Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի ոչ թե միասնական, այլ առանցքայի՞ն թեկնածու

Հուլիս 07,2007 00:00

Ընդդիմադիր քաղաքական ուժերը ամառվա ընթացքում եւս կշարունակեն հանդիպումները, զրույցները եւ քննարկումները՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւի, ձեւաչափի եւ տրամադրությունների շուրջ:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ ընդդիմադիր մի շարք ուժեր այս օրերին զբաղված են ակտիվ քննարկումներով եւ հանդիպումներով: Ըստ մեր զրուցակցի, միասնական թեկնածու ասվածը «քաղաքական տեխնոլոգիա է» եւ երբ դա դառնում է նպատակ, այս գաղափարն արժեզրկվում է. «Ես ձեռնպահ կմնայի միասնական թեկնածու արտահայտությունը օգտագործել, որովհետեւ ընդդիմությունը բանակ չէ, բանակային տրամաբանություններ չի կարող ենթադրել: Ես կասեի՝ հարկավոր է ունենալ առանցքային թեկնածու: Ի վերջո, հիշենք, որ 2003-ին ընդդիմությունը չուներ միասնական թեկնածու, ուներ հենց առանցքային թեկնածու, որը հասարակական գիտակցության մեջ այլընտրանք ընկալվեց գործող վարչախմբին: Կարծում եմ, հիմա էլ ընդդիմությունը չի ունենալու միասնական թեկնածու: Կլինի առանցքային թեկնածու, համոզված եմ, որը կստվերի ընդդիմության կողմից առաջադրված այլ թեկնածուներին: Եվ Արամ Սարգսյանը, եւ Ստեփան Դեմիրճյանը, եւ ձեզ տված հարցազրույցում Արթուր Բաղդասարյանը չեն բացառել նման առանցքային թեկնածուի ի հայտ գալը եւ չեն բացառել իրենց զիջելու պատրաստակամությունը առանցքային թեկնածուին: Կարծում եմ, այժմ ընթացող կոնսուլտացիաները ի վերջո կբերեն նրան, որ ընդդիմության կողմից ռեալ այլընտրանք մարմնավորում կմատուցվի հասարակությանը»: Արդյոք այդ առանցքային թեկնածուն այս դեպքում լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը: Սուրեն Սուրենյանցը նախ ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «նախ երկրի ամենաառանցքային պետական գործիչն է, եւ երկրորդ, քաղաքական դաշտի փոշիացման պայմաններում հասարակությունը որոնում է անուն, լիդեր, որը կարող է հաղթել գործող վարչախմբին»: Նկատեցինք, որ ինքը՝ Առաջին նախագահն անձամբ առայժմ չի հայտարարել, թե մտադիր է անցնել ակտիվ քաղաքական գործունեության:

Ի պատասխան՝ Սուրեն Սուրենյանցը հիշեց Շարլ դը Գոլին. «Նա իր հրաժարականից հետո լռեց 12 տարի, բայց հետո ինքը ֆրանսիական հասարակության համար դարձավ պահանջված եւ քաղաքական առումով՝ առաջին հերթին: Այսինքն՝ լռությունը երբեմն շատ արժեքավոր է, եթե դրա մեջ թաքնված են իմաստնություն եւ ժամանակի համարժեք ընկալում»:

Ըստ մեր զրուցակցի, իշխանությունները խորհրդարանական ընտրություններին ստացան հայտնի պատկերը, քանի որ չկար ընդդիմադիր առանցք. «Հիմա դրված է որակապես նոր ընդդիմության ստեղծման խնդիր, ես չգիտեմ՝ դա կհաջողվի՞, թե՞ ոչ, եթե հաջողվի, համոզված եղեք, որ գործող իշխանության փոփոխությունը կդառնա անխուսափելի: Իսկ եթե չի հաջողվելու, հասարակությունը կկատարի ոչ արժեքային ընտրություն, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Ասաց նաեւ, որ ընդդիմության խնդիրն է 2008-ի նախագահական ընտրությունները բերել մի հանգրվանի, «որպեսզի քաղաքացին կարողանա ընտրություն կատարել անկախության եւ «ֆորպոստի» միջեւ: Ես որպես քաղաքացի բավարարված կլինեմ, եթե 2008-ի նախագահական ընտրության օրը նույն զգացողությունն ունենամ, ինչ ունեցել եմ 1990-ի օգոստոսի 23-ին կամ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին: Հիմա մենք փորձում ենք իսկապես գտնել այն լիդերին եւ այն ձեւաչափը, որը հասարակությանը հավատ կներշնչի: Միայն միասնականության գործոնը չի կարող այդ հավատը ներշնչել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել