Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր փուլ՝ հին հեռանկարով

Օգոստոս 11,2007 00:00

Կոսովոյի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների նոր փուլն առաջ մղելու համար նախօրեին Lոնդոն են ժամանել Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնյան հաղորդել է, թե ֆիքսված օրակարգ չկա: «Այս հանդիպումից գլխավոր արդյունք կամ դիրքորոշումների էական փոփոխություն չի սպասվում»,- նշել է նա, հավելելով, թե ներկայիս խորհրդակցություններն ավելի շուտ «եռյակի» հետագա աշխատանքների համար հող ստեղծելու նպատակ են հետապնդում: Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների նոր ձեւաչափ ստեղծվեց այն բանից հետո, երբ Մոսկվան սպառնաց վետո դնել ՄԱԿ-ի ԱԽ ներկայացված ծրագրի վրա, ինչով փաստացի անկախություն էր նախատեսում Կոսովոյի համար:

Միեւնույն ժամանակ, Սերբիայի նախագահի գրասենյակից հաղորդել են, որ «եռյակի» ներկայացուցիչներն արդեն իսկ բանակցություններ են սկսել սերբական իշխանությունների հետ: Երեկ Բելգրադում նրանք պետք է հանդիպեին Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչի, վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցայի եւ այլ պաշտոնյաների հետ: Սերբական «ՆԻՆ» շաբաթաթերթին տված հարցազրույցում վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Ալեքսանդր Սիմիչն ասել է, որ եթե Կոսովոյի հարցի լուծումը հիմնված լինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահթիսաարիի ծրագրի վրա, ապա Սերբիայի հարավային երկրամասը վաղ թե ուշ կդառնա ՆԱՏՕ-ի յուրահատուկ պետություն: Նրա խոսքերով, հիմա, երբ Կոսովոյի կարգավիճակի հարցով սկսվում է բանակցությունների նոր փուլ Բելգրադի ու Պրիշտինայի միջեւ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արեւմուտքի որոշակի շրջանակների համար Կոսովոյի անկախությունն ավելի կարեւոր է, քան պետության տարածքային ամբողջականության միջազգայնորեն ճանաչված նորմերի եւ տարածաշրջանի կայունության պահպանումը:

Հաղորդվում է նաեւ, որ Բելգրադում բանակցություններ վարելուց հետո միջնորդներն ուղեւորվելու են Կոսովո՝ բանակցելու այնտեղի ալբանացիների առաջնորդների հետ:

Մինչեւ առաջիկա դեկտեմբերի 10-ը նրանք պետք է զեկուցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, թե արդյո՞ք հաջողվել է բանակցություններում առաջընթացի հասնել: Կոսովոյի ալբանացիները, ինչպես հայտնի է, անվերապահորեն պնդում են իրենց անկախությունը, ինչին Սերբիան կտրականապես դեմ է:

Հարկ է նկատել, որ, բազմաթիվ դիտորդների համոզմամբ, Կոսովոյի շուրջ ընթացող բանակցությունների այս նոր փուլին անխուսափելիորեն սպասվում է առաջինի ճակատագիրը: Շատ վերլուծաբաններ պնդում են, որ կոսովյան անպտուղ բանակցությունները, ի վերջո, կհանգեցնեն Կոսովոյի կողմից անկախության ինքնահռչակմանը, որին էլ կհաջորդի «կայացած փաստի» ճանաչումը Արեւմուտքի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել