Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆՈՅՈՒՄ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԽԱՂԱԼ՝ ՊԻՏԻ ԱՊՐԵՍ»

Հուլիս 07,2007 00:00

\"\"Ասում է կինոյի եւ թատրոնի դերասան Ստեփան Սիմոնյանը

Տարիներ առաջ, երբ ռուսաստանյան հեռուստաալիքներով ցուցադրվում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Երմակ» 5 մասանոց գեղարվեստական ֆիլմը (ռեժիսորներ՝ Վալերի Ուսկով, Վլադիմիր Կրասնոպոլսկի), քչերին էր հայտնի, որ բազմաթիվ օտարազգի դերասանների թվում նկարահանվել է նաեւ մեր հայրենակից Ստեփան Սիմոնյանը (սուրհանդակ): Նա, որ աշխատել է Գավառի, Ստեփանակերտի, Թբիլիսիի, Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոններում, ներկայումս էլ Աշտարակի քաղաքապետարանին կից դրամատիկական թատրոնի դերասան է: Վերջերս էլ արտիստը նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմերում: Հյուրընկալվելով «Առավոտում», դերասանը մտահոգություն հայտնեց թատերարվեստում եւ հեռուստաեթերում տիրող վիճակի մասին: «Սուտի-մուտի հումորները, էժանագին շոուները այսօր պարտադրվում են հանդիսատեսին: 70-ականներին օձն իր պորտով, ծիտն իր թեւով չէր կարող մտնել եթեր: Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է՝ գտիր հովանավոր եւ բոլոր ճանապարհները բաց են քո առջեւ: Ինչ վերաբերում է թատրոնին, այն մշտապես փորձությունների է ենթարկվում: Աշտարակի քաղաքապետարանին կից մեր թատրոնն էլ շենքային պայմանների պատճառով այսօր ժամանակավորապես փակ է, բայց մեր քաղաքապետ Գագիկ Թամազյանի աջակցության շնորհիվ շուտով նորից կբացի իր դռները հանդիսատեսի առջեւ»,- ասաց նա: Խոսելով Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմի մասին, որը կցուցադրվի նաեւ «Ոսկե ծիրանի» շրջանակներում, պարոն Սիմոնյանը հայտնեց. «Վիգենն այն ռեժիսորն է, որին կարելի է վստահել: Ինքը դերասանին կարողանում է նույնիսկ մի հայացքով, մի ժեստով «գցել» կերպարի մեջ»: Նա դրական արտահայտվեց նաեւ Հովհաննես Գալստյանի մասին. «Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» կարծեմ նրա առաջին գեղարվեստական ֆիլմն է: Հովհաննեսը լավ ռեժիսոր է, նուրբ հոգեբան: Նրան էլ հաջողվում է դերասանին մոտեցնել կերպարին»:

Ս. Սիմոնյանը հիշեց նաեւ Ֆրունզե Դովլաթյանի «Սարոյան եղբայրները» եւ իր խաղացած առաջին փոքրիկ դերը. ֆիլմում նա մերկ զորակոչիկներից մեկն էր, որը Խորեն Աբրահամյանին (Գեւորգ) հարցնում է. «Բա մեզ հրացան չեն տալո՞ւ»: «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Մի ֆիլմի պատմություն» հաղորդաշարի հեղինակ Աննա Թերջանյանը վերջերս պատմում էր «Սարոյան եղբայրների» մասին: Ափսոսացի, որ ինձ տեղյակ չեն պահել, ես եւս կարող էի հետաքրքիր դրվագներ պատմել ֆիլմի նկարահանման աշխատանքներից: Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ Խորեն Աբրահամյան-Գեւորգը հրացանն ուղղեց զանգակատան վրա, որպեսզի զանգերը խփող տերտերին սպանի ու վնասեց սեփական ձեռքը: Ես իմ թաշկինակով կապեցի ու իր մոխրագույն «Վոլգայով» գնացինք Աշտարակի հիվանդանոց՝ վիրակապելու: Հետո մասսայական տեսարաններում նկարահանվող տատիկները ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին խորհուրդ էին տվել՝ «Բալա ջան, եկեղեցու վրա զենք չեն պահի, տեսարանը փոխի, ախր Աստված կպատժի»: Եվ Դովլաթյանը, իսկապես, փոխեց տեսարանը. Խորեն Աբրահամյանը ոչ թե կրակեց հոգեւորականի վրա, այլ նրան ներքեւ գցեց»,- հիշեց Ս. Սիմոնյանը:

Ս. Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ որն է իր համար ավելի կարեւոր՝ կինո՞ն, թե՞ թատրոնը: «Երկուսն էլ: Բեմը հանդիսատեսի հետ շփման մեջ մտնելու հնարավորություն է տալիս: Որքան էլ ինքնամոռաց խաղաս, զգում ես հանդիսատեսի շունչը, ռեակցիան՝ այս կամ այն հուզիչ դրվագի ժամանակ, որն ավարտվում է ծափով: Կինոն էլ այլ աշխարհ է: Այնտեղ ամեն ինչ բնական է՝ սարեր, ձորեր, ավտոմեքենաներ, համբույրներ ու ապտակներ: Այստեղ չես խաղա՝ պիտի ապրես»,- պատասխանեց դերասանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել