Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջազը փիլիսոփայություն է»

Հոկտեմբեր 10,2007 00:00

\"\"Ըստ ամերիկաբնակ երգչուհի Զառա Երվանդի, դրան չպետք է նայել իբրեւ բիզնեսի:

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա ամերիկաբնակ հայտնի ջազմեն Գարրի Քյոսայանի հեղինակային երեկոն, որին շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի դարձյալ ամերիկաբնակ ջազային երգչուհի Զառա Երվանդը, նույն ինքը՝ ճանաչված կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի դուստրը: Անցյալ տարի նա մասնակցել է Նյու Յորքում ավանդական դարձած ջազ վոկալիստների համաշխարհային մրցույթին, որտեղ ընդգրկվել է լավագույն տասնյակում: Հոկտեմբերի 14-ին էլ երեւանյան ակումբում երգչուհին հանդես կգա Արմեն Հյուսունցի ղեկավարած Time Report ջազ անսամբլով, երեկոյին կմասնակցի նաեւ նրա հայաստանյան գործընկեր՝ երգիչ Արթուր Իսպիրյանը:

Նախօրեին երգչուհին սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ:

– Դաստիարակվել եք դասական արվեստ գնահատող ընտանիքում: Տաթեւիկ Հովհաննիսյանից հետո երկրորդն եք, որ երգչուհու կարիերան սկսեցիք ջազային ստեղծագործություններով…

– Ասում են՝ ծնողներս ինձ քնեցրել են ջազի հնչյունների ներքո, հատկապես՝ Սթիվի Վուանդերի: Ես դա հասկացա 6-7 տարեկանում: Դժվար էր, բայց պատկերացրեք՝ լսում ու ընկալում էի ջազը եւ, որ ամենակարեւորն է՝ ինձ թվում էր՝ ես այդ հնչյունները շատ վաղուց էի լսել: Արդեն 15 տարեկանից սկսեցի երգել ու ձայնագրվել: Ավելի ուշ մասնակցեցի 90-ականների սկզբներից բոլորին հայտնի Արթուր Գրիգորիչի «Ասուպ» եւ «Այո» շոուներին, իհարկե՝ ջազային ստեղծագործություններով: Այնպես որ, սկսել ու շարունակում եմ եւ կշարունակեմ ջազ արարել:

– Հնարավոր չէ՞ր հայրենիքո՛ւմ ջազ արարել:

– Իհարկե, հնարավոր էր, ինչին լծվել էի դեռ երիտասարդական տարիքից: Բայց հետաքրքիր է կյանքը: Ստացվեց այնպես, որ շահեցի Գրին քարդ: Ճիշտ է, դեռ երիտասարդ եմ, բայց մի բանում համոզված եմ՝ եթե կյանքը քեզ հնարավորություն է տալիս, ապա պետք է օգտվես ընձեռված առիթից: Երբ 15 տարի առաջ հայտնվեցի Ամերիկայում, անասելի դժվար էր թեկուզ միայն նրա համար, որ լեզվին լավ չէի տիրապետում: Մյուս կողմից էլ շփոթվում էի. չէ՞ որ ջազի հայրենիքում էի: Որոշ ժամանակ անց սկսեցի աշխատել համաշխարհային ջազային երաժշտության հայտնի անունների հետ, օրինակ՝ բաս կիթառահար Ռիչարդ Դեյվիսի, որը եղել է Սառա Վուանի երաժիշտներից:

– Ի՞նչ են անում ամերիկաներում ձեր տարիներին մեկնած հայաստանցի ջազմենները:

– Ցավում եմ, բայց տեղեկացված չեմ: Միակ հայազգի երաժիշտը, որի հետ համագործակցել եմ եւ արդյունքում թողարկվել է իմ առաջին CD-ն, Արմեն Դոնելյանն է, որի արվեստին քաջ ծանոթ է հայաստանցի հանդիսատեսը:

– Միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ անգամ համաշխարհային ճանաչման արժանացած ջազմենները չեն տառապում «կլիպամոլությամբ»:

– Պարզ պատճառով՝ ջազը ինտելեկտուալ երաժշտություն է, փիլիսոփայություն, մտքի ազատ շարժում: Իսկական ջազմենի համար առաջնայինը երաժշտությունն է, հետո նոր՝ բիզնեսը:

– Ջազն արդյո՞ք նաեւ ձեր ապրուստի միջոցն է:

– Ջազով դրամ չես աշխատի: Այդ գումարը նույնիսկ մոտավոր չես համեմատի փոփ աստղի աշխատածի հետ: Չեմ թաքցնի, ունեմ իմ բիզնեսը (չասաց կոնկրետ ինչով է զբաղվում- Ս. Դ.):

– Ինչպե՞ս ստացվեց ձեր եւ Գարրի Քյոսայանի համագործակցությունը:

– Ծանոթացանք ու մտերմացանք Լոս Անջելեսում, դեռ տասը տարի առաջ: Գարրին ինձ ներկայացրեց իր երկերը: Լսելով դրանք, միանգամից հասկացա, որ գտել եմ այն ջազմենին, որի ստեղծագործություններն իմ «հագով» են: Երեւանյան այս համերգին ես առաջին անգամ պետք է բեմից ներկայացնեմ Գարրիի ստեղծագործությունները՝ իր ղեկավարած ջազ անսամբլի ընկերակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել