Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 03,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ քսաներեքերորդ

ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ

Վալոդի քառատողը կարդալով՝ երեւի դուք էլ համոզվեցիք, որ պոեզիան ու պոեզիայի ապագան միանգամայն հուսալի ու վստահելի ձեռքերում են, եւ ճիշտ ժամանակին էդ զբաղմունքը թարգեցի, եւ եթե էս խաղադրույքներս էլ հաջողացնեմ թարգել, միանգամայն անմնացորդ կընծայվեմ էս վեպիս, եւ առաջ ընկնելով ասեմ, որ երեկ գիշեր իմ փորձության բուն տարածքում լավ էլ դիմացա եւ եթե չդիմանայի ու ներսումս իննսուն րոպե շարունակ գալարվող սատանային չդիմադրեի, պիտի խաղադրույքս դնեի հենց «Սոսյեդադի» վրա, առանց մտածելու ու հասկանալու, որ երկրորդ խաղակեսում խաղադաշտ էր մտել արդեն հոլիվուդներում պայմանագիր կնքած եւ Կապելոյի ցուցումով արդեն ճամպրուկները կապած Բեքհեմը, որը ո՛չ միայն ամենքիս պես փորձության խնդիր ուներ, այլեւ՝ Կապելոյին ու բոլորիս ապացուցելու ահագին բան, եւ էս փորձություններիս ողջ ընթացքում, կարող եմ ասել, ահագին բան եմ սովորել ու հասկացել. նախ հասկացել եմ, որ անխտիր բոլոր մահկանացուներս ենք մեր Տեր Աստծո փորձություններին ենթակա. նաեւ հասկացել եմ, որ մահկանացուներիցս յուրաքանչյուրը յուրովի է ընդունում ու կրում փորձության իր բաժինը. մեկը դժկամությամբ է կրում, երկրորդը խուճապահար է լինում, երրորդը չի հասկանում՝ որ փորձության մեջ է, չորրորդը լավ էլ հասկանում է՝ բայց չհասկանալու է տալիս, հինգերորդը ոչ միայն հասկանում է՝ այլեւ գրկաբաց ու ցնծությամբ է ընդունում փորձության իր բաժինը, ու էս հինգերորդների մեջ մահկանացուներիցս ամենակատարյալը վերստին Հավատացյալ Խորենն էր, որը մշտապես էր ցնծության մեջ, որովհետեւ վերջնականապես էր հասկացել, որ մեր էս երկրային կյանքն ամբողջովին ու ծայրեծայր մի փորձություն է, եւ չնայած իր էդ հասկացածը ես էլ եմ արդեն իմ չափով հասկացել, բայց իմ հասկանալն ու իմ ցնծությունը մշտական չեն եւ ընդամենը ժամանակ առ ժամանակ են տեղի ունենում ու կայանում եւ էն էլ միայն՝ Պետյայի տված էս ճեփճերմակ թղթերի հետ լիակատար համերաշխությանս պահերին, այսինքն՝ դեպքից դեպք ու ընդամենը է՛ն պահերին, երբ էս բաների մասին խոսում ու ենթադրում եմ, որ ասածս տեղ է հասնելու, եւ «տեղ հասնել» ասելով՝ առաջին հերթին ի՛նձ նկատի ունեմ, այսինքն նկատի ունեմ, որ նախ ինքդ քեզ պիտի կարողանաս համոզել եւ ինքդ քեզ պիտի կարողանաս հավատալ, եւ քո իսկ ձեռքով մխտռված էս ճեփճերմակ թղթերին առնվազն էնքան պիտի հավատաս՝ ինչքան որ նախքան մխտռելն էիր հավատում, եւ եթե համոզվելդ ու հավատալդ չեն ստացվում, միայն ինքդ քեզ պիտի մեղադրես եւ միայն քեզանից պիտի դժգոհես, եւ եթե ցնծությունդ միայն էս ճերմակ թղթերի մատույցներում է կայանում ու էն էլ՝ դեպքից դեպք, դրա մեղավորն էլ ես դու, որ, ի տարբերություն Հավատացյալ Խորենի, ոչ թե բուն կյանքով ու բուն կյանքի մեջ ես ապրում, այլ ընդամենը՝ պայմանականություններով ու պայմանականությունների մեջ, եւ եթե ցնծությունդ երբեմն նաեւ էս ճերմակ թղթերից դենն է կայանում ու տեղի ունենում, էդ նրանից է, որ Աստված մի քիչ էլ քեզ է բաժին հասցրել ուրիշների լավությամբ ուրախանալու եւ ուրիշների ցնծությամբ ցնծալու իր անսահման կարողությունից, եւ էս պահի դրությամբ՝ վերստին ուրիշի ցնծությամբ ցնծալու որոշակի առիթ ունեմ, որովհետեւ էս պահի դրությամբ՝ Ռոնալդոն արդեն իր երկրորդ խաղն է խաղացել «Միլանում» ու «Սիենայի» հետ էդ երկրորդ խաղում ամբողջ երկու գոլերի հեղինակ է դառել, եւ պիտի տեսնեիք՝ ինչպես էր ցնծում ու ինչպիսի՜ ցնծությամբ էր իր բաժին փորձությունը պսակում, եւ ես ու ինքը միանգամայն համեմատելի ենք էն առումով, որ երկուսս էլ մեր հիմնական զբաղմունքի պահերին ենք միայն ցնծում, ու երկուսիս ցնծության պատճառն էլ մեր իսկ անձնական հաջողության առկայությունն է, եւ եթե ինքը չի պատկերացնում, որ իր ցնծությունը Կապելոյի համար իսկական ողբերգություն է, ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ու պատկերացնել, որ իմ էս վեպն ամբողջությամբ ու էս վեպիս հաջողված կտորները ներառյալ՝ շատերի համար արդեն իսկական պատուհաս են, որովհետեւ, եթե էս անվերջանալին իմ աչքին ու իմ ականջին ոչ միայն հաճելի է, այլեւ՝ չափազանց սիրելի, ուրիշների համար արդեն չափազանց ձանձրալի ու չափազանց տաղտկալի մի անվերջություն է, էլ չեմ խոսում էն գրողների ու էն գրագետների մասին, որոնց համար էս անվերջանալի գրամոլությունս լկտի ու անպատկառ ոտնձգություն է գրականության տարածքային ամբողջականության դեմ, ու նաեւ չեմ խոսում էն գրողների ու էն գրագետների մասին, որոնք ամեն Աստծո շաբաթ «Առավոտի» իմ էս սեփականաշնորհած բացվածքին բախվելիս՝ մտովի էս բացվածքի տարածքով մեկ իրենց ոտանավորներն, իրենց արձակն ու իրենց մշակութաբանական հոդվածներն են պատկերացնում, եւ չնայած քիչ առաջ փորձությունից ու հոգեւոր այլեւայլ վիճակներից էի խոսում, բայց ահա՝ ընդհուպ մոտեցել եմ գլուխգովանության ու սնապարծության մատույցներին ու էս մատույցներում, ահա, վերստին սկսում եմ հասկանալ, որ Հավատացյալ Խորենն՝ ի տարբերություն ինձ, ֆուտբոլիստների, ֆուտբոլասերների ու ֆուտբոլի հետ որեւէ կապ չունեցողների, ոչ թե՝ նաեւ ուրիշների ուրախությամբ ու երջանկությամբ էր ուրախանում ու երջանկանում, այլ իր ուրախությունն ու երջանկությունը հենց ուրիշների՛ ուրախությունն ու երջանկությունն էին, որովհետեւ, ի տարբերություն մեզ, ինքն անձնական որեւէ խնդիր չուներ, ավելի ճիշտ՝ ուներ, եւ իր անձնական խնդիրը մենք էինք, եւ իր կյանքը ոչ թե պայմանականություններից էր բաղկացած, այլ՝ մեզնից ու մեր խնդիրներից, եւ իր սերն էնքան շատ էր, որ բոլորիս ու հատկապես իրեն ծաղրողներին էր հերիքում, եւ ինքը հատկապես իրեն ծաղրողներին եւ իրեն արհամարհողներին էր սիրո ամենամեծ բաժինը հատկացնում ու հեչ վեջն էլ չէր, որ իր սերը շատերի կողմից ոչ միայն չէր ընկալվում, այլեւ՝ չէր էլ ընդունվում, որովհետեւ մենք միայն ուժեղներից ու ազդեցիկներից ենք սեր ակնկալում ու ընդունում, մինչդեռ Հավատացյալ Խորենն ուժեղներից ամենաուժեղն ու ազդեցիկներից ամենաազդեցիկն էր, ու էդ պարզ բանը ոչ միայն իրեն ծաղրողներն ու իրեն արհամարհողները չէին հասկանում, այլեւ՝ ես ինքս, եւ որ հիմա էս բաներն ասում ու գրում եմ, դա ոչ թե հասկանալուցս է, այլ՝ անելանելի ու անորոշ վիճակիցս, եւ եթե Հավատացյալ Խորենը ոչ միայն ստույգ գիտեր՝ ուր է գնում, այլեւ հաստատ գնաց հենց էնտեղ՝ ուր որոշել ու տրամադրվել էր գնալ, ես ոչ միայն չգիտեմ՝ ուր եմ գնալու ամենավերջում, այլեւ չգիտեմ՝ ուր եմ գնալու էս օրական պարտադիր էջս գրելուց հետո, եւ եթե սրանից երկու տարի առաջ իմ էս անելանելի վիճակներում գնում էի Կաթողիկե եկեղեցի, ուր ժամը երեքից հետո մշտապես կարող էի հաղորդակցվել Հավատացյալ Խորենի հետ, հիմա՝ էս պահին դեռեւս հստակ չգիտեմ՝ էս էջս լրացնելուց հետո ուր եմ գնալու, չնայած հենց էս նախադասությունը գրելու ընթացքում մտքովս արդեն անցավ գնալ Կաթողիկե եւ սիրտս ու հոգիս մի քիչ թեթեւացնել Տեր Ավետիսի հովանավորությամբ ու ընկերակցությամբ, եւ հիմա արդեն պիտի շտապեմ, որովհետեւ Տեր Ավետիսը սրտի վիրահատությունից հետո մի քիչ շուտ է տուն գնում, ու էս պահի շտապողականությունս միանգամայն տեղին է, որովհետեւ, զգացել եմ, սրտի վիրահատությունից հետո Տեր Ավետիսն աշխարհիկներիս կարիքն ավելի է զգում, եւ չնայած նախկինում է՛լ ինքն ինձ ընդամենը հոտի ոչխար չէր համարում, հիմա ավելի ու ավելի է մարդատեղ դնում, եւ սրտի վիրահատությունն, ինչքան էլ տարօրինակ է, իրեն ոչ թե պայմանականությունների խորխորատն է խրել, այլ, ընդհակառակը, հնարավորինս ազատագրել ու անկախացրել է պայմանականություններից, եւ պայմանականություն որ ասում եմ, ոչ թե ծխելն ու խմելը նկատի ունեմ, այլ, առաջին հերթին, է՛ն տարածությունն ու հեռավորությունը, որ սովորաբար գոյություն ունեն մեր Առաքելական եկեղեցու սպասավորների եւ հոտի շարքային անդամներիս միջեւ, իսկ ինչ վերաբերում է ծխելուն ու խմելուն, ինքը նախկինում էլ խմիչքն առանձնապես չէր չարաշահում ու էսօրվա դրությամբ ծխելն էլ ահագին պակասեցրել է, եւ սրանք է՛լ են, իհարկե, պայմանականություններ, բայց սրանք պայմանականություններ են առաջին հերթին աշխարհիկներիս ու անհավատներիս համար, եւ չնայած եկեղեցու սպասավորների մեջ էլ են անհավատներ լինում, բայց Տեր Ավետիսը հավատավորներից է, ու նաեւ իր հավատավոր լինելն էր պատճառը, որ Հավատացյալ Խորենը եկեղեցապատկան է՛դ տարածքն էր նախընտրել ու ընտրել, եւ չնայած Տեր Ավետիսը խմիչքի նկատմամբ առաջ էլ էր չափավոր, բայց առաջ էլ ու հիմա էլ ընկերական շրջապատի ու աշխարհիկներիս ընկերակցության կարիքն ունի, եւ քանի որ իսկական հավատավոր է, առավոտից իրիկուն միայն հավատքից ու երկնքի արքայությունից չի խոսում եւ, ընդհակառակը, առավելապես երկրային կյանքից ու երկրային մեր խնդիրներից է խոսում, եւ չնայած ինքը շրջապատի ու կյանքի մարդ է, բայց նույնիսկ վիրահատությունից հետո իր կյանքի վրա առանձնապես չի դողում, մի խոսքով՝ է՛ն տերտերներից չի, որ առավոտից իրիկուն մեր մեղքերից ու երկնքի արքայությունից են խոսում, բայց հենց պերերիվի խաշլաման մի քանի րոպեով ուշանում է, ամենախորը ճգնաժամի մեջ են հայտնվում, եւ չնայած Տեր Ավետիսն առավոտից իրիկուն երկնքի արքայությունից չի խոսում, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ իր խոսքն Աստծուն լավ էլ հասնում է, ու էս վկայությունս միանգամայն հավաստի հիմքեր ունի, որովհետեւ, երբ մեծ աղջիկս Գեղարվեստի ակադեմիա էր ընդունվում, Տեր Ավետիսին խնդրեցի՝ մի քանի խնդրանք հղեց առ Աստված, եւ մեծս հեշտուհանգիստ ընդունվեց, մինչդեռ հաջորդ տարի նույն Գեղարվեստի ակադեմիայում փոքրիս առումով որոշ դժվարություններ առաջացան, որովհետեւ փոքրիս ընդունվելու օրերին Տեր Ավետիսը հիվանդանոցում վիրահատության էր, եւ երբ էդ մասին մոմավաճառ Բեատրիչեից տեղեկացա, անմիջապես մի մեծ մոմ առա ու տեղում վառեցի եւ ահագին ժամանակ Տիրոջից առողջություն ու անվտանգություն էի աղերսում իր իսկ սպասավորի համար, ու էդ պահին Տեր Ավետիսի առողջականով էնքան էի շահագրգիռ, որ նույնիսկ չէի գիտակցում իրավիճակի զավեշտը, այն է՝ անհավատ մեկը հավատավոր մեկի համար աղոթում ու Աստծուց շատ որոշակի բան է խնդրում, եւ չնայած էս պահին արդեն էդ իրավիճակի ողջ զավեշտն ընկալում ու հասկանում եմ, բայց չեմ կարծում, թե՝ էդ աղոթքս սխալմունք էր, ու նաեւ չեմ կարծում, թե՝ էդ աղոթքս անիմաստ ու անտեղի էր, ու նաեւ չեմ կարծում, թե՝ Տեր Ավետիսն էդ աղոթքիս կարիքն ու պահանջը չի զգացել, որովհետեւ ցանկացած մարդ՝ հավատավոր թե անհավատ, էս կյանքում միջնորդի կարիք ունի, քանի որ այլ բան է՝ երբ ուրիշն է քեզ համար միջնորդում ու բարեխոսում, եւ միանգամայն այլ բան է՝ երբ ինքդ քեզ համար ես մեկից մի բան խնդրում, առավել եւս՝ երբ էդ մեկն Աստված է, եւ էդ պահին հեչ մտքովս չէր անցնում, որ խնդրանքիս օբյեկտն ու առարկան հոգեւորական է, այսինքն՝ մի մարդ, ում երկրային շուրջօրյա առաքելությունը մեղավորներիս համար Աստծուց ինչ-ինչ բաներ խնդրելն է, եւ չնայած Տեր Ավետիսը մեծիս ընդունելության հարցով դիմել ու հաջողել էր, բայց անցյալ տարի մոռացել էր իր իսկ որդու իրավաբանականի հարցով դիմել ու խնդրել, եւ ահա՝ Կաթողիկեի հարազատ կամարների ներքո, ես Տեր Ավետիսի ողջության ու առողջության համար էի աղոթում ու աղերսում, եւ քանի որ «Հայր մերից» զատ այլ եկեղեցական ու կրոնական պատրաստի տեքստեր չգիտեի, «Հայր մերից» հետո էլ շարունակեցի մրմնջալ՝ աշխարհաբար աղերսներ մոգոնելով. այսինքն, տեղում ու ոտի վրա մի բոլ ստեղծագործեցի եւ էդ պահերին ու դրանից հետո էլ իմ էդ ստեղծագործությանն անմնացորդ հավատում էի, ու որ էդ էքսպրոմտս մրմնջացի պրծա, հետ-հետ գնալով՝ դուրս եկա եկեղեցուց եւ Սայաթ-Նովայի ու Աբովյանի խաչմերուկում միայն մտածեցի, որ մոմավաճառ Բեատրիչեից պիտի ճշտեի Տեր Ավետիսի հիվանդանոցն ու պալատը, բայց չվերադարձա եւ չճշտեցի ու մտածեցի՝ մեր ընդհանուր ընկերներից՝ Մարսելից կամ Ժոզեֆից կճշտեմ ու հենց իրենց հետ էլ հիվանդանոց կգնամ, բայց էդ էլ չարեցի՝ երեւի էն պատճառով, որ ներքուստ բավարարված էի ու մտածում էի՝ Տեր Ավետիսի առումով ինձնից պահանջվածն արդեն արել եմ, եւ, որ ամենակարեւորն է, ներքուստ զգում էի՝ որ աղերսս ու խնդրանքս տեղ են հասել, եւ երբ հաջորդ առավոտ Կաթողիկե մտա ու Բեատրիչեին Տեր Ավետիսի առողջականի մասին հարցուփորձ արի, ասաց՝ «ամեն ինչ նորմալ է, եւ երեւի մի շաբաթից դուրս գրվի», եւ երբ մի շաբաթից Տեր Ավետիսին զանգեցի՝ արդեն տանն էր, եւ երբ ձայնս լսեց՝ շատ ուրախացավ, մինչդեռ կարծում էի՝ նեղացած կլինի, որ էդ ընթացքում հիվանդանոց ու հիվանդատես չեմ գնացել, եւ երբ ձայնս լսեց ու ճանաչեց՝ շատ ուրախացավ ու զվարթացավ, եւ երբ արդեն խոսել պրծել էինք, ինձ շատ թեթեւացած էի զգում՝ մտածելով, թե մարդիկ ինչքան ներողամիտ են իմ հանդեպ եւ ինչքան քիչ բան են պահանջում ինձանից, եւ շատ էլ ճիշտ են անում՝ որ շատ բան չեն պահանջում, եւ մանավանդ Տեր Ավետիսն ավելին պահանջելու իրավունք չուներ, որովհետեւ իր առումով հնարավորություններիս սահմանն անցել ու արել էի ավելին, քան՝ ինձնից սպասվում ու պահանջվում էր, եւ չնայած ասացի, թե՝ մարդիկ իմ հանդեպ ներողամիտ են եւ ինձանից առանձնապես մեծ բաներ չեն ակնկալում ու պահանջում, բայց հիմա անմիջապես հիշեցի, որ Տեր Ավետիսից ու չպահանջողներից զատ՝ այլ մարդիկ է՛լ կան, ովքեր ինձ երբեւէ չեն ներել ու առաջիկայում էլ էդպիսի մտադրություն չեն ունենալու եւ առաջիկայում է՛լ են ինձանից անհնարինը պահանջելու, եւ սրանք հիմնականում է՛ն մարդիկ են, ովքեր առավոտից իրիկուն ինձ ու ձեզ անհավատության ու անաստվածության մեջ են մեղադրում, եւ սրանք էն հավատաքննիչներն ու գնահատողներն են, որոնցից մեկնումեկին անգամ որեւէ եկեղեցում տեսած չկամ՝ բացառությամբ էն դեպքերի, երբ որեւէ պատվիրակության կազմում Վեհափառի մոտ մտնելուց առաջ կամ հետո ստիպված են լինում Մայր տաճար ոտք դնել, եւ ահա սրանք են իմ ու ձեր մշտական հավատաքննիչներն ու գնահատողները, եւ չնայած իսկապես ու մշտապես տոչորվել եմ հավատքիս քչության պատճառով, եւ չնայած դուք է՛լ եք վկա, որ հավատքիս քչությունից էսպես շարունակաբար տառապում ու գալարվում եմ, այդուհանդերձ, հեչ համաձայն չեմ, որ հավատաքննիչներս, գնահատողներս ու դասատուներս սրանք լինեն, որովհետեւ սրանց ապրածն ու արածները ոչ միայն հայ քրիստոնյայի տեսանկյունից են զազրելի ու պախարակելի, այլեւ՝ մուսուլմանության եւ այլ կրոնների տեսանկյունից, քանզի սրանք շարունակաբար շնանալով կամ սուտ խոսելով՝ ոչ թե մյուս մեղավորներիս պես ընդամենը պատվիրան են խախտում ու շրջանցում, այլ հերթական պատվիրանը խախտելու ու շրջանցելու պահին ինձ ու բոլորին նույն էդ պատվիրաններն են ուսուցանում եւ սովորեցնում, եւ եթե իրենք քեզ սովորեցնում են՝ սիրիր մերձավորիդ, ուրեմն՝ ընդամենը մի քանի ժամ առաջ իրենց իսկ մերձավորին դավաճանել են, եւ չնայած առավոտից իրիկուն ինձ ու բոլորիդ ասում են՝ մի՛ սպանիր, իրենք առավոտից իրիկուն էդ գործով են զբաղված եւ ինձ ու բոլորիդ ոչ թե պարզապես ասում են՝ «մի՛ սպանիր», այլ միայն՝ «մի՛ սպանաներ», որպեսզի չլինի թե՝ իրենց ասածը որեւէ մեկը հասկանա, եւ «Հայր մերն» էլ բացառապես գրաբար են արտասանում վերստին նույն պատճառով, եւ «Հայր մերն» աշխարհաբար ու հասկանալի շշնջացողներիս էլ մշտապես արհամարհում ու վերեւից են նայում, եւ սրանք ներքեւից են նայում միայն ու միայն նրանց՝ ովքեր «Հայր մերը» որեւէ կերպ չեն արտասանում, որովհետեւ չգիտեն, ընդ որում՝ ոչ թե տեքստը չգիտեն, այլ էդ տեքստի գոյությունից են անտեղյակ եւ անտեղյակ են էն պարզ պատճառով, որ մեր էս մշտական դասատուներն ու հավատաքննիչները երբեք չեն հանդգնում որեւէ բան սովորեցնել որեւէ բան չիմացողներին, այլ միայն ու բացառապես նրանց՝ ովքեր իրենցից լավ գիտեն ամեն ինչ, եւ չնայած վկա եք, որ մի ամբողջ հատոր գրեցի ու չղմշեցի ձեզ հրամցնել Դանիկի հայհոյանքը, այդուհանդերձ, էդ մշտական հավատաքննիչներն ու դասատուներն ինձ նաեւ հայհոյախոսության մեջ են մեղադրում, մինչդեռ իրենց բերաններից հայհոյանքից զատ այլ բան դուրս չի գալիս, եւ շնանալու ու բազմակնության հարցերում էլ են մահմեդականներին իրենցից ահագին հետ թողել, եւ ուրիշներին դատելու տեսանկյունից էլ մահմեդականների մեջ հավասարը չունեն, եւ հիմա, ահա, ինքս ինձ փաստի առաջ բռնելով՝ սկսում եմ մտածել, որ եթե մի քիչ էլ էսպես ու էս ոգով շարունակեմ, ինքս էլ դրանց պես հավատաքննիչ ու դեսպոտ կդառնամ, որովհետեւ, եթե դրանցից մեկնումեկը երբեւէ որոշեր էսպիսի անծայրածիր մի վեպ գրել, ծայրեծայր էս ոգով ու էս շնչով էր գրելու, այսինքն՝ միայն ուրիշների մասին եւ միայն ուրիշների դեմ, որովհետեւ երբեւէ իրենց բուն անելիքը չեն իմացել եւ չեն էլ ցանկացել իմանալ, այլ միայն՝ ուրիշների արածներն ու մանավանդ չարածները, եւ եթե էսաստիճան ամոթխածիս են հայհոյախոս անվանում, պատկերացրեք՝ ուրիշների մասին ինչեր կասեն, ու էս առթիվ չեմ կարող վերստին չհիշել Բիձու ասածը՝ «քաջե՛ր, մենք ո՛չ թե մեր արածների համար ենք պատասխան տալու, այլ՝ չարածների», եւ Բիձու էդ ասածը վերստին հիշելով ու ձեզ հիշեցնելով՝ հիմա անմիջապես պիտի դադարեցնեմ էս ասեկոսեներս, որովհետեւ անձամբ ինձ համար ամենաոսկե օրենքը «մի՛ դատիր, որ չդատվես»-ն է, եւ եթե էս ոգով ու էս շնչով մի քիչ էլ շարունակեմ, ինքս էլ հավատաքննիչ ու դատավոր կդառնամ, եթե, իհարկե, արդեն չեմ դառել, եւ եթե դեռ չեմ դառել ու առաջիկայում հաջողացնեմ զսպել ինձ, միգուցե վերստին հայտնաբերեմ ու վերագտնեմ բուն անելիքս ու ասելիքս, որովհետեւ, էլի եմ ասում, հավատաքննության նոպաների մեջ հայտնվում են հիմնականում նրանք, ովքեր վերջնականապես զրկված են որեւէ այլ զբաղմունքից ու անելիքից, եւ էս պահին էս վտանգն ինձ չի սպառնում, որովհետեւ հատկապես էս պահին լավ գիտեմ անելիքս. ես հիմա թղթերս մի կողմ կդնեմ, մի կտոր բան կուտեմ, կհագնվեմ, կիջնեմ փողոց, թիվ յոթ երթուղայինը կնստեմ եւ ոչ թե որեւէ բուքմեյքերական կգնամ, այլ ուղիղ Կաթողիկե՝ Տեր Ավետիսի մոտ:

Էդպես էլ արեցի եւ չէի կարող էդպես չանել, որովհետեւ, չնայած վերոնշյալ մտքերս էի արտահայտում ու գրում, բայց մտքով միանգամայն այլ տեղ էի, ավելի ճիշտ՝ մտքով ոչ մի տեղ էի, իսկ ավելի ստույգ՝ մահվան տարածքներում էի, եւ «ոչ մի տեղ» ասելով՝ հենց մահվան տարածքը նկատի ունեմ, եւ մահվան մասին «Քլիվլենդի» ու ոստիկանների էն գիշեր սկսեցի մտածել, եւ չնայած ոստիկաններին հանդիպելուց հետո սրտխփոցներս զգալիորեն թուլացան, եւ չնայած էդ գիշեր բավական լավ քնեցի, բայց նախքան քնելս արդեն սկսել էի մահվան մասին մտածել, ու երազիս մեջ անծանոթ ու անորոշ ինչ-որ տարածքներում էի թրեւ գալիս, եւ չնայած բավական առույգ ու զվարթ զարթնեցի, բայց «Քլիվլենդին», ոստիկաններին ու երազս հիշելով եւ իրար կապելով՝ վերստին սկսեցի մահվան մասին մտածել, եւ չնայած էսքան ժամանակ մի գլուխ ուրիշ բաներ եմ ասում ու գրում, բայց մտքով շարունակաբար մահվան մեջ եմ ու շարունակաբար մահվան մասին եմ մտածում, եւ չնայած էդ երազս չափազանց անորոշ ու չափազանց ընդհանրական էր, բայց էդ երազից դեսն արդեն ահագին ժամանակ է՝ չափազանց ստույգ ու չափազանց մանրակրկիտ եմ մահվան մասին մտածում, եւ էս մտածմունքս սկիզբ առավ «Քլիվլենդից» ու ոստիկաններից անմիջապես հետո, այսինքն՝ քնելուցս ու երազիցս առաջ, եւ չնայած միանգամայն նորմալ քնեցի ու շատ առույգ էլ զարթնեցի, բայց նախքան քնելս հույս չունեի՝ թե կքնեմ, ու առավել եւս հույս չունեի՝ թե քնելու դեպքում բարեհաջող կզարթնեմ, եւ երբ բարեհաջող ու առույգ զարթնեցի՝ ահագին զարմացած ու ուրախ էի, եւ դա էնպիսի՛ զարմանք ու ուրախություն էր՝ ինչպիսին կարող է ունենալ մարդ արարածն իր մորից ծնվելուց ու լույսաշխարհ գալուց անմիջապես հետո, եթե, իհարկե, ծնվելու պահին օժտված լինի չափահասի իմացությամբ ու տհասի լավատեսությամբ. այսինքն, իր ծննդյան իրողությունը գիտակցելով հանդերձ՝ չհասկանա, թե էդ պահից դենն իրեն ինչեր են սպասվում, եւ ահա՝ բարեհաջող ու առույգ զարթնելուցս հետո՝ նախքան «Քլիվլենդին», ոստիկաններին ու երազս հիշելը, ես իմացությամբ ու լավատեսությամբ լեցուն էդ երեւակայական նորածնի վիճակում էի, եւ երբ սկսեցի «Քլիվլենդին», ոստիկաններին ու երազս հիշել, անմիջապես լրջացա, եւ չնայած էդ գիշերվա երազս միանգամայն անորոշ ու գրեթե անհիշելի էր, այդուհանդերձ, որոշակիորեն հասկանում ու գիտակցում էի, որ երազիս մեջ մահվան տարածքներում ու ոլորտներում էի գտնվում, որովհետեւ դրա նախորդ գիշեր ԱԼՄ-ին հյուրընկալված մի երազաբան ժամերով խոսում էր էն մասին, որ մահկանացուներս մեր երազներում սովորաբար ու հիմնականում տեսնում ենք այն, ինչի մասին քնելուց առաջ մտածած ենք լինում, եւ չնայած էդ պահի դրությամբ «Քլիվլենդն» ու էդ երազն իմ կյանքում դեռեւս չէին եղել, այդուհանդերձ, ԱԼՄ-ի եթերից մրմնջացող էդ երազաբանի ասածները հավատ էին ներշնչում, մանավանդ որ՝ էդ երազաբանն ինձ ու մյուս արթուններին երազների էությունն ու խորհուրդն էր բացատրում գիշերվա երկուսից ահագին անց, երբ ԱԼՄ-ի հիմնական հեռուստադիտողներն արդեն երազների մեջ էին, եւ հիմա՝ էս մասին գրելիս եմ միայն հասկանում ու ըմբռնում, որ ԱԼՄ-ի երազաբանի կեսգիշերային էդ ամբողջ երազաբանությունն ու երազահանությունն ԱԼՄ-ի՝ նույն առավոտվա եթերի մեկին մեկ կրկնությունն էր, այսինքն, եթե ես նախքան երազս էի տեսնում ու լսում երազաբանին, ուրիշներն էդ բանն արել էին զարթնելուց ու երազից անմիջապես հետո, այսինքն՝ ես արդեն մի քանի ամիս է՝ ԱԼՄ-ի եթերով կեսգիշերին տեսնում ու լսում եմ էն ամենը, ինչն ուրիշներն առավոտներն են իրենց միանգամայն արթուն ականջներով լսում ու միանգամայն բաց աչքերով տեսնում, ու ես, որ առաջներում զարմանքով էի վերաբերվում Արշակին, Վասակին ու առավոտվա տասնմեկից ուշ զարթնող այլոց, արդեն մի քանի ամիս է՝ ինքս եմ տասնմեկին ու ավելի ուշ զարթնում, որովհետեւ տաքերն ընկնելու հետ՝ բուքմեյքերական խաղերը մինչեւ գիշերվա մեկը ձգվում են, եւ ԱԼՄ-ի էս գիշերային կրկնություններն էլ առնվազն մինչեւ երեքն են ձգվում, ու երեքից հետո եմ միայն պառկում քնելու, եւ չորսի կողմերն է միայն քունն աչքերիս մոտ գալիս, եթե, իհարկե, գալիս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել