Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը համախմբվել են գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաները

Ապրիլ 27,2024 13:10

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այս օրերին Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացնում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին:

Մանկապատանեկան գրական ճամբարի երկրորդ օրը՝ ապրիլի 26-ին ինտերակտիվ հեքիաթապատման միջոցով Աչաջուրի գրադարանի ընթերցողները ծանոթացել են անգլիական գրականության նմուշներին: Երեխաները միասին ընթերցել են մանկագիր Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը: Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո երեխաները հանդես են եկել վերլուծությամբ, իսկ վերջում ներկայացրել են հեքիաթի ավարտի իրենց տարբերակը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցների հետ հանդիպում-քննարկման ընթացքում երեխաներին ներկայացվել են նաև Եվրոպական միության և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) վերաբերյալ տեղեկություններ: Խոսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվելու առաքելության մասին: Քննարկումն ամփոփվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ցանկում ընդգրկված Հայաստանի մշակութային ժառանգության արժեքների ներկայացմամբ: Ստացած գիտելիքներն ամրապնդվել են տվյալ նյութերի շուրջ անցկացված վիկտորինայով:

Աչաջուրում շարունակվել է նաև երեխաների համար անցկացվող նկարչության վարպետության դասընթացը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը երեխաներին ծանոթացրել է նկարչական խառը տեխնիկայի հմտություններին: Նրա համակարգմամբ երեխաները շարունակել են գույներ հաղորդել նախորդ օրը մեկնարկած աշխատանքներին: Իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի դիմանկարների իրենց տարբերակում և հայկական մանրանկարչության զարդանախշերի պատկերման ընթացքում երեխաները կիրառել են խառը տեխնիկա՝ ջրաներկ, մատիտ ու ֆլոմաստեր` առավել հարստացնելով և ավարտուն դարձնելով աշխատանքները:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագծի շրջանակում։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930