Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոկտեմբեր 27,2007 00:00

Շարունակություն

Դա ոչ միայն քայքայում է առանց այդ էլ անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գոյատեւելու դատապարտված հայոց պետականության հիմքերը, այլեւ հղի է ղարաբաղյան կարգավորման գործընթացում մեր դիրքերն զգալիորեն թուլացնելու վտանգով: Կոռումպացված, ավտորիտար, բռնատիրական եւ այդու արտաքուստ հզոր թվացող, բայց սեփական ժողովուրդների համար ատելի դարձած պետություններն իրականում ամենաթույլ պետություններն են: (Հեռուն չգնալու համար բավական է հիշեցնել շաբաթների ընթացքում մեր իսկ աչքի առջեւ կործանված իրաքյան պետության օրինակը): Եվ ընդհակառակը՝ անհամեմատ ավելի հզոր են իրավական, ժողովրդավար, ազատ, իրենց ժողովուրդների վստահությունը վայելող պետությունները: Առաջիկա նախագահական ընտրություններում կա՛ այդպիսի պետություն ստեղծելու հնարավորություն, եւ այս անգամ հայ ժողովուրդն այդ հնարավորությունը կորցնելու իրավունք չունի:

Ռեժիմի գործունեությունն ունի նաեւ բազմաթիվ այլ աղետաբեր հետեւանքներ, որոնք դրսեւորվում են, մասնավորապես, մշակույթի, կրթության, ժողովրդի հոգեւոր դաստիարակության բնագավառներում, սակայն, ժամանակի սղության պատճառով, դրանց մասին թերեւս հնարավորություն կունենամ խոսելու այլ առիթներով: Իսկ այժմ ժամանակն է անդրադառնալ օրվա գլխավոր խորհրդին՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությանը:

Հոկտեմբերի 27-ի խորհուրդը

Ասվեց արդեն, որ Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձեւավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է, այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռեւս ամենայն խորությամբ չի լուսաբանված: Հայ ժողովրդի եւ Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել: 705 թվականին Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն: 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական եւ մտավորական ընտրանուն: Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության եւ մտավորականության ամենակարկառուն դեմքերին: Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային: Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով:

Մինչեւ բուն նյութին անցնելը, ավելորդ չեմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել հուշապատմական մի պատառիկ: Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին Պաշտպանության նախարարությունից հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության եւ քաղաքական ուժերի միջեւ նախատեսված մի խորհրդակցության: Ես կտրականապես մերժեցի եւ, խոսակիցներիս խստորեն սաստելով, ասացի մոտավորապես հետեւյալը. «Բանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը եւ միջամտել երկրի ներքին գործերին: Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ կանխել երկրին սպառնացող վտանգները»: Չբավարարվելով այդքանով, ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ եւ շնորհակալություն հայտնեց այդ առթիվ: Դա իշխանափոխությունից հետո իմ եւ Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր: Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը: Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության Մութալիբովից-Էլչիբեյին եւ Էլչիբեյից-Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով: Ուստի Ադրբեջանը չէր կարող չմտածել Հայաստանի նմանօրինակ վիճակից օգտվելու հնարավորության մասին: Այսքանն՝ իմիջիայլոց: Իսկ այժմ վերադառնանք օրվա ողբերգական թեմային:

Առաջին հայացքից բոլորին թվում էր, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումն առանձնապես դժվարություն չպետք է ներկայացնի: Ոճրագործությունը կատարվել էր հարյուրավոր պատգամավորների եւ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առջեւ, բուն կատարողները ոչ միայն հայտնի էին, այլեւ կալանավորված, ուստի անհնար էր պատկերացնել, թե ի՞նչը պիտի խանգարեր անաչառ քննությանն ու դատավարության ընթացքին: Այս ամենը, սակայն, միայն առաջին հայացքից: Շատ շուտով մենք ազգովին ականատեսը եղանք չափազանց արտառոց մի երեւույթի: Հանրապետության նախագահն, իր բացահայտ միջամտություններով, ոչ միայն ամեն ինչ արեց հետաքննության եւ դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու ուղղությամբ, այլեւ փաստորեն վիժեցրեց դավադրության հնարավոր կազմակերպիչների բացահայտման գործը:

Նման հնչեղություն ունեցող ոճրագործությունների պարագայում ամենուրեք, հասարակական կարծիքի տրամաբանությամբ, կասկածները սովորաբար ընկնում են իշխանությունների վրա: Ուստի երկրի նախագահն ամենաշահագրգռվածը պետք է լիներ հեռացնելու համար իրենից այդ կասկածները: Եթե նա չուներ որեւէ այլ մոտիվացիա, ապա պետք է բացարձակ ազատություն տար քննչական եւ դատական մարմիններին, հրավիրեր աշխարհի լավագույն փորձագետներին եւ ապահովեր դատավարության լիակատար հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նախագահը զինվորական դատախազին արգելեց հանդես գալ խորհրդարանում, իսկ հետո ընդհանրապես հեռացրեց գործի վարույթից, աշխատանքից ազատեց գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին՝ նրա փոխարեն նշանակելով ռեժիմի հավատարիմ գործիք Աղվան Հովսեփյանին, հրապարակային ճնշումներ բանեցրեց տուժող կողմի պաշտպանների վրա՝ նրանցից մեկին մասնավորապես կոչելով «բոմժ», վերեւների թելադրանքով դատարանը կարճեց կազմակերպիչների գծով գլխավոր կասկածյալ Ալեքսան Հարությունյանի գործը, որից հետո համաներման պատրվակով ազատ արձակեց նաեւ վեց այլ ամբաստանյալների եւ այլն: Այսինքն՝ կամա թե ակամա, Քոչարյանը բոլոր կասկածներն ուղղեց իր դեմ, ինչը նշանակում է, որ այդպիսի ռիսկի գնալու համար նա լուրջ պատճառներ պետք է ունենար:

Հոկտեմբերի 27-ի գործում դատարանների թույլ տված ամենակոպիտ օրինախախտումները հետեւյալ երկուսն են.

Առաջին. 2001 թվականի հունիսի 12-ին ընդունված համաներման օրենքում հստակորեն նշված էր, որ այն չէր տարածվում դատաքննությունն սկսված գործերի վրա: Եվ քանի որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ի գործով դատաքննությունն սկսված էր, ապա այդ օրենքը չէր կարող կիրառվել տվյալ գործով մեղադրվող անձանց նկատմամբ: Հետեւաբար, դատավոր Ուզունյանը, համաներման կիրառմամբ կարճելով վեց ամբաստանյալների գործերը, թույլ է տվել օրենքի աններելի խախտում, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել դատավարության հետագա ընթացքի վրա:

Երկրորդ. Օրենքի շատ ավելի աղաղակող ոտնահարմամբ մի այլ դատավոր կարճել է Ալեքսան Հարությունյանի գործը՝ հիմք ընդունելով Նաիրի Հունանյանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր վերջինիս դեմ տրված ցուցմունքներն իրենից կորզվել են խոշտանգումների միջոցով: Սակայն Հարությունյանի գործն այդպիսի հիմնավորմամբ կարճելուց առաջ դատարանը պարտավոր էր խոշտանգումների փաստն ապացուցել դատավճռով եւ խոշտանգողներին ենթարկել համապատասխան պատիժների՝ մի բան, որ չի արվել: Հետեւաբար, Հարությունյանի գործը կարճվել է ապօրինաբար, ինչը նշանակում է, որ Հունանյանի բոլոր ցուցմունքները դեռեւս ուժի մեջ են՝ ցուցմունքներ, որոնցում Ալեքսան Հարությունյանը ներկայանում է որպես կազմակերպիչների գծով հոկտեմբերի 27-ի գործի գլխավոր կասկածյալ եւ հանգուցային ֆիգուր:

Չեմ կարծում, թե հիշյալ դատավորներն այնքան արհեստավարժ չէին, որ չհասկանային իրենց կայացրած վճիռների անօրինականությունը: Եթե, այդպես լինելով, նրանք այնուամենայնիվ վտանգել են իրենց պրոֆեսիոնալ համբավը եւ հետագա կարիերան, ապա դա նշանակում է, որ կա՛մ ենթարկվել են ճնշումների, կա՛մ էլ առաջնորդվել այլ շարժառիթներով: Երկու դեպքում էլ, սակայն, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առաջ:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում: Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի ապագա նախագահի ամենագլխավոր պարտականություններից մեկը՝ մի բան, որ բացառված է Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը

Իսկ այժմ համառոտակի անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, որը, ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ընդգծելու, Հայոց պետականության առջեւ կանգնած գերագույն խնդիրն է, քանզի գերազանցապես դրանից է կախված թե՛ Հայաստանի ու Արցախի ապագան, թե՛ մեր երկրների տնտեսական բարգավաճումը եւ թե՛ հայ ժողովրդի բարօրությունը: Քանի դեռ չի լուծվել այդ հարցը, քանի դեռ չեն վերացել մեզ խեղդամահ անող շրջափակումները, քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները մեր անմիջական հարեւանների հետ, եւ քանի դեռ մեր երկիրը չի ինտեգրվել տարածաշրջանային ու միջազգային համակարգերում, Հայաստանն այսօրվա աշխարհի պահանջներին զուգընթաց զարգանալու եւ հզորանալու հնարավորություն չունի, որքան էլ բազմաթիվ լինեն հակառակը պնդողները:

Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից եւեթ ինձ համար եղել է ոչ թե հողի կամ տարածքի, այլ բացառապես մարդու իրավունքների հարց: Աշխարհից կտրված մի լեռնազանգվածում ապրում է 150 հազար մարդուց բաղկացած մի ժողովուրդ, որն ընդամենը ուզում է նույնքան ազատ, հպարտ, երջանիկ ու ապահով լինել, որքան ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին կամ ամերիկացին: Սակայն, բանից պարզվում է, որ դա չի հետաքրքրում միջազգային հանրությանը: Աշխարհը, որն այդքան հոգ է տանում անհատ մարդու իրավունքների պաշտպանությանը, 150 հազար մարդուն մարդ չի համարում: Դա պարզապես դիտվում է որպես վիճակագրական փաստ, իսկ լավագույն դեպքում՝ ազգային փոքրամասնություն, որի տակ սովորաբար հասկացվում է էքստրատերիտորիալ փոքրամասնությունը: Բայց քանի որ, ի դժբախտություն միջազգային հանրության, Ղարաբաղը էթնո-տերիտորիալ միավոր է, նրա վրա չեն կարող տարածվել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները: Հետեւաբար, մնում է միայն հարցի մեկ լուծում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Այլ լուծումները բացառվում են ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների օրգանական անհամատեղելիությամբ, ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ կրոնական անտագոնիզմով, ինչպես պնդում են ուրիշները, այլ քաղաքական այն ակնհայտ իրողությամբ, որ Ադրբեջանն ի վիճակի չէ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ազատությունը եւ բարօրությունը:

Շուրջ մեկ ամիս առաջ ունեցած իմ ելույթում ես հարկադրված էի ցավով արձանագրել, որ Հայաստանի ներկա իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության պատճառով վերջին տասը տարիների ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորումը հասել է համարյա անհուսալի վիճակի, քանի որ Ադրբեջանը, օր օրի կոշտացնելով իր դիրքը, այսուհետեւ ոչ մի փոխզիջման չի գնալու: Ո՞րն էր այսպիսի հոռետեսական գնահատականի հիմքը: Ո՛չ այնքան այն, որ Հայաստանը բանակցություններում միաժամանակ ներկայացնելով նաեւ Ղարաբաղի Հանրապետությունը, վերջինիս փաստորեն դուրս է մղել կարգավորման գործընթացից, նրան զրկելով ԵԱՀԿ-ի բանաձեւերով սահմանված հակամարտության լիիրավ կողմի կարգավիճակից, ո՛չ էլ Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի հարթությունից անխոհեմաբար վիճելի տարածքի հարթություն տեղափոխելու փաստը, որքան անհամեմատ ավելի կարեւոր ու չափազանց ցավալի մի իրողություն:

Հայաստանի իշխանությունները տասը տարի շարունակ, աշխարհին հիմարի տեղ դրած, ձեւացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ՝ իրականում, սակայն, հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է՝ ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը: Մեր պետական այրերի խաղաղասիրական հայտարարությունները, փոխզիջումների պատրաստակամության վերաբերյալ տված հավաստիացումները, իբրեւ թե կոնստրուկտիվ նախաձեռնությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էժանագին բլեֆ՝ միջազգային հանրությանը խաբելու եւ ստատուս-քվոն պահպանելու համար: Նրանց թվացել է, թե ԵԱՀԿ-ի միջնորդներն այնքան միամիտ են, որ կընկնեն թակարդը եւ զերծ կմնան իրենց վրա ճնշումներ բանեցնելուց: Եթե միջնորդները մինչ այժմ ձեւացրել են, թե հավատում են հայկական կողմի անկեղծությանը, դա ամենեւին չի նշանակում, որ նրանք չեն հասկացել վերջինիս պարզունակ խաղը: Այն, որ նրանք մեծ ջանք չեն թափել կողմերին սկզբունքային համաձայնության բերելու ուղղությամբ, բացատրվում է պարզապես այն պատճառով, որ գերտերությունների առաջնահերթությունների շարքում Ղարաբաղի հարցն զբաղեցնում է, թերեւս, հազարերորդական տեղ: Հայաստանի իշխանություններն, անթաքույց հրճվանքով, այս ամենը համարում են իրենց մեծագույն հաջողությունը, քանի որ, ըստ նրանց, դա նպաստում է ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու ծրագրին:

Ստատուս-քվոյի պահպանման ձգտումը հիմնված է այն փիլիսոփայության վրա, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ հաշտվելու է կատարված փաստի հետ ու վերջիվերջո ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Տեսականորեն սա ճիշտ փիլիսոփայություն է, մանավանդ՝ պատմական առումով հիմնավորված մի քանի գործնական նախադեպերով: Ամբողջ խնդիրն այն է, ինչպես դեռ տասը տարի առաջ մի առիթով նշել էի, թե Հայաստանն ունի՞, արդյոք, 20-30 տարի ստատուս-քվոն պահպանելու հնարավորություն, նրա ռեսուրսները կբավարարե՞ն, արդյոք, զարգացնելու սեփական տնտեսությունը, հաղթահարելու շրջափակումների եւ մեկուսացման հարուցած խոչընդոտները, եւ վերջապես՝ մեր երկիրը կդիմանա՞, արդյոք, Ադրբեջանի հետ մրցակցությանը:

Ստատուս-քվոն ոչ թե քարտեզ է, ոչ թե զինադադարի գիծ, այլ ուժերի կայուն հավասարակշռություն: Այս տեսանկյունից հարցը դիտարկելիս ցավով պետք է արձանագրել, որ մենք գտնվում ենք բավականին մտահոգիչ, եթե չասենք, անմխիթար վիճակում: Եթե սրանից տասը տարի առաջ Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց մարդկային, տնտեսական եւ ռազմական ռեսուրսներով քիչ թե շատ համադրելի ուժեր էին, ապա այսօր, նույն չափորոշիչներով, նրանց միջեւ առաջացել է ահռելի ճեղքվածք, որը խորանալու միտում ունի: Մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը տարեցտարի ավելի ու ավելի ետ են մնում Ադրբեջանի զարգացման տեմպերից: 1997-2006 թվականների կտրվածքով Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է մոտավորապես 4, իսկ Ադրբեջանինը՝ ավելի քան 5 անգամ, արդյունաբերական արտադրանքի աճը Հայաստանում կազմել է 3 անգամ, Ադրբեջանում՝ 5.3 տասնորդական անգամ, բյուջեն՝ Հայաստանում 3.8 տասնորդական անգամ, Ադրբեջանում՝ 5 անգամ, արտահանումը՝ Հայաստանում 4, Ադրբեջանում՝ 8 անգամ, արտաքին առեւտրի հաշվեկշիռը 2006 թ. տվյալներով՝ Հայաստանում բացասական (1 միլիարդ 190 միլիոն դոլար), Ադրբեջանում դրական (1 միլիարդ 104 միլիոն դոլար): Արդեն իսկ հայտնի է, որ 2007 թվականի ցուցանիշների ամփոփումը մեզ համար ավելի տխուր պատկեր է ներկայացնելու:

Չեմ կասկածում, որ վաղն իմ ընդդիմախոս-բարեկամները հայտարարելու են. «Այսպիսի տվյալներ հրապարակելով՝ Տեր-Պետրոսյանը պարտվողական տրամադրություններ է սերմանում եւ մտադիր է հող նախապատրաստել Ղարաբաղն Ադրբեջանին ծախելու համար»: Կանխավ դիմելով նրանց՝ թախանձում եմ. «Հանգստացեք, հարգելիներս: Դադարեք զբաղվել դեմագոգիայով: Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին: Բավական է նրանից թաքցնել ճշմարտությունը: Ժողովուրդն ավելի խելոք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը»: Մեկ անգամ ընդմիշտ պետք է գիտակցել՝ Հայաստանի ոչ մի նախագահ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող ծախել Ղարաբաղը: Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայն ու միայն Ղարաբաղի ժողովուրդը: Եվ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ո՞րն է, արդ, պարտվողականությունը՝ ժողովրդին անգիտության մեջ պահելով ու նրա զգոնությունը բթացնելով, մի օր արթնանալ ու տեսնել, որ Ղարաբաղը չկա՞, թե՞ ճշմարտությունը բացահայտելով ու ահազանգ հնչեցնելով, փորձել համախմբել ազգի ուժերը՝ այդ վերահաս վտանգը կանխելու համար: Մեծագույն հարգանք տածելով մեր ժողովրդի նկատմամբ, ես միշտ ապավինել եմ ոչ թե նրա զգացմունքներին, այլ բանականությանը: Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի: Երբեք սուտ խոստումներ չեմ տվել ու չեմ զբաղվել ամբոխավարությամբ կամ ամբոխահաճությամբ՝ դեմագոգիայով եւ պոպուլիզմով: Եվ այսուհետեւ էլ չեմ պատրաստվում դավաճանել այդ սկզբունքներին: Թո՛ղ դա դիտվի որպես ոչ շահավետ քաղաքական վարքագիծ: Թո՛ղ ազդի իմ վարկանիշի վրա: Ես այն եմ, ինչ կամ ու լինելու եմ: Այդպիսին էի ես նաեւ 1988-ին, եւ դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը: Համոզված եմ, այս անգամ եւս կհասկանաք ու կվստահեք:

Այս ակամա քնարական զեղումից հետո կրկին վերադառնանք Ղարաբաղի խնդրին: Եռանախագահության կողմից ներկայումս շրջանառության մեջ դրված ոչ պաշտոնական փաստաթուղթը, որին «սկզբունքորեն» համաձայնել է Հայաստանը, ոչ այլ ինչ է, եթե ոչ տասը տարի առաջ մերժված փուլային տարբերակը: Այսպիսով, Հայաստանի ներկա իշխանություններն, այդքան տարիներ կորցնելուց ու դիվանագիտական աճպարարություններից (Վանոն կասեր՝ մայմունություններից) հետո, ինչի հետեւանքներն, ինչպես տեսանք, ավերիչ են, սուսիկ-փուսիկ համաձայնել են մի ծրագրի, որը ժամանակին ջանադրաբար ներկայացնում էին որպես պարտվողական, դավաճանական եւ այլն: Դա կարող է ունենալ երկու բացատրություն. կա՛մ սա մեր իշխանությունների հերթական բլեֆն է՝ միտված նորից ձգձգելու հարցի լուծումը, կա՛մ էլ, եթե ավելի լավատեսորեն գնահատենք, նրանք վերջապես հասկացել են, որ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կողմերի տրամագծորեն հակադիր դիրքորոշումների պատճառով կարգավորման փուլային տարբերակն, ինչպես անցյալում, այսօր էլ այլընտրանք չունի:

Համանախագահների մշակած խնդրո առարկա փաստաթղթում, կողմերի դեմքը փրկելու համար ավելացված է միայն մի անորոշ կետ Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի մասին: Փաստաթուղթն իբրեւ թե համաձայնեցված է շուրջ 99 տոկոսով, եւ մնում է ընդամենը մի քանի մանրամասն, որոնց առնչությամբ կողմերը դեռեւս չեն հարթել իրենց տարաձայնությունները: Մանրամասնություն կոչվածները, սակայն, կարող են այնքան սկզբունքային լինել, որ չհաղթահարվեն դեռեւս երկար ժամանակ: Ադրբեջանը, հույսը դրած նավթադոլարների վրա, բոլորովին չի շտապում, իսկ Հայաստանը, չգիտես ինչին ապավինած, հարցը լուծելու անհրաժեշտ կամք չի դրսեւորում: Ավելին, լուրջ հիմքեր կան պնդելու, որ եթե հարթվեն անգամ բոլոր տարաձայնությունները, միեւնույն է, Քոչարյանը, իր սովորության համաձայն, խուսափելով պատասխանատվությունից, փաստաթուղթը չի ստորագրի՝ այդ բեռը բարդելով հաջորդ նախագահի ուսերի վրա: Մի խոսքով՝ փակուղային մի վիճակ, որում, Քոչարյանից բացի, մեղքի իր բաժինն ունի Վարդան Օսկանյանը, եւ մասամբ՝ Արկադի Ղուկասյանը, որը Ղարաբաղի, որպես հակամարտության լիիրավ կողմի, միջազգային մանդատը զիջել է Հայաստանի նախագահին:

Իրավիճակից դուրս գալու ելքը թեեւ դժվարհաղթահարելի, բայց միանգամայն հստակ է.

Առաջին. նախ եւ առաջ պետք է մաքրել սեփական ախոռները եւ համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկա հանցավոր ռեժիմի վերարտադրությունը, վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, անհաշտ պայքար հայտարարել կոռուպցիայի, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների դեմ, ստեղծել հիրավի ժողովրդավարական, իրավական, ազատ եւ արդար պետություն՝ քաջ գիտակցելով, որ Ղարաբաղի ապագան լիովին կախված է Հայաստանի հզորությունից:

Երկրորդ. անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձեւաչափին, որում Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ: Հասկանալի է, որ դա անհնար է պատկերացնել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու պարագայում, որը նույնպես ղարաբաղցի լինելով, Քոչարյանի նման հավակնելու է բանակցություններում ներկայացնել նաեւ ղարաբաղյան կողմը:

Երրորդ. արմատապես հարկ է փոխել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Հայաստանի ներկա իշխանությունների վարած անհեռանկար եւ վտանգավոր քաղաքականությունը, այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս-քվոն պահպանելու փիլիսոփայությունից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայությանը:

Եվ չորրորդ. անիմաստ է վախենալ կամ խուսափել փոխզիջումներից, որովհետեւ այլ լուծում բնության մեջ գոյություն չունի: Քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, հաջող են համարվում միայն այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը: Երբ շահում է միայն մեկ կողմը, գործարքն ամենեւին հաջողված կամ տեւական չի կարող լինել:

Որոշ լրացուցիչ նկատառումներ

Երկարաշունչ խոսքս ամփոփելուց առաջ, հայցելով ձեր ներողամտությունը եւ մի փոքր եւս չարաշահելով ձեր համբերությունը, անհրաժեշտություն եմ զգում ձեզ հետ կիսվել մի քանի այլ նկատառումներով:

Զուտ մարդկայնորեն ինձ մեծագույն ցավ են պատճառում Հայաստանի պետական այրերի հասցեին այստեղ հնչեցված խիստ գնահատականները, որովհետեւ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը եղել են իմ անձնական եւ մարտական ընկերները՝ անհատականություններ, որոնց անուններն ըստ արժանվույն պետք է արձանագրվեն հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: 1999 թվականից հետո նրանց դրսեւորած վարքագիծն ամենեւին չի կարող ջնջել կամ ստվերել նրանց ու նաեւ՝ Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի անուրանալի եւ նշանակալից դերը, ինչպես Արցախի ազատագրման, այնպես էլ հայոց պետականության վերականգնման եւ ամրապնդման գործում: Իմ ելույթում հնչեցված կոշտ որակումները թելադրված են ոչ թե նրանց վարկաբեկելու կամ դատապարտելու միտումով, այլ միայն ու միայն ներկա վարչախմբի վերարտադրման անթույլատրելիության մասին ահազանգելու անհրաժեշտությամբ: Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվությունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը, վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ եւ ներողամիտ հայ ժողովրդի կողմից: Կանխելով հնարավոր մեղադրանքները, միանգամից ուզում եմ ընդգծել. իմ վերաբերմունքի մեջ բոլորովին դեր չի խաղում Քոչարյանի եւ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքը: Եթե նրանք արժանի լինեին, թող ոչ թե տասը, այլ հարյուր տարի բարով կառավարեին Հայաստանը, ինչպես նրանց նախնիները՝ արցախցի Հեթումյանները 150 տարի կառավարեցին Կիլիկիո թագավորությունը: Ես անթույլատրելի եմ համարում անպարկեշտ խոսակցությունների ու գրգռությունների միջոցով ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ սեպ խրելուն միտված տրամադրությունները, դրանք գնահատելով թե՛ անարդար, թե՛ վտանգավոր: Ուստի կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ նման մտայնության տարածումն ու ամրապնդումը կանխելու համար, մանավանդ որ Քոչարյանի եւ Սարգսյանի ստեղծած իշխանական արատավոր համակարգի հենասյուների 99 տոկոսը կազմում են ոչ այլ ոք, քան հայաստանցիները:

* * *

Բոլորովին չեմ կասկածում, որ իմ ընդդիմախոսներից ոմանք վաղը նորից լուրջ դեմքերով կհայտարարեն՝ Տեր-Պետրոսյանն այս անգամ եւս բավարարվեց միայն փաստերի կոնստատացիայով ու քննադատությամբ, չառաջարկելով որեւէ ծրագրային լուծում եւ չարձագանքելով իրեն ու նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքներին: Նախ, ծիծաղելի է տասը տարի լռած մարդու մի ելույթից պահանջել բոլոր հարցերի պատասխանը, քանի որ յուրաքանչյուր ելույթ ունի իր խնդիրը: Մինչ քաղաքական գործչի պլատֆորմը բացահայտվում է մի ամբողջ շարք ելույթների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, հոդվածների, նախընտրական ծրագրերի ու քարոզարշավների հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա որպեսզի ոչ ոք չկարծի, թե վախենում կամ խուսափում եմ դրանցից՝ ինքս կներկայացնեմ դրանց ամբողջական կատալոգը կամ այն ամենը, ինչն սպառնաց հիշեցնել մեր հարգարժան նախագահը՝ մութ ու ցուրտ տարիներ, մազութի գործ, էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերության քայքայում, վայրենի սեփականաշնորհում, խնայբանկի ավանդների փոշիացում, կուսակցության եւ թերթերի փակում, դավաճանություն Արցախի գործին, սխալ կադրային քաղաքականություն, թուրքամետություն, ապազգայնություն, կոսմոպոլիտիզմ եւ այլն: Հավատացած եմ, ոմանք չարախնդությամբ, իսկ հասարակության մեծամասնությունն ամենայն անկեղծությամբ սպասում են նշված մեղադրանքների վերաբերյալ իմ բացատրություններին: Վստահեցնում եմ, դուք դեռ բազմաթիվ առիթներ կունենաք լսելու այդ բացատրությունները: Իսկ թե որքան համոզիչ կամ անհամոզիչ կլինեն դրանք՝ կմնա ձեր դատին:

* * *

Հասկանում եմ, որ մեծագույն ինտրիգը, որը ձեզանից շատերին բերել է այս հրապարակ, առաջիկա նախագահական ընտրություններում իմ առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցն է: Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, այդ հարցն ինձ առանձնապես չի հետաքրքրում: Իմ համոզմամբ, Հայաստանի գլխավոր խնդիրն այսօր ոչ թե ապագա նախագահի անձն է, այլ ներկա վարչախմբի վերարտադրության վիժեցումը, քանզի դա արատավոր, նվաստացուցիչ, սեփական քաղաքացիների հանդեպ օտարավարի վարվող, հայ ժողովրդին պատիվ չբերող իշխանություն է: Ինչպես սեպտեմբերի 21-ի ելույթում հայտարարել էի, եթե հայտնվեր մի ուժ, որն ունակ լիներ լուծել այդ խնդիրը, ես ջանք չէի խնայի նպաստելու նրա հաղթանակին, իսկ եթե՝ ոչ, ապա ինձ ոչինչ չէր մնա, քան հնազանդվել ժողովրդի կամքին: Ճիշտն ասած, ես տրամադրվել էի իմ վերջնական որոշումը կայացնել ընտրական գործընթացի սկզբնավորման նախօրյակին: Սակայն իմ համակիրների նկատմամբ իշխանությունների կողմից վերջերս կիրառված բռնությունները, ինչպես նաեւ այս հանրահավաքի հսկայական էներգետիկան, այլեւս անհետաձգելի են դարձնում նման որոշման կայացումը: Ուստի այս պահից ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:

Սա սոսկ հայտարարություն չէ, այլ իմ, որպես քաղաքական գործչի, կարգավիճակի կտրուկ փոփոխություն: Հետեւաբար, այսուհետեւ իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն կամ հարկային ծառայության որեւէ ապօրինի պատժիչ գործողություն դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի հանցավոր խախտում եւ այդպես էլ ներկայացվելու է ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային ատյաններին: Թո՛ղ յուրաքանչյուր ոստիկանապետ, թաղապետ կամ հարկահան ականջին օղ անի՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ կատարված որեւէ բռնարարք՝ քրեական հանցագործություն է, եւ նրանք վաղ թե ուշ դատական կարգով պատասխան են տալու օրենքի առաջ: Այդպիսիների ցուցակն արդեն գլխավորում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ Ալեքսանդր Աֆյանը, Արարատ Մահտեսյանը եւ Ներսես Նազարյանը, իսկ ցուցակում հայտնվելու հավակնություն ունեն Երեւանի երկու թաղապետ, որոնց անունները, կախված նրանց հետագա վարքից, կհրապարակվեն կամ ոչ հաջորդ հանրահավաքներում:

Հայաստանի ներկա իշխանություններն ապրում են իրենց հոգեվարքը: Ոչնչից մի՛ վախեցեք: Նրանք ավելի վախեցած են, քան դուք: Վկա՝ նրանց նյարդային ջղաձգումները:

1988-ի համազգային շարժումն ուներ հայտնի մի կարգախոս՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: «Վերջի» տակ մենք նկատի ունեինք երկու նպատակ՝ Հայաստանի անկախության վերականգնումը եւ Արցախի ազատագրումը, որոնք արդեն իրականություն են: Իսկ այսօր «վերջ» ասելով մենք պետք է դնենք երկու այլ նպատակ՝ Հայաստանի սահմանադրական կարգի ու արժանապատվության վերականգնումը եւ Արցախի ազատության իրավական (դե յուրե) ձեւակերպումը: Ուրեմն՝
Պայքար, պայքար մինչեւ վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել