Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դուստրն եմ մի մարդու, ով չխնայեց իր կյանքը հանուն Արցախի». Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանն ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան

Ապրիլ 26,2024 23:49

Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժամանակում տեղի ունեցած իրադարձություններում էլ առանձնակի դեր են ունեցել շատ նվիրյալներ, որոնցից է Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանը, ով ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան, սակայն նա մեզ հետ է հոգով արդեն 31 տարի:

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, որը Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր գավառի մի հատվածն է եւ սահմանակից Գորիսի տարածաշրջանին, դարեր շարունակ, եղել է Արցախը Մայր հայրենիքին կապող առաջնային օղակը։ Եվ մեր թշնամիները մշտապես փորձել են հայաթափել այդ արծվաբույնը։ 19-րդ դարավերջին, 20-րդի սկզբին, նաեւ խորհրդային կարգերի հաստատումից հետո թուրքերը բազում անգամ են հարձակում գործել Բերդաձորի ուղղությամբ, սակայն բերդաձորցին իր տունը չի լքել։ Երբ սկսվեց արցախյան շարժումը, թուրքերն առաջինը Բերդաձորի ուղղությամբ սկսեցին գործել։ 1988-ին «Հայ դատի» կողմից ստեղծվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ (ԲԻԽ), որը ռազմական ջոկատներ էր կազմակերպում եւ տարբեր ճանապարհներով ուղարկում Բերդաձոր, որտեղ կային 4 հայաբնակ գյուղեր՝ Հին Շեն, Մեծ Շեն, Տասի Վերստ-Ծաղկաձոր եւ Եղցահող։ Տասի Վերստից քիչ վերեւում էլ Կանաչ Թալա գյուղն է, որը հայաթափ էր եղել 1960-ական թվականներին, եւ այստեղ բնակություն էին հաստատել թուրք հովիվներ։

Արցախյան գոյամարտի տարիներին նույն Կանաչ Թալան դարձել էր թշնամու ռազմական հենակետերից մեկը եւ չարիք հատկապես Բերդաձորի հայության համար։ Ընդհանուր մոտ 1000 բնակիչ ունեցող Բերդաձորի ինքնապաշտպանությունը հատկապես ակտիվացավ 1989 թվականի կեսերից, երբ թուրքերը հաճախակի սկսեցին ճնշում գործադրել այդ ուղղությամբ։ 1989 թ․ օգոստոսի վերջին ԲԻԽ-ի նախագահ Անդրանիկ Հարությունյանի՝ Բերդաձորի Անդոյի հետ 12 հոգով հասանք Բերդաձոր։ Այստեղ մեզ դիմավորեց ԲԻԽ-ի փոխնախագահ, Բերդաձորի Հին Շեն գյուղի ֆիզիկայի ուսուցիչ Առնո Միքայելի Մկրտչյանը։

Ծանոթացանք, ու ճանաչեցի իսկական հայ հայրենասերի։ Ճանաչեցի մի մարդու, ում համար առաջնայինը հայրենիքն էր, հայ ազգը։ Առնո Միքայելի Մկրտչյանը ծնվել է 1953 թ․ ապրիլի 23-ին Հին Շեն գյուղում, մանկավարժի ընտանիքում: Դեռեւս ուսանողական տարիներին նա իր հայրենասեր ընկերների հետ Հայոց Եռագույնն էր բարձրացրել Գորիսի շրջկոմի շենքի վրա եւ երկար ժամանակ հալածանքների ենթարկվել ՊԱԿ-ի կողմից: Բարձրագույն կրթություն ստանալուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել էր հայրենի գյուղ, աշխատել հարազատ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:

Իր սաներին, բացի բնագիտական գիտելիքներից, շատ ավելի հայրենասիրության ու ազատ մտածելու դասեր էր տվել: 1982 թվականին՝ ընտանիք կազմելուց հետո, Առնոն տեղափոխվում է Ստեփանակերտ, աշխատում պատանի տեխնիկների ակումբում, ապա մանկավարժական ինստիտուտում: 1988 թվականին, երբ սկսվեց արցախյան շարժումը, նորից տեղափոխվում է հայրենի գյուղ՝ կազմակերպելու Բերդաձորի ինքնապաշտպանությունը: Նա քաջ գիտեր՝ հակառակորդը շուտով ձեռնարկելու է տարածքի հայաթափման գործընթացը: Անդրանիկ Հարությունյանի հետ ԲԻԽ-ի կազմ են ընդգրկում ենթաշրջանի գյուղերի ներկայացուցիչների, եւ սկսվում է հայրենի եզերքը պաշտպանելու սրբազան գործընթացը:

Մինչեւ 1991 թվականի մայիսի կեսերը հերոս հրամանատարն իր քաջերի հետ պահեց հայրենի եզերքը, սակայն նույն ժամանակ, իբր, խորհրդային խաղաղապահ բանակը, փոխանակ պաշտպան կանգնելու հայ բնակչությանը, ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ Հյուսիսային Արցախում իրականացրեց «Օղակ» գործողությունը: Ավարտելով իրենց սեւ գործը Հյուսիսային Արցախում՝ խորհրդային բանակի ներկայացուցիչներն ու թուրք ՕՄՕՆ-ականները ձեռնարկեցին Արցախի հարավային բնակավայրերի հայաթափման գործընթացը։ 1991 թվականի մայիսի կեսերին տեղահանվեցին Հադրութի շրջանի մի քանի բնակավայրերի բնակիչները, հայաթափ եղավ նաեւ Բերդաձորը։ Այդ օրերին պետք է հերթական անգամ մեր ջոկատով Բերդաձոր գնայինք, Երեւանից զանգահարեցի Բերդաձոր․այդ տարիներին ԲԻԽ-ը նաեւ հեռախոսակապի հարցն էր կարգավորել։ Պատահաբար լսեցի Հին Շենի բնակչուհու խոսակցությունը Հրազդանում բնակվող դստեր հետ. «Տեղներս նեղ է, տղամարդկանց բոլորին ձերբակալել են, մեզ էլ ստիպում են տեղափոխվել Գորիսի շրջան։ Անուշավանին էլ սպանեցին…»։

Մտնելով Մեծ Շեն՝ թուրքերն առաջինը պահանջել են Առնոյին՝ սպառնալով կոտորել բնակչությանն ու նրա մարտական ընկերներին: Ու ձերբակալվում են Առնոն, ենթաշրջանի բոլոր տղամարդիկ: Սկզբում՝ Լաչին, ապա՝ Բաքու: Գորիսում հանդիպեցի բերդաձորցիների, ովքեր մազապուրծ ազատվել էին թշնամուց։ Լաչինի ոստիկանությունում բոլոր ձերբակալվածներին տանջել էին, մի մասին բաց էին թողել, իսկ 20-ից ավելի բերդաձորցու թուրքերը տեղափոխել էին Շուշի, հետո՝ Բաքու։

Ազատվածները պատմեցին, թե ինչ տանջանքի էին ենթարկել հատկապես Առնոյին։ Դեռեւս խորհրդային տարիներին էին թուրքերը ճանաչում նրան, իսկ այս անգամ պարզ է… Նա եւ 4 մարտական ընկերները՝ Գագիկ Հարությունյանը, Գագիկ Առուստամյանը, Արվիդ Մանգասարյանը եւ Հրաչ Պետրոսյանը, Բաքվում դատապարտվում են գնդակահարության, սակայն նա եւ Հրաչ Պետրոսյանը տանջամահ են արվում, իսկ 3 տղաները 1996 թվականին ազատվում են գերությունից եւ վերադառնում տուն: Ըստ նրանց տեղեկության՝ Առնոն վախճանվել է 1993 թվականի հոկտեմբերին, իրենց ձեռքերի վրա: Հաջողվեց նրա աճյունը տեղափոխել եւ ամփոփել հայրենի գյուղի գերեզմանոցում: 1998 թվականին պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: 2013 թ․Հին Շենում մասնակից եղա Առնոյի ծննդյան 60-ամյակին նվիրված ցերեկույթին, որը կազմակերպել էր եղբայրը՝ Արմոն, ներկա էին կինը՝ Ալվարդը, չորս դուստրերը, հարազատներ, մարտական ընկերներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ: Գյուղի հանգստարանում Առնոյի շիրմի մոտ է հուղարկավորված պատերազմից հետո ավտովթարից զոհված Արտաշես եղբայրը։

Նրանց հայրը չդիմացավ մեծ կորստին ու վախճանվեց։ Այդ ժամանակ Հին Շենի դպրոցը կոչվում էր Առնոյի անունով։ 1989-90 թվականներին բազում փորձություններ տեսանք Բերդաձորում, իսկ Առնոն մշտապես իր տեղում էր: 90-ի նոյեմբերի 15-23-ին շատ լարված էր իրավիճակն այս հատվածում։ Թուրքերը գողացան Եղցահողի պետական տնտեսության 300-ից ավելի խոշոր եղջերավոր անասունները։ Այդ ժամանակ նախրապաններին ծեծել էին, իսկ հետո տարան նաեւ ոչխարի հոտը՝ սպանելով հովիվ Եղիշե Ծատրյանին։ Նույն օրերին Շուշիի թուրք ոստիկանները մտել էին Լաչին-Շուշի ճանապարհին գտնվող Տասի Վերստ գյուղ, վառել մի քանի տուն։ Իր տան մեջ այրվել էր 90-ամյա Նանաշ Չոբանյանը։ Նոյեմբերի 21-ին թշնամին Լաչինի Աղանուս գյուղից հարձակում գործեց Հին Շենի ուղղությամբ։

Թուրքերին մի պահ հաջողվեց գրավել գյուղի արեւմտյան կողմում գտնվող Քումինքար բարձունքը եւ գնդացրային կրակի տակ պահել ողջ գյուղը։ Այդ ժամանակ Առնոն փորձում էր աշխատեցնել ինքնաշեն գնդացիրը։ Նա պատերազմի տարիներին նաեւ զինագործությամբ էր զբաղվում։ Երեկոյան մեզ հաջողվեց հետ վերցնել բարձունքը, սակայն ունեցանք 2 զոհ՝ երեւանցի հատուկջոկատային Վաղինակը եւ հինշենցի Սամվելը։ Հիշում եմ՝ մայրամուտին մեր ջոկատի տղաներով՝ ես, Արթուրը, Շիրակը եւ Սամվելի Էդիկ եղբայրը դիրքեր էինք բարձրանում, որ գտնեինք նահատակների դիերը։ Ու մինչ օրս հիշում եմ Առնոյի խոսքը, որ միշտ էր ասում դիրքեր բարձրացողներին․զգոն եղեք, տղե՜րք… 2013-ին՝ Առնոյի ծննդյան 60-ամյակի օրը հերոսի մասին շատերը պատմեցին։ Հերոսի այրին՝ Ալվարդը, ասաց. «Առնոն, բացի հայրենասեր լինելուց, լավ հայր էր ու ամուսին»։

Հոր մասին հպարտությամբ խոսեց նաեւ Աստղիկ դուստրը. «Ես դուստրն եմ մի մարդու, ով չխնայեց իր կյանքը հանուն Արցախի»: Եղբայր Արմոյի համար Առնոն եղել է նաեւ մարտական ընկեր ու զինակից: 1991 թ. մայիսի կեսերից մինչեւ 1992 թ․մայիսի 17-ը Բերդաձորը մնաց գերության մեջ։ Այսօր գերված է և՛ է Բերդաձորը, և՛ ողջ Արցախը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բերդաձորը վերստին օղակվեց թշնամիներով, հատկապես՝ երբ թշնամուն թողեցինք Աղավնոն ու Բերձորը: 2022 թվականի վերջերից մինչև Արցախի վերջնական հայաթափումը, բերդաձորցիներն իրենց տանն էին: Այսօր սփռվել են տարբեր վայրերում՝ հավատով՝ մի օր տուն են վերադառնալու, և Առնոյի նպատակը կիրականանա:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930