Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 11,2007 00:00

Պարույր Հայրիկյանը խոստանում է դա բացահայտել

Բուն հայոց տոմարով այսօր սկսվում է 4500թ.-ն: Այդ հոբելյանը երեկ հիշեց միայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որն այդ առթիվ հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ: Չորս ու կես հազարամյակն իհարկե լուրջ թիվ է, սակայն այսօրվա օրախնդիրը մնում է առաջիկա նախագահական ընտրությունները: Եվ պարոն Հայրիկյանի ասուլիսի մյուս մասը վերաբերում էր դրան: Նա խոսեց այն աշխատանքների մասին, որն ինքը տանում է քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: «Այսօր ոչ թե ընդդիմադիր ուժերի, այլ՝ ժողովրդավար ուժերի խնդիրն է Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր դարձնել, եւ նույնիսկ ավելին՝ ամենաժողովրդավարական երկիրն աշխարհում»,- ասաց նա: Իսկ այդպիսին դառնալու համար որպես նախապայման նա տեսնում է, մասնավորապես, այն մեխանիզմը, երբ պատգամավորները քվեարկելու են ոչ թե մեկ ձայնով, այլ այնքան ձայնով, որքան ստացել են քաղաքացիներից: Ասենք, քվեարկության ժամանակ կլինի ոչ թե 60 կողմ, 40 դեմ, այլ՝ 600 հազար կողմ, 400 հազար դեմ: Սակայն այս ամենին հասնելու համար, ըստ ԱԻՄ ղեկավարի, անհրաժեշտ է ձեւավորել «ազգային հավաքական»՝ քաղաքական թիմ իր ծրագրով:

Ասուլիսի ավարտին պարոն Հայրիկյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Ի՞նչ պատկեր է այսօր Ձեր նախաձեռնած հավաքներում:

– Օգոստոսի 20-ից հետո կհանդիպենք ավելի առարկայական քննարկումներով: Առաջին հանդիպմանն ավելի շատ մարդիկ կլինեն, իսկ հետո, ենթադրում եմ, որ հետին նկատառումներ կամ մեծ հավակնություններ ունեցողներն ասպարեզից դուրս կմնան: Մի մասը կծախվեն՝ ես գիտեմ, թե ովքեր, բայց չեմ ասի: Մի մասն իրենց հավակնությունների ձեռքին հոգեկան հիվանդ կդառնան՝ Աստծուց պատիժ կստանան: Եվ կմնա մի փոքր կուռ թիմ՝ հինգ-յոթ անդամներով, բայց բազմաբեւեռ այն իմաստով, որ տարբեր քաղաքական հայացքներ կներառի իր մեջ:

– Վերջերս Արշակ Սադոյանն ասաց, որ ինքը չի մասնակցում «սերիկարդինալային եւ ուղղորդված հավաքների»: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ նա:

– Երեւի նկատի ունի մի բան, որի մասին ես պատկերացում չունեմ: Եվ հետո՝ իրեն չենք էլ հրավիրել, որ ինքը մասնակցի: Չեմ հրավիրել, քանի որ ինքը հայտարարել է, որ պաշտպանելու է այն մարդուն, ում լքեց՝ Վազգեն Մանուկյանին: Մեզ մոտ հավաքված են մարդիկ, ովքեր դեռ վճռականորեն չեն ասել ոչ մի բան, գնահատականներ տալիս են իրենք իրենց եւ ուրիշներին, բայց ասում են, որ պատրաստ են քննարկումների:

– Իսկ Արտաշես Գեղամյանի մտահղացումը՝ միասնական իշխանական եւ ընդդիմադիր թեկնածուի մասին, Ձեր թիմն ինչպե՞ս ընդունեց:

– Արտաշես Գեղամյանի ասածը մեր քաղաքական հանդիպման ժամանակ քննադատվեց ոչ թե որպես սխալ բան, այլ ասվեց, որ ռոմանտիկ է, որովհետեւ շատ բարի վերաբերմունք է իշխանական թեւի ներկայացուցիչների հանդեպ: Եթե նրանք էդքան լավն են եւ կարող են մոռանալ իրենց իշխանատենչությունը, ուրեմն նրանց դեմ պայքարելու բան էլ չկա:

– Բայց չէ՞ որ փորձված բան է, ընտրության համար մեր ժողովրդին լիդեր է պետք, այսինքն՝ դեմքեր, ոչ թե գաղափարներ:

– 96թ. փորձը մոռացվել է: Հենց 96-ին նման հանդիպումների ընթացքում ես՝ այն ժամանակվա երկրորդ դեմքս (երբ Լեւոնն ընտրվեց, ես երկրորդ դեմքն էի), ասացի՝ համաձայն եմ հանել իմ թեկնածությունը, միայն թե՝ թիմով գնանք: Նույն Վազգեն Մանուկյանը, որ ուներ 10-15%, միանգամից ունեցավ 60%: Իրենը 0 էր, եթե գնար առանձին, Սերգեյ Բադալյանից էլ քիչ ձայն կստանար: Եթե ես էլ առանձին գնայի, ես էլ 0 էի: Բայց երբ թիմ կազմեցինք, թիմի ուժը փոխանցվեց նրան:

– Ասում եք, որ Ձեր «թիմը» կարող է 60% հավաքել առաջիկա ընտրություններում, բայց խորհրդարանական ընտրություններում այդ 5-7 կուսակցության հավաքած ձայները, որ իրար գումարենք, ամենեւին էլ 60% չի անում:

– Նրանք չկարողացան ի մի գալ, եւ ես ուզում եմ, որ չկրկնվի դա: Այն ժամանակ Վազգենն ու Րաֆֆին առանձին քչփչում էին ամիսներով, մեզ ասում էին՝ սպասեք, որոշենք, ձեզ կասենք: Հետո պարզվեց՝ ոչինչ չկա: Մյուսներին ես առանձին-առանձին բացատրում էի, ասում էի՝ գնալու եք ջախջախվեք, եթե չմիանաք: Բայց կար մեծամտություն, կար վաճառվելու հետին նպատակ՝ դնել թեկնածությունը, հետո փողը վերցնել ու հանել… Դրա համար ես հիմա բոլորին հավաքում եմ մի տեղ:

– Նույն Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վազգեն Մանուկյանին է՞լ եք հավաքում:

– Վազգենին չեմ կանչում, որովհետեւ Վազգենը հայտարարել է, որ ինքն անփոխարինելի է: Ասել է՝ բացառվում է, որ ես որեւէ մեկի համար հանեմ իմ թեկնածությունը: Դե որ բացառվում է, գնա մենակդ, տեսնենք քանի՞ կոպեկ արժես: Կամ էլ ասեց՝ անպտուղ հանդիպումների չեմ մասնակցում: Ինչպիսի~ անշնորհքություն, յոթ կուսակցությունների լիդերներ հավաքվել են, դու ո՞վ ես, որ ասում ես «անպտուղ»: Բայց դա ներում ենք, եւ եթե տեսակետը փոխել է, թող գա: Այն ժամանակ հասարակությանը հայտնի չդարձավ, թե ովքեր էին միասնությանը խանգարողները, բայց ես հիմա այնպիսի մեխանիզմ եմ ստեղծել, որ բոլորը կտեսնեն, թե ով ինչով է շնչում: Եվ հրապարակային կլինի ամեն ինչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել