Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերն անտեսված են

Նոյեմբեր 03,2007 00:00

Գյուղերում ենթակառուցվածքների, բուժհիմնարկների վիճակն այնքան անմխիթար է, որ մարդիկ հիվանդանոցում բուժվելու համար մահճակալի հերթ են պահում:

Տավուշի մարզի Արծվաբերդ, Այգեձոր եւ Չինարի գյուղերում դժգոհությունների ալիք է բարձրացել: Գյուղացիները տեղեկացել են, որ «Այգեձորի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն շուտով փակվելու է: Դա նշանակում է, որ այգեձորցիները, ինչպես հարակից գյուղերի, այդ թվում նաեւ՝ Արծվաբերդի ու Չինարիի բնակիչները հիվանդանալու դեպքում ստիպված են լինելու հասնել շրջկենտրոն, իսկ շրջկենտրոն գնալը 2 ժամվա տաժանակիր աշխատանք է, քանի որ բոլոր ճանապարհները քարուքանդ են: Այգեձորի հիվանդանոցը ստեղծվել է Համաշխարհային բանկի միջոցներով եւ շահագործման հանձնվել 2001-ին, ունի տեղացի չորս պրոֆեսիոնալ բժիշկ եւ երկար տարիների փորձ ունեցող բուժքույրեր: Հիվանդանոցն օպտիմալացվելու դեպքում այդ մասնագետները հնարավոր է գործազուրկ դառնան: Գյուղացիները դժգոհում էին, որ առանց այդ էլ հիվանդանոցը չէր կարողանում լիովին սպասարկել տարածքի բնակիչներին: Հիվանդներն այնքան շատ են, որ մահճակալները չեն բավականացնում: Նրանք, ովքեր քիչ թե շատ հնարավորություն ունեն՝ բուժման համար հասնում են Բերդ, իսկ տեղի աղքատ գյուղացիները ստիպված են հիվանդանոցի մահճակալի համար հերթ կանգնել: Հիվանդանոց մեր այցելության օրը նույնպես բոլոր մահճակալները զբաղված էին: Հիվանդներին սպասարկող բուժաշխատողն ասաց, որ այդ օրն ազատ մահճակալ չլինելու պատճառով երկու հիվանդի ստիպված են եղել տուն ուղարկել՝ բուժումը տնային պայմաններում բժշկի հսկողության տակ շարունակելու: «Ինձ ամեն օր տեսակցության գալու համար երեխաներս մեծ գումար են ծախսում: Դրա համար էլ շատ ժամանակ ցավից տանջվելով՝ բժշկի չենք դիմում, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ենք գալիս հիվանդանոց: Եթե այս կենտրոնն էլ փակեն՝ մենք հիվանդ կկոտորվենք, բայց Բերդ չենք կարող հասնել։ Էդ ճանապարհները առողջ մարդուն են սպանում, ուր մնաց հիվանդը կարողանա անցնի»,- բողոքեց հիվանդներից մեկը՝ 74-ամյա Էմմա Ջուլհակյանը: Նա Այգեձոր էր եկել Չինարիից:

«Այգեձորի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի փակվելու հետ կապված՝ կենտրոնի տնօրեն Մուրադ Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում առանձնապես չդժգոհեց: Նա ասաց, որ մարզային իշխանությունները հիվանդանոցը պահպանելու համար ամեն ինչ անում են:

Չինարի եւ Այգեձոր գյուղերի բնակիչները նաեւ դժգոհում էին, որ իրենք ամեն հարցում տուժած են. «Կառավարությունն ու մարզային իշխանությունները սահմանամերձ գյուղերի եւ մարզկենտրոն Իջեւանի հարեւանությամբ գտնվող գյուղերի նկատմամբ խտրական վերաբերմունք են դրսեւորում: Մարզ մտնող տարաբնույթ ծրագրերը հասանելի են լինում միայն կենտրոնին, չնայած սահմանամերձ գյուղերը, պատերազմական տարիներին ենթարկվելով ռմբակոծությունների ու գնդակոծությունների՝ զգալի վնաս են կրել, շատ տներ ու համայնքային նշանակության կառույցներ ավերվել են»: Օրինակ՝ վերջերս կառավարությունը «Գյուղերի վերականգնման համալիր ծրագիր» էր իրականացրել, որի համար ֆինանսներ էին տրամադրել սփյուռքահայ բարերարները: Այդ ծրագրում ներառվել էին մարզի քիչ թե շատ հարուստ գյուղերը, օրինակ՝ Իջեւանին մոտ գտնվող Խաշթառակ գյուղը: Իսկ սահմանամերձ շատ գյուղեր, այդ թվում նաեւ՝ Չինարին եւ Այգեձորը, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեին, ծրագրից դուրս են մնացել: Նման կողմնակալ վերաբերմունքը մարզային իշխանությունների կողմից գյուղացիները պայմանավորում են նրանով, որ մարզպետարանում աշխատում են հիմնականում Իջեւանի եւ նրա շրջակա գյուղերի բնակիչները, որոնք իրենց գյուղերին լավ աչքով են նայում՝ առանց հաշվի առնելու, թե որ գյուղն ավելի շատ օժանդակության կարիք ունի:

Իսկ սահմանամերձ գյուղերի խնդիրները բազմազան են: Այգեձորի բնակիչները բողոքում էին, որ արդեն 5 տարի է՝ գյուղի գազիֆիկացումը ձգձգում են. «Մենք բոլոր փողերը հավաքեցինք, տարանք պարտաճանաչ մուծեցինք, ինչ մեզնից հասնում էր՝ արել ենք, բայց գազը չկա ու չկա»:

Այս առնչությամբ համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ «ՀայՌուսգազարդի» հետ բանավոր պայմանավորվածության են եկել, որ սեպտեմբերին աշխատանքները սկսեն: Արդեն մեկ ամսից ավելի է՝ գյուղում գազիֆիկացման ոչ մի աշխատանք էլ դեռ չի սկսվել: Նշենք, որ Այգեձորը բավականին մեծ համայնք է, ժամանակին այստեղ գործել են արտադրական ձեռնարկություններ: Սակայն այսօր բնական գազի բացակայությունը եւ Բերդից մինչեւ գյուղ եկող անանցանելի ճանապարհները խոչընդոտում են գյուղում արտադրության զարգացմանը: Այս խնդիրների լուծման պարագայում կգործարկվի Գյուղմթերքների վերամշակման գործարանը, որը հարակից գյուղերին կձերբազատի բերքի իրացման հետ կապված դժվարություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել