Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքն ուրա՞խ է, ապրուստը՝ ձրի՞

Հոկտեմբեր 16,2007 00:00

Մեղրիի քաղաքապետը վստահեցնում է, որ իրենց քաղաքում ոչ մի գործազուրկ չկա

«Ամբողջ Մեղրին ման գաք՝ մի գործազուրկ տղամարդ չեք գտնի: Ասենք ուզում ենք այգին փորելու համար մեկին գտնել, պարապ մարդ չես կարող գտնել»,- «Առավոտի» հետ զրույցում Մեղրի քաղաքի ներկայիս վիճակն այսպես բնութագրեց քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ իրենց քաղաքից 230 տղամարդ աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում, որը քաղաքից ընդամենը 60 կմ հեռավորության վրա է գտնվում: Ըստ քաղաքապետի, վերջերս շատ մեղրեցիներ են ընդգրկվել Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մեջ: Նոր աշխատատեղեր են բացվել նաեւ Մեղրիի պահածոների գործարանում, Այգեձորի ոսկու ֆաբրիկայում, նաեւ սահմանապահ զորամասում: «Գնալով բարգավաճում են նաեւ մեր գյուղական համայնքները, կառուցվում են դպրոցներ, հյուրանոցներ, տուրիզմը ծաղկում է»,- ասում է քաղաքապետը: Սակայն Մեղրիի մասին քաղաքապետի այս լավատեսական կարծիքները գյուղական համայնքների ներկայացուցիչները չեն կիսում: Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց խնդիրները բազմաթիվ են, սակայն ամենակարեւորն ու անհրաժեշտը խմելու ջրի հարցն է, որը տարիներ շարունակ չի լուծվում: Նրա խոսքերով. «700 բնակիչ ունեցող գյուղում խմելու ջուրն օգտագործվում է առանց մաքրման: Սովորական օրերին դեռ լավ է, բայց անձրեւոտ եղանակներին ծորակներից ցեխաջուր ու ավազ է գալիս: Շատ բան չենք ուզում, մեր ուզածն ընդամենը մի մաքրման կայան է»:

Ս. Զաքարյանը նշեց նաեւ, որ աշխատատեղերի հարցն էլ իրենց գյուղում լուծված չէ: Նրա տեղեկացմամբ՝ եթե տղամարդիկ էլի որեւէ տեղ կարողանում են աշխատել, ապա 35 տարեկանից բարձր կանանց ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում: Ըստ գյուղապետի, իրենց համայնքը նաեւ բերքի իրացման խնդիր ունի: Գյուղացիները ոչ մի երաշխիք չունեն, որ բերքը մշակելուց հետո նորմալ գնով կարող են իրացնել: Ս. Զաքարյանի պատմելով՝ նախորդ տարի մի հայ գործարար եկել ու կիլոգրամը 300 դրամով Ռուսաստանում վաճառելու նպատակով արքայախնձոր (կառալյոկ) է գնել, գյուղացիներն էլ շատ ուրախացել են ու այս տարի էլ հույսով սպասում են այդ գործարարին, սակայն մի քանի օր առաջ նրանք տեղեկացել են, որ այդ գործարարն էլ իրենցից միրգ չի գնելու, քանի որ Ուզբեկստանից բերված նույն միրգն ավելի որակյալ է ու Ռուսաստանում ավելի էժան է վաճառվում: Ըստ գյուղապետի, որպեսզի բերքը չփչանա, գյուղացիներն այն ստիպված փոխանակում են Երեւանից ու Արտաշատից բերված հագուստի ու մթերքի հետ: Վարդանիձոր համայնքի ղեկավար Ալբերտ Բեգլարյանն «Առավոտի» հետ զրույցում եւս հաստատեց, որ գյուղացին իր բերքից գրեթե եկամուտ չի ունենում: «Շատերն իրենց հողն ու այգիներն արդեն չեն մշակում, գերադասում են ամիսը 100-200 դոլարով մի գործարանում աշխատել, քան իրենց հողերը մշակել,- դժգոհեց Ա. Բեգլարյանը: Այն, որ երբեմն գյուղացու բերքի մեծ մասը փչանում է՝ քաղաքապետ Մ. Հովհաննիսյանը բնական է համարում: Նրա խոսքերով. «Եթե միրգն էստեղից տանեն Երեւան հասցնեն, տրանսպորտի ծախսն էլ գնին ավելացնեն, միրգը շատ կթանկանա ու գնորդ չի լինի: Իսկ Երեւանի շուկաներում խաբում են ու իրենց ապրանքը գովելու համար ասում են, թե Մեղրիից են բերել, բայց, օրինակ, թուզն էստեղից Երեւան չի կարող հասնել, ճանապարհին հաստատ կթթվի»: Քաղաքապետի տեղեկացմամբ, Մեղրիի պահածոների գործարանը մրգի պահանջարկ շատ չունի ու գյուղացիների տարեկան բերքի ընդամենը 8%-ն է գնում:

Այգեձորի եւ Թխկուտի գյուղացիներն էլ «Առավոտին» դժգոհեցին, որ եթե սկսեն իրենց խնդիրների մասին խոսել, մի քանի ժամն անգամ բավարար չի լինի: Մի տարեց բնակչի խոսքերով էլ. «Ճիշտ ա, խնդիրները շատ են, մենք էլ մի կերպ հարմարվում ու յոլա ենք գնում, բայց որ ամբողջ Մեղրիում մի վիրաբույժ ու մի կարգին բժիշկ չկա, ո՞նց ապրենք: Մինչեւ հիվանդին 400 կիլոմետր տանեն ու Երեւան հասցնեն՝ էդ հիվանդի վերջը ո՞նց կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել