հունիս 11,2007 00:00

Քանի որ մայրաքաղաքի բնակիչների մեծ մասին մետրոյով երթեւեկելը հարմար չէ

Չնայած այսօր մետրոն ամենաէժան հասարակական փոխադրամիջոցն է, սակայն Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է թերբեռնված: Պատճառն այն է, որ մետրոյի կառուցումից ի վեր մայրաքաղաքն ընդլայնվել է՝ համալրվելով նոր թաղամասերով, իսկ մետրոյի կայարանները չեն ավելացել: Ուստի, հատկապես ծայրամասային թաղամասերի բնակիչներին մետրոյով երթեւեկելը հարմար չէ: «Առավոտի» հետ զրույցում Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հավաստիացրեց, որ այսօր մետրոպոլիտենը վնասով է աշխատում: Ըստ նրա, յուրաքանչյուր վագոնում միջինը երթեւեկում է 23 ուղեւոր՝ 150-ի փոխարեն:

Փ. Յայլոյանի խոսքերով, մետրոյի վնասով աշխատելու պատճառներից մեկն էլ այն է, որ տոմսի գինը շատ ցածր է. «Ընդհանրապես միջազգային պրակտիկայում այսպես է. բոլոր քաղաքներում մետրոյի տոմսի գինը հաշվարկում են՝ հաշվի առնելով տվյալ քաղաքի տաքսու մեկ կիլոմետրի գինը: Այսինքն՝ եթե Երեւանում տաքսիով երթեւեկելիս մեկ կիլոմետրի համար վճարում են 100 դրամ, ուրեմն մետրոյի ժետոնն էլ պետք է արժենա 100 դրամ: Բացի այդ, ԱՊՀ երկրների մետրոպոլիտեններում տարին մեկ անգամ սակագինը վերանայվում է, բայց մեզ մոտ արդեն 4-րդ տարին է՝ նույն սակագնով ենք աշխատում: Ստացվում է, որ մեր ծախսերն ավելանում են, իսկ եկամուտները մնում են նույնը: Նախկինում մենք գոնե ունեինք հարկային արտոնություններ, օրինակ՝ ազատված էինք ավելացված արժեքի հարկից, հողի հարկից: Այժմ մետրոպոլիտենը իր կայարանների համար հողի հարկ է մուծում թաղապետարաններին»: Ըստ պարոն Յայլոյանի, կառավարությունը հոգում է մետրոպոլիտենի ծախսերի մոտ 50%-ը: Մնացածը՝ մետրոպոլիտենն ինքն է սեփական եկամուտների հաշվին հոգում. «Մեր միջոցները հիմնականում գոյանում են ուղեւորափոխադրումներից, վարձակալության հանձնած տարածքներից եւ գովազդներից առաջացած գումարներից»:

Նկատենք, որ դեռեւս 60-70-ական թվականներին նախատեսված էր Երեւան քաղաքում մետրոյի գիծը հասցնել մինչեւ Աջափնյակ, «Երազ» գործարան, Նոր Նորք, էրեբունի եւ այլ թաղամասեր, սակայն դա այդպես էլ մնաց որպես նախագիծ: Մենք պարոն Յայլոյանից հետաքրքրվեցինք, թե առաջիկայում մետրոն ընդլայնելու ծրագրեր ունե՞ն: «Մենք միշտ էլ երազել ենք այդ կայարանները հիմնադրելու մասին, սակայն միջոցները չեն ներել: Այսօր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը բանակցություններ է վարում Եվրոպական բանկի հետ, որպեսզի գումար տրամադրեն նոր կայարանների բացման համար: Եթե բանակցությունները հաջող ավարտվեն՝ մոտ ժամանակներս կսկսենք թունելներ փորել Աջափնյակի կողմը, ցանկանում ենք այնտեղ 3 կայարան բացել: Ինչո՞ւ ենք հենց այդ կողմով ցանկանում շարունակել մետրոյի գիծը, քանի որ այդ ուղղությամբ, այսինքն՝ մինչեւ Հրազդանի կիրճ թունելներն արդեն փորված են»:

Իսկ թե ինչքան գումար կպահանջվի մեկ կայարանի կառուցման համար, պարոն Յայլոյանի տվյալներով՝ $19 միլիոն. «Իսկ Աջափնյակի 3 կայարանների համար՝ 3 անգամ ավելի գումար»: Մետրոպոլիտենի տնօրենի խոսքերով, ժամկետների մասին վաղ է խոսել, քանի որ «Մետրոպոլիտենը շահագործող ընկերությունն է, իսկ գումարներ տրամադրողն ու շինարարություն կատարողը՝ ուրիշ կառույցներ, ուստի նախ պետք է գումարն ունենալ, հետո կազմել բիզնես-նախագիծ, նոր ասել, թե երբ կբացվեն նոր կայարանները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930