Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 07,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ վեցերորդ

ԲԻԼԻԱՐԴ ԻՆՆ ԱՆՑ ԿԵՍԻՆ

Նախքան Ֆրանսիա թռչելս մտավախություն ունեի, որ Ֆրանսիայում չեմ կարողանա էս վեպս առաջ տանել, բայց դուք արդեն վկա եք, որ ո՛չ միայն Ֆրանսիայում, այլեւ ինքնաթիռի մեջ է՛լ ահագին գրեցի, ու դուք նաեւ վկա եք, որ հենց Փարիզո՛ւմ ավարտեցի էս վեպիս չորրորդ գիրքն ու հինգերորդն սկսեցի, եւ հիմա հենց էդ փաստի վրա եմ սեւեռված ու հընթացս նաեւ մտածում եմ, որ չնայած մշտապես Երեւանում եմ ապրում ու գրում, բայց էնպես է ստացվել, որ էս իրար հաջորդող գրքերս միշտ Երեւանից դուրս են ավարտվում ու սկսվում, եւ եթե էս անգամ դա Փարիզում տեղի ունեցավ, նախորդ անգամ տեղի էր ունեցել Ծաղկաձորում, ավելի ստույգ՝ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը, եւ էս հանգամանքը հիշելով ու էս հանգամանքի շուրջ մի քիչ մտածելով՝ հավաքում եմ մեր ստեղծագործական տան տնօրեն Մոսոյի բջջայինի համարը, որպեսզի իրեն հաղորդեմ իր հյուրընկալ օջախում մի շաբաթ ստեղծագործելու բուռն ցանկությունս, եւ դեռ ցանկությունս լրիվ չհայտնած, Մոսոն անմիջապես կռահում է բուռն ցանկությունս եւ ասում է՝ «կարաս հենց վաղն էլ գաս», եւ ես անակնկալի գալով ու մտածելով, որ էսօր հինգշաբթի է, ու վաղն «Առավոտում» լիքը կիսատ գործեր ունեմ շաբաթօրյա համարի հետ կապված, ու նաեւ մտածելով, որ առնվազն երեք օր պետք է, որ տնեցիներից վերջնականապես կարոտս առնեմ, ու նաեւ հիշելով, որ երկուշաբթի «Ժուկով-ժամանակովի» տեսագրությունն է նշանակված, Մոսոյի հետ երեքշաբթվա վրա եմ պայմանավորվում, եւ Մոսոն բջջայինով ասաց՝ «երբ որ քեզ հարմար ա, Արմեն ջան», եւ ես ասացի՝ «մերսի, Մոսո ջան», եւ ինքն ասաց՝ «արի գրի, որ շաբաթ օրերը կարդանք», եւ ես նորից ասացի՝ «մերսի», եւ ինքն ասաց՝ «ի՞նչ մերսի. էս ձեր տունն ա», եւ ես ասացի՝ «հաջող», եւ ինքն ասաց՝ «հաջող. սպասում ենք», ու ես վերստին հիշեցի, որ տարիներ առաջ հենց ե՛ս էի գրողների մեջ ցեցը գցել, որ Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տունը ծախենք ու փողն էլ մեջմեջ անենք, եւ հիմա վերստին բարձրացրածս էդ աղմուկը հիշելով՝ մտածում եմ, որ Մոսոն իմ հանդեպ իր էս սիրալիրությամբ ու պատրաստակամությամբ՝ իմ էդ բարձրացրած աղմուկն է երեսովս տալիս, բայց հենց էս պահին էլ էդ միտքս ինձանից վանում ու հիմա արդեն մտածում եմ, որ եթե մեր էդ տան տնօրենը Մոսոն չլիներ, գրողներս մեր էդ տունը վաղուց փոշիացրած կլինեինք, ու միտքս ավելի լարելով՝ փորձում եմ վերադառնալ կիսատ թողածս թեմային, եւ, եթե հիշում եք, երազներիս մասին էի խոսում, եւ, եթե հիշում եք, իմ շարունակվող ու միակ լավ երազում շարունակում եմ հանդես գալ իբրեւ ֆուտբոլային ռմբարկու աստղ, ու վատ երազներս էլ իմ է՛ն երազներն են, ուր մշտապես բանակիս օրերն եմ հաշվում կամ մշտապես ուշանում եմ ինքնաթիռներից, բայց, էս երկուսից բացի, մշտապես մի վատ երազ է՛լ եմ տեսնում, ու էս վերջինի համառոտ բովանդակությունը հետեւյալն է. ես դեռեւս ազապ տղա եմ, եւ ծնողներս, ազգականներս ու բոլորն ինձ հորդորում են շուտափույթ ամուսնանալ, եւ էդ բոլորեքյան հորդորներից էնքան եմ նեղսրտում, որ անմիջապես զարթնում եմ եւ կնոջս ու արդեն չափահաս աղջիկներիս մեր տան մեջ գտնելով՝ սրտանց ուրախանում եմ, որ այլեւս ազատ եմ ամուսնանալու պարտականությունից. այդուհանդերձ, ինձ երդվյալ ամուրի ներկայացնող էս երազներս չեմ կարող վատ երազներիս շարքը դասել, որովհետեւ էս երազներիս տեւողությամբ մեկ՝ ծնողներս ու ազգականներիցս շատերը դեռեւս ողջ են, ու արթնանալով՝ անօգնականորեն փաստի առաջ եմ հայտնվում, ու որ հոգեբաններն ու մասնագետներն ասում են, թե երազների տեւողությունն ընդամենը մի քանի ակնթարթ է, դա մաքուր փչոց է, որովհետեւ իմ էդ երազներում մորս հետ ահագին երկար ենք խոսում, եւ մայրս ինձ ահագին երկար է համոզում ամուսնանալ, եւ որ մասնագետներն ու հոգեբաններն ասում են, թե գունավոր երազներ չեն լինում, դա եւս փչոց է, որովհետեւ իմ էդ երազներում մայրս մշտապես բալի գույնի իր շորով է, եւ մի ժամանակ էլ ծակ պրոֆեսորներն ու բանաստեղծներն ասում էին, իբր՝ թիթեռներն ընդամենը մի օր են ապրում, եւ որ դա է՛լ է փչոց՝ ես դեռեւս յոթերորդ դասարանում համոզվեցի, երբ Ծաղկաձորի ճամբարում ընկերոջս հետ մի նախշուն թիթեռ բռնեցինք ու երեք օր պահեցինք երեքլիտրանոց մի բանկայի մեջ, եւ երեք օր անց, երբ խիղճներս տանջեց ու կափարիչը բաց արինք, էդ նախշուն թիթեռը թեթեւորեն թռավ ու գնաց. այսինքն, իմ անձնական փորձով կարող եմ հաստատել, որ թիթեռն առնվազն երեք օր ապրում է ու էն էլ է՛ն դեպքում, երբ ուտելու բան չի ունենում եւ շնչելու օդ էլ համարյա չի ունենում, եւ «համարյա» եմ ասում, որովհետեւ ես ու իմ ճամբարական ընկեր Վաչոն էդ երեքլիտրանոց բանկայի կափարիչը մի քիչ կողքի էինք դրել, որ էդ խեղճն էդ նեղլիկ արանքից շնչելու մի քիչ հնարավորություն ունենա, եւ հիմա մտածում եմ, որ մարդիկ թեեւ թիթեռից երկար են ապրում, բայց երեւի թիթեռի չափ էլ հիշողություն չունեն, եւ փոխանակ իմ ու Վաչոյի էդ ճամբարական փորձը տարիներ առաջ հիշեի, երբ ինքս է՛լ մանկական գրքերիցս մեկում թիթեռի մեկօրյա կյանքի մասին ոտանավոր տպեցի, հիմա նոր եմ հիշում:

Ուզում եմ ասել, որ մարդկային հիշողությունը երբեմն ավելի կարճ կյանք է ունենում, քան՝ նույնիսկ թիթեռը, եւ հիշողության կորուստների պատճառով մարդիկ շատ հաճախ ակամա իրար խաբում ու իրար թյուրիմացության մեջ են գցում, ընդ որում՝ ո՛չ միայն իրար են խաբում, այլեւ՝ իրենք իրենց, եւ քիչ առաջ ինքս է՛լ էդ բանն արեցի՝ ինձ ու ձեզ հավաստիացնելով, թե՝ վերադառնում եմ բուն նյութիս, այնինչ վերադարձիս ճանապարհին ընդամենը երազներիս անդրադարձա, իսկ ինչ վերաբերում է բուն նյութիս, բուն նյութիցս վաղուց եմ շեղվել ու կտրվել, եւ դուք է՛լ եք երեւի հիշում, որ բուն նյութս ո՛չ էդ երազներս են, ո՛չ Փարիզն ու Բեյրութը, ո՛չ Դանիկի ու կովկիթի էն պատմությունը եւ ոչ էլ՝ Լյոնյայի ու սարիթաղցի վունդերկինդի էն կատարողական դեպքը, եւ եթե ի՛նքս եմ ժամանակ առ ժամանակ բուն նյութս հիմնավորապես մոռանում, դուք միանգամայն իրավունք ունեք մոռանալ, եւ երբ Փարիզում Գրիգոր Պլտյանին ասացին, որ թերթային վեպ եմ գրում, Գրիգորը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «տես՝ իրադարձություններուն մեջ չխճճվիս», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի խճճվեմ», եւ Գրիգորն ասաց՝ «ժամանակին Օտյանն ա՛լ թերթոնային վեպ գրած է եւ անգամ մը մոռցեր՝ իր իսկ մեռցուցած հերոսներեն մեկուն վերստին կյանք էր վերադարձրել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ավելի լավ ա մեռածներին սաղացնես, քան՝ սաղերին մեռցնես», եւ Գրիգորը ժպտաց ու ասաց. «Բան չունիմ ըսելու, սակայն մեռյալներին հարություն շնորհելն ալ Աստծո անելիքն է եւ ո՛չ թե՝ գրողներու»:

Հիմա երեւի ձեզանից քչերն են հիշում բուն նյութս, եւ նմանապես քչերը կհիշեն, թե ե՞րբ եւ ո՞ր պահից սկսած՝ բուն նյութիցս կտրվեցի ու էսպես ցաքուցրիվ եղա, եւ, փաստորեն, մեղքը մասամբ նաեւ Դանիկինն է, որովհետեւ, եթե դեռեւս հիշում եք, ես Վրեժի հոր թաղման օրն Աշնակում Դանիկին տղամարդու խոսք էի տվել, որ մի օր անպայման կոնսերվատորիայի աղջկերքի պատմությանը կանդրադառնամ, ընդ որում՝ խոստմանս մեջ նաեւ մտնում էր, որ Դանիկի հայհոյանքն է՛լ անպայման պիտի գրեմ, եւ հավանաբար իր էդ հայհոյանքի հանգամանքն էր նաեւ պատճառը, որ Աշնակի էդ պատմության մեջ երկարատեւ լռվեցի, եւ չնայած մեր որոշ գրագետներ ինձ սանձարձակ, լկտի եւ նույնիսկ վուլգար գրող են համարում, բայց դուք վկա եք, որ շուրջ մի հատորի տեւողությամբ ֆռֆռացի Աշնակի մեր էդ պատմության շուրջբոլորն ու էդ պատմությանը բոլորեքյան մոտենալով՝ ոչ մի կերպ չկարողացա գրավոր ձեզ հրամցնել Դանիկի էդ հայհոյանքը, եւ հիմա արդեն մտածում եմ, որ մեր որոշ գրագետներն ինձ սանձարձակ, լկտի եւ նույնիսկ վուլգար գրող են համարում ընդամենն է՛ն պատճառով, որ մանավանդ էս գրվածքիս լեզուն տեղ-տեղ նույնիսկ մեկին մեկ է համընկնում իրենց իսկ առօրյա խոսակցականին, իսկ ինչ վերաբերում է Դանիկի էդ օրվա հայհոյանքին, դրան երեւի այլեւս չանդրադառնամ, որովհետեւ էսքան ծամծմելուց ու էսքան ջանջալացնելուց հետո Դանիկի էդ հայհոյանքն այլեւս է՛ն հնչողությունը չի ունենա, ու էդ հայհոյանքը գրի առնելս արդեն նպատակահարմար էլ չի ոչ միայն է՛ն պատճառով, որ Ռոլանդին խոստացել եմ էդ ուշունցն ու էդ վերջաբանը չգրել, այլեւ է՛ն պատճառով, որ էս ընթացքում ընթերցողներիցս ոմանք չհամբերելով՝ մոտենում ու հարցնում էին, թե ի՞նչ հայհոյանք է տվել Դանիկն էդ, ուրեմն, կոնսերվատորիայի աղջկերքին, եւ էս ընթացքում բոլոր հարցնողներին մեկ առ մեկ պատասխանել ու ասել եմ, բացառությամբ էն քաղքենի կանանց ու գրագետների, որոնք Դանիկի էդ հայհոյանքը ո՛չ միայն գրավոր, այլեւ բանավոր է՛լ չէին հանդուրժի. այսինքն, ընթերցողներիցս որոշներին արդեն հայտնի է Դանիկի էդ հայհոյանքը, եւ հիմա արդեն որեւէ իմաստ չունի սեւով սպիտակի վրա այն գրի առնել, մանավանդ որ՝ արդեն երեքշաբթի է, եւ ես արդեն մեր ստեղծագործական տանն եմ, ուր Ղուկասն ու մի քանի գրողներ էլ կան, որոնք եւս իրենց գործին են. այսինքն, էստեղ ամեն մեկն իր գործին է, եւ հիմա արդեն խանգարող չկա, որպեսզի հիմնավորապես ու վերջնականապես վերադառնամ բուն նյութիս:

Ինչպես Մոսոյի հետ պայմանավորվել էինք, հենց երեքշաբթի էլ հայտնվել եմ, չնայած երեկ է՛լ կարող էի Ծաղկաձոր գալ, եւ չնայած էստեղ ինձ խանգարող չկա եւ միանգամայն ստեղծագործական մթնոլորտ է, բայց հիմա էլ հոգեբանորեն պատրաստ չեմ բուն նյութիս վերադառնալ, եւ դրա պատճառը երեկվա երկուշաբթիս է, եւ հիմա արդեն սկսում եմ հավատալ, որ երկուշաբթին իսկապե՛ս անհաջող օր է, իսկ երեկվա երկուշաբթին հատկապես ու առանձնապես ի՛նձ համար էր անհաջող, որովհետեւ, եթե չեք մոռացել, երեկ «Ժուկով-ժամանակովի» ժողովրդի հետ պիտի մեր հերթական հեքիաթները տեսագրեինք, բայց էդ բանը տեղի չունեցավ, որովհետեւ մեր էդ հաղորդման ռեժիսոր Մառան հենց ստուդիայի դռների մոտ մեզ աչքալուսանք տվեց ու ասաց, որ մեր «Ժուկով-ժամանակովը» այլեւս գոյություն չունի անբավարար միջոցների, ավելի ճիշտ՝ միջոցների բացակայության պատճառով:

Մի խոսքով, Բոբոշը մեռավ: Ավելի ճիշտ՝ սպանվեց: Զոհվեց անբավարար միջոցների կամ միջոցների բացակայության պատճառով: Դիահերձումը ցույց կտա, թե դրանցից որն է մահվան հիմնական պատճառ հանդիսացել:

Ես կարող էի ասել՝ մեր ամբողջ ստեղծագործական խումբը մեռավ, բայց հատկապես ու առանձնապես Բոբոշի՛ մահն եմ գուժում, որովհետեւ մեր ստեղծագործական խմբում ինքն ամենակենդանի օրգանիզմն ու գոյությունն էր, եւ չնայած մինչ այժմ մեր գրած, բեմադրած ու տեսագրած բոլոր հեքիաթներն էլ բարի ու երջանիկ ավարտ են ունեցել, բայց ինքը՝ հաղորդումն ավարտվեց մահվան ելքով:

Առաջին հայացքից՝ արտառոց որեւէ բան տեղի չի ունեցել. հիմա շատերն են մեռնում անբավարար միջոցների ու հատկապես միջոցների բացակայության պատճառով, եւ սա էդ դեպքերից ընդամենը մեկն է, եւ յուրաքանչյուրս ի՛ր կորուստն է առանձնապես սգում, եւ յուրաքանչյուրս առանձնապես ի՛ր կորստին է փորձում հասարակական հնչեղություն հաղորդել, եւ տուժածների իրավահաջորդներս սովորաբար ու ավելի հաճախ մեր կորուստների հետեւանքներն ենք նշում ու շեշտում, քան՝ բուն կորուստը, եւ է՛դ հանգամանքն է հիմնական պատճառը, որ աշխարհիկ կյանքում լիքը փող շինած մեկի դիակի վրա հարազատներն ավելի շատ են արցունք թափում, քան՝ սովորական մեկի կյանքից հեռանալու դեպքում, եւ հիմնականում է՛ս հանգամանքն էր պատճառը, որ սովետների հարաբերական հավասարության ժամանակներում հարազատները համարյա հավասար էին լացում իրենց հարազատների վրա, եւ որ հիմա Բոբոշի մահն էսքան մանրամասն ու հանգամանալից եմ սգում, դրա պատճառն էն է, որ Բոբոշն է՛լ էր ռեգուլյար փողի աղբյուր, ընդ որում՝ ո՛չ միայն ինձ համար, այլեւ՝ մեր ստեղծագործական ամբողջ խմբի համար, այսինքն՝ էդ թզուկն ամեն օր եթերում երեւում ու ճտպտում էր, եւ իր շնորհիվ բոլորս, իրենից ու Գուգուշից բացի, էդ հաղորդումից փող էինք ստանում, եւ որ մյուս թզուկի՝ Գուգուշի մահն էսպես հանգամանորեն չեմ սգում, դրա պատճառն է՛լ է միանգամայն եսասիրական, որովհետեւ մեր էդ հաղորդման ժամանակ Բոբոշն ամենից շատն էր խոսում, եւ չնայած Գուգուշը չափազանց փիլիսոփայորեն ու մեծահոգաբար էր լռում, իրեն ավելի քիչ էին նկատում, որովհետեւ լռողները կյանքում միշտ էլ հազվադեպ են նկատվում, եւ որ էս պահին մեր էդ երկու թզուկների մահն եմ նշում ու շեշտում եւ ոչ թե՝ մեր ամբողջ ստեղծագործական խմբինը, դրա պատճառն էն է, որ մեր հաղորդումն էդ՝ մշտապես մեզանից ավելի կենդանի երկու թզուկների մեն ու միակ կյանքն էր, ու էդ ստուդիան էլ իրենց միակ տունն ու բնակավայրն էր, իսկ ինչ վերաբերում է մեր ստեղծագործական խմբի վճարովի անդամներիս, մենք դեռեւս կանք եւ նույնիսկ մի ամսվա փողի հույս ունենք, որովհետեւ մի ամսվա զապաս տեսագրություն ունենք արած, եւ, բացի այդ, էդ հաղորդումից ու էդ ստուդիայից զատ՝ այլ կյանք ու այլ բնակավայր է՛լ ունենք, որովհետեւ, ի տարբերություն Բոբոշի ու Գուգուշի, մենք միանգամայն ինքնուրույն եւ, որ ամենակարեւորն է, միանգամայն ինքնուրույն մտածող արարածներ ենք եւ մշտապես աչքներիս առաջ ունեինք էս, ուրեմն, հաղորդման փակվելը, եւ էդ նախապատրաստված լինելս է պատճառը, որ առանձնապես նեղացած չեմ էդ հաղորդումը փակողներից, չնայած, այսուհանդերձ, ամենից տուժածը հենց ե՛ս եմ, որովհետեւ չափազանց մեծ զապասով էի աշխատում եւ արդեն փետրվարյան սցենարներին էի հասել, մինչդեռ էս պահին դեռեւս աշուն է, ու ես մեր ստեղծագործական տանը նստած՝ էս մահախոսականն եմ գրում, եւ կարծես ստացվում է, որովհետեւ, չնայած հաղորդումը փակված է, խիղճս հարաբերականորեն հանգիստ է, քանի որ մեր տնեցիներին էդ հաղորդման վախճանի մասին դեռեւս չեմ հայտնել եւ միանգամայն գիտակցաբար չեմ հայտնել, որովհետեւ մերոնք ո՛չ միայն էդ հաղորդումներին էին վարժվել, այլեւ՝ էդ հաղորդումներից ստացվող ռեգուլյար հոնորարներին:

Այսուհանդերձ, ես է՛ն կարծիքին եմ, որ Բոբոշն ու Գուգուշն իրենց բնական մահով չմեռան, եւ սա հենց է՛ն դեպքերից է, որոնց մասին «Առավոտի» իրավական էջի պատասխանատու Մինասյան Ռուզանն ասում է՝ «սպանություն ա գնում», եւ ես է՛լ էս դեպքում չէի ասի, թե Բոբոշն ու Գուգուշն իրենց բնական մահով մեռան, մանավանդ որ՝ մինչեւ փետրվար էդ չվճարված զապասներս, որ էս պահի դրությամբ դարսված են մեր զգեստապահարանի ամենավերեւում, ինձ հանգիստ չեն տալու:

Իսկ կյանքը շարունակվում է, եւ որ դա էդպես է՝ ես իմացա մեր էս հաղորդման փակվելուց ահագին առաջ՝ սեպտեմբերի քսանմեկի երեկոյան, եւ էդ մասին ինձ տեղեկացրեց Լենուղու իմ դասղեկական վեցի «ա»-ի Սամվելը, որին հանդիպեցի Հանրապետության հրապարակում՝ Շառլի համերգի ժամանակ, ու երեւի ձեզանից ոմանք դեռեւս հիշում են, որ «Ժուկով-ժամանակովի» Բոբոշի նախատիպը Լենուղու իմ դասղեկական դասարանի Բենիամինն էր, եւ երբ էդ իրիկուն Հանրապետության հրապարակում Բենիամինի համադասարանցի Սամվելին Բենիամինի մասին հարցուփորձ արի, պարզվեց, որ իսկական Բոբոշը՝ այսինքն Բենիամինը, ապրում է, կա ու հիմա Լենուղու գլխավոր տրակտորիստն է, եւ տրակտորն էլ իր սեփականն է, ու Բենիամինն էդ տրակտորը կոպեկներով է առել, որովհետեւ Սովետի քանդվելու պահին հենց ի՛նքն է էդ տրակտորը հաստիքով բանեցնելիս եղել, ու հիմա Բենիամին-Բոբոշը ո՛չ միայն իր հարազատ գյուղին, այլեւ հարակից գյուղերին է՛լ է միանգամայն մատչելի գներով սպասարկում եւ քանի որ ուրիշ տրակտորիստների համեմատ շատ խղճով գին է ուզում, մշտապես գործ ունի եւ նույն Բենիամինն է՝ սրամիտ, իմաստասեր եւ բոլորի ուրախությունն ապահովող:

Այսինքն, նրանք, ովքեր կարծում էին, թե կարող են սպանել Բոբոշին, ընդամենը նրա նմանակից հաջողացրին ազատվել, եւ, փաստորեն, էս պահի դրությամբ մեր ստեղծագործական խմբի միակ հանգուցյալը Գուգուշն է, որովհետեւ ինքը ո՛չ միայն նախատիպ չուներ, այլեւ ստեղծված էր ընդամենը Բոբոշին սպասարկելու ու ընկերակցելու նպատակով, այսինքն՝ ինքը նույնիսկ էդ հաղորդման ժամանակ ինքնուրույն ու լիարժեք գոյություն չէր, իսկ ինչ վերաբերում է ստեղծագործական խմբի մյուս անդամներիս, մենք հիմա է՛լ ենք շարունակում լիարժեք ու ինքնուրույն կյանքով ապրել. Նազենին, օրինակ, շարունակում է զանազան ա՛յլ հաղորդումներ վարել եւ հետեւելով իմ հորդորներին՝ արդեն երբեմն-երբեմն երգում է՛լ է, ռեժիսոր Մառան հաջողությամբ շարունակում է իր ռեժիսորությունն անել միանգամայն այլ մարդկանց հետ, Բոբոշին ու Գուգուշին լավուվատից կյանք ու շունչ տվող Մարջիկն ու Հովիկն իրենց էդ անշնորհակալ գործը Սունդուկյանի թատրոնում են շարունակում, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես, ինչպես տեսնում եք, ո՛չ միայն ապրում եմ, այլեւ էս անվերջանալին ու անիմանալին եմ շարունակում, եւ էս «անիմանալին» էս վեպիս առումով ամենագտնված ու ամենաճշգրիտ բնորոշումն է, որովհետեւ ինքներդ է՛լ եք երեւի արդեն համոզվում, որ ես նախապես չեմ որոշում՝ ինչ եմ գրելու, որովհետեւ նախապես չեմ իմանում՝ ինչ եմ գրելու Պետյայից ստացած էս հաջորդ թղթերի վրա, այսինքն, դեռեւս չգիտեմ՝ իմ կյանքն ինձ ուրիշ ի՞նչ անակնկալներ է մատուցելու, իսկ ինչ վերաբերում է հետագա անելիքներիս, անելիք միշտ էլ կա, ու հիմա էս անվերջանալիի ու անիմանալիի էսօրվա փայն ավարտելով՝ անմիջապես անցնելու եմ էլեկտրոնայինի հերթական ու հանապազօրյա հոդվածիս, բայց դրանով է՛լ էսօրվա անելիքս չի պրծնելու, որովհետեւ ես էսօր իրիկուն, ավելի ճիշտ՝ էսօր գիշեր առանձնակի՛ ուշադրությամբ պիտի հետեւեմ չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Չելսի» խաղին ո՛չ միայն էն պատճառով, որ խաղադրույքս «Չելսիի» վրա դրել ու եկել եմ Ծաղկաձոր, այլեւ է՛ն պատճառով, որ Մանուկյան Արայիկին խոստացել եմ իր «90 րոպե» թերթի համար լուսաբանել ու մեկնաբանել էդ խաղը, քանի որ արդեն մի ամիս է՝ Արայիկն ինձ համոզում է թղթակցել իր էդ ֆուտբոլային թերթին, ու ես շարունակ ցրում էի, որովհետեւ «Ժուկով-ժամանակովն» ու Բոբոշը կային, այսինքն՝ ժամանակս քչություն էր անում, եւ հիմա, երբ «Ժուկով-ժամանակովն» ու Բոբոշն այլեւս չկան, եւ Ծաղկաձորում լիքը ժամանակ ունեմ, էս հատվածս ու էլեկտրոնայինի հոդվածս կավարտեմ, կիջնեմ ընթրիքի, ընթրիքից հետո էլ մի քիչ բիլիարդ կգլորեմ՝ մինչեւ «Բարսելոնան» ու «Չելսին» սկսեն, եւ եթե բիլիարդի խաղընկեր չգտնեմ, փույթ չէ, որովհետեւ բիլիարդն է՛ն եզակի խաղն է, որ առանց խաղընկերոջ ու մենմենակ էլ է խաղացվում, եւ եթե Ծաղկաձորի Ալիկն ու ընկերները դեռեւս բիլիարդանոցում են՝ ավելի լավ, որովհետեւ Ալիկի հետ իմ խաղը միշտ էլ լավ է ստացվում, քանի որ իր հետ չափազանց ազատ ու անկաշկանդ եմ խաղում եւ իր հետ միշտ ազատ ու անկաշկանդ եմ խաղում, որովհետեւ հեչ չեմ ձգտում իրեն հաղթել եւ քանի որ հեչ չեմ ուզում իրեն հաղթել՝ միշտ էլ հաղթում եմ, որովհետեւ բիլիարդն է՛ն խաղն է, որ երբ ազատ ու անկաշկանդ ես խաղում, հարվածներդ չտեսնված հաջող են ստացվում, իսկ Ալիկի հետ հատկապես հիմա եմ ազատ ու անկաշկանդ խաղում, որովհետեւ Ամարյան Վազգենն արդեն վերջնականապես է բացակա կյանքից, բիլիարդից ու ամեն ինչից. այսինքն, երբ գլխավերեւումդ իսկական վարպետ չկա, միշտ էլ քեզ ազատ ու անկաշկանդ ես զգում, եւ իմ ու Ալիկի էս վերջին տարիների բոլոր խաղերն ասես նվիրված լինեն Ամարյան Վազգենի պայծառ հիշատակին, եւ երբ մի հաջող հարված եմ կատարում, Ալիկը շատ թախծոտ ժպտում ու ասում է՝ «օղորմածիկի պես զարգեցիր», եւ որ էս ամենի մասին էսպես ազատ ու անկաշկանդ գրում եմ, էդ նրանից է, որ գլխավերեւումս Հրանտ Մաթեւոսյանի պես վարպետ է՛լ չկա. այսինքն, իսկական վարպետի բացակայությունը միշտ էլ անկաշկանդության հիմք ու պատճառ է հանդիսանում, եւ հատկապես բիլիարդի պարագայում է էդ հանգամանքն արդյունավետ եւ հատկապես իմ ու Ալիկի պարագայում է արդյունավետ, որովհետեւ Ալիկի դեմ միանգամայն ազատ ու անկաշկանդ եմ ո՛չ միայն էն պատճառով, որ չեմ ձգտում անպայման իրեն հաղթել, այլեւ է՛ն պատճառով, որ դեռեւս չի տպագրվել վեպիս էն հատվածը, ուր մանրակրկիտ ու հանգամանալից նկարագրում եմ Ֆլորի ծննդյան օրվա իմ ու Ալիկի ընդհարումը:

Էս վեպիս յուրահատկություններից մեկն էլ էն է, որ, չնայած շատ հաճախ տվյալ պահի միանգամայն թարմ իրադարձությունների մասին եմ գրում, բայց տվյալ պահին թարմ գրածս «Առավոտում» տպագրվում է առնվազն մեկ տարի անց. այսինքն, ես էս պահին «Առավոտում» երրորդ գիրքս նոր-նոր եմ սկսել տպագրել, մինչդեռ իրականության մեջ, ահա, արդեն հինգերորդն եմ սկսել ու ահագին առաջ տարել, ու հիմա, երբ արդեն ընթրել եւ Ալիկին էլ բիլիարդով հաղթել ու ճամփու եմ դրել, նոր եմ հասկանում, որ շատ հնարավոր է՝ սա իմ ու Ալիկի վերջին բիլիարդը լինի, ավելի ճիշտ՝ իմ ու Ալիկի բիլիարդի վերջին սեզոնը, որովհետեւ ընդամենը երկու շաբաթից «Առավոտում» կտպագրվի իմ համակուրսեցի Ֆլորի ծննդյան օրվա իմ ու Ալիկի ընդհարման մանրամասն նկարագրությունը, եւ, չնայած Ալիկը թերթ չի կարդում, շատ հնարավոր է՝ խաբար տվողներ լինեն, ու չնայած էդ դեպքում է՛լ դժվար թե Ալիկն ինձանից նեղանա, բայց արդեն երեսս չի բռնի էսպես՝ ամեն իրիկուն ու ամեն առավոտ ինն անց կես իրեն դեմ առ դեմ հանդիպել բիլիարդանոցում, բայց, կարծում եմ, օրը կգա՝ բարին էլ հետը, եւ հիմիկվանից չարժե էսպես ապագայի հարցերով անհանգստանալ, մանավանդ որ՝ էս պահին անհանգստանալու միանգամայն ա՛յլ պատճառ ունեմ, այն է՝ Արայիկին խոստացել եմ «Բարսելոնա»-«Չելսի» խաղի մասին հոդված գրել իր «90 րոպե» նորաստեղծ թերթի համար, եւ չնայած գրելն ամենօրյա ու հիմնական զբաղմունքս է, եւ չնայած ֆուտբոլն էլ ողջ գիտակցական կյանքիս ընթացքում է հիմնական զբաղմունքս եղել, այդուհանդերձ, ֆուտբոլի մասին առաջին անգամ եմ գրելու, չհաշված, իհարկե, էս վեպիս մեջ հանդիպող ֆուտբոլային ու բուքմեյքերական անդրադարձներս, եւ երեկ, երբ ֆուտբոլային սկսնակ տեսաբանի էս անհանգստությունս Արայիկին հայտնեցի, ինքն իմ անհանգստությունը ցրեց ու ասաց, որ ինձանից ո՛չ թե ֆուտբոլային տեսաբանի մտավարժանք է ակնկալում, այլ ընդամենը այն, ինչ գրչիս տակից կպլստա էս, ուրեմն, «Բարսելոնա»-«Չելսի» խաղի առիթով, եւ ահա Արայիկի էդ զիջողությունից վերստին ու վերջնականապես խրախուսված՝ անմիջապես սկսում եմ ինձ էդ խաղին տրամադրել, որովհետեւ խաղն արդեն սկսված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել